Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահական ընտրություններից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց. «Ես վստահ եմ, որ իշխանության դեմքը փոխվելու է: ...Վաղուց է հասունացել իշխանության ներսում որոշակի փոփոխություններ կատարելու պահը' բոլոր այն ճյուղերում, որոնց կազմավորման գործընթացը պայմանավորվում է նոր ընտրություններով, նախագահի հետընտրական լիազորություններով»:
Դրան անմիջապես հաջորդեց «ֆեյսբուքում» ՄԻԱԿ կուսակցության խորհրդի անդամ Գերասիմ Բարսեղյանի արձագանքը. «Փոփոխությունների պահն այլևս հասունացած է։ Ընդ որում, խոսքը բնավ չի վերաբերում միայն կադրային փոփոխություններին ու տեղաշարժերին, որոնք, գուցե, որոշակի թարմություն են հաղորդում պետական կառավարման համակարգին, սակայն մեծ հաշվով, չեն լուծում արդյունավետ կառավարման գերխնդիրը»: Ըստ էության, Բարսեղյանը գրեթե հաստատում է, որ իշխանության ներքին փոփոխություններ ասվածի ներքո առաջին հերթին նկատի է առնվում հենց կադրային փոփոխությունների ակնկալիքը:
Եվ ահա դրանից օրեր անց, փետրվարի 26-ին ԱԺ-ում ելույթով է հանդես գալիս նախկին ՄԻԱԿ-ական, ներկայիս ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Երկրում սկսված հետընտրական զարգացումները որակելով «պետական-հանրային կյանքում առկա հոռի բարքերին ու հակապետական միտումներին անհամաձայնություն» հայտնելու գործընթաց' ելույթում նա նշում է. «Երեկոյան իրար բերանից հայրենասիրական ճառեր ու կենացներ թռցնելու, իսկ կեսօրին այդ նույն Հայրենիքի ապագան գողանալու գործելաոճի ժամանակն անցել է: Հղփացած, լճացած, իրենք իրենցից հոգնած, անգիտակից ու հետադեմ պաշտոնյայի ժամանակն անցյալում է: Այն, ինչ ունի սկիզբ, ունի եւ վերջ»:
Որ իշխանական կամ իշխանամերձ երիտասարդ, կարիերիստ քաղաքական գործիչները հետընտրական այս շրջանում տարբեր ձևակերպումներով զարգացնում են «իշխանության դեմքը փոխելու» կոնցեպցիան, պատահական չէ: Առաջին հերթին սա կարող է մանիպուլյացիոն նշանակություն ունենալ' հետընտրական կրքերը զսպելու, այսպես ասած' «քաղաքացու» անունից հանդես գալու նախաձեռնությունը հանրությանը փողոց հանող ընդդիմությունից խլելու և ընդհանուր առմամբ' «գոլորշի բաց թողնելու» առումով: Սա կարող է ակնարկ լինել այն մասին, որ իշխանությունը ևս հասկանում է փոփոխությունների անհրաժեշտությունը և դա, իբրև պահանջ, արդեն իսկ ձևակերպվում է նոր վերաձևավորվելիք իշխանության առջև:
Սակայն մյուս կողից սա վկայում է, որ իշխանության ներսում սկիզբ է առել կամ առնում դիրքային մի դիմակայություն, որի մի կողմում այսպես կոչված «երիտասարդ», ամբիցիոզ գվարդիան է, իսկ մյուս կողմում' «հղփացած, լճացած, իրենք իրենցից հոգնած, անգիտակից ու հետադեմ», բայց իրենց դիրքերը ոչ մի կերպ զիջել չցանկացող վետերանների կամ հնաբնակների հանրույթը: Եվ ըստ ամենայնի' իշխանական նեոկոմսոմոլները, վերջիններս ասպարեզից հանելու համար որոշել են անցնել վճռական գրոհի, փորձելով օգտվել դրա համար առկա աննախադեպ նպաստավոր իրադրությունից:
Իշխանության «երիտդասակարգը» փորձ են լուծել երկու մարտավարական խնդիր: Նախ' ընտրություններում Սերժ Սարգսյանի փաստացի տապալման և ներքաղաքական իրավիճակի ապակայունացման պատասխանատվությունը նրանք հրապարակայնորեն, բայց առայժմ անուղղակիորեն փորձոմ են բարդել վետերանների վրա: Նրանք նրբորեն զարգացնում են այն գաղափարը, որ տուրք տալով իրենց «հոռի և հակապետական բարքերին», վերջիններս ընդամենը այնքան են հեռացել հասարակությունից ու քաղաքացուց, որ հարուցել են իշխանության և նրա լիդերի հանդեպ համատարած հիասթափությունն ու անտիպատին, ինչն էլ դրսևորվեց քվեարկության արդյունքներով և դրանից հետո ծավալվող ըմբոստության ալիքի տեսքով: Այս իմաստով նրանց համար ՀՀԿ-ական մարզպետների, քաղաքապետների իրական և հնարավոր հրաժարականները, դրանց նկատմամբ իշխող կուսակցության ներսում առկա լոյալ վերաբերմունքը կարծես ապացուցողական հիմքեր են ապահովում:
Երկրորդ' այս ամենն ի ցույց դնելով' իշխանության երիտասարդական գվարդիան փորձում է չափավոր ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի նկատմամբ' կարծես փորձելով հասկացնել, որ եթե ցանկանում է դուրս գալ հետընտրական այս ճգնաժամային իրադրությունից, ապա առաջին և ամենակարևոր քայլը նման դեմքերից ազատվելն ու, կառավարման համակարգին, ի դեմս իրենց, նոր կադրերով նոր շնչառություն հաղորդելն է, որը կարող լինել նաև կոմպրոմիսային տարբերակ ընդդիմության հետ հարաբերություններում: Ընդ որում' Աշոտյանի հայտարարությունը վկայում է, որ երիտգվարդիայի հավակնություններն առայժմ հիմնականում կապված են գործադիր իշխանության պորտֆելների հետ: Պահի առանձնահատկությունն այն է, որ ընդամենը մեկ ամսից, նախագահի երդմնակալությունից հետո, Սերժ Սարգսյանը նոր Կառավարություն է ձևավորելու:
«Ջահելների» այս գրոհին հակադարձելու մեծ ռեսուրսներ իշխանության վետերանների իսկապես ներքուստ փտած, ծայրաստիճան անգործունակ ու անարդյունավետ համակարգը չունի, թեև պարզ է, որ վերջինս ատամներով է փորձելու պահել ունեցած հեգեմոնիան: Այաժմ, սակայն պարզ չէ' ինչպես: Սակայն մեծ հաշվով նրանից ոչինչ կախված չէ: Վերջին հայտարարություններից մեկում Սերժ Սարգսյանը կարծես թե փորձեց տարանջատվել ու նույնիսկ հակադրվել այս շերտին: Իհարկե, դա ավելի շատ արվեց քարոզչության համար: Սակայն Սերժ Սարգսյանը այդպիսով հասկացրեց, որ ոչ թե ինքն է կախված լինելու այդ շերտից, այլ վերջիններս' իրենից: Դա է պատճառը, որ երիտիշխանավորները այս շրջանակին վերաբերվում են ոչ թե որպես իրական հակառակորդների, այլ' քավության նոխազների, որոնց «դիակների» վրայով բարձրանալով են ձգտում հագուրդ տալ իրենց կարիերիստական ամբիցիաներին: Եվ զարմանալի չէ, որ Սամվել Ֆարմանյանը փոփոխություններ անելու կոչով ոչ թե դիմում է իր ավագ գործըկերներին, այն ուղղակի հենց գործող նախագահին: Ամեն դեպքում պարզ է, որ իշխանության ներսում սկսված այս դիմակայությունը առաջիկայում նորանոր ելևէջումներ է ունենալու, որոնք կազդեն նաև Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության վրա:
Սակայն անկախ նրանից' որքանով կիրագործվի իշխանության ներքին սերնդափոխության կամ «դիմափոխության» այս պլանը, դրանից էական բան չի փոխվելու: Գուցե սեփական ընտրողներին «անգիտակիցներ» անվանող քաղաքապետներ չլինեն, բայց նրանց փոխարեն գալու են նոր մարդիկ, ովքեր այդ համոզմունքն իրացնելու են ավելի նուրբ ու թաքնված տեխնոլոգիաներով: Որովհետև' այս շրջանակները, մկրտությունն ստանալով ներկայիս նոմենկլատուրային «դպրոցում», իրենց մեջ կրում են վերջինիս աղավաղված արժեքների, կեղծ ժողովրդավարության, նույնքան հոռի բարքերի ողջ կոդային համակարգը: Դա լինելու է ոչ թե որակական փոփոխությունների, այն ընդամենը բառի բուն իմաստով ընդամենը պարզ դիմակափոխության կամ պաշտոնակռվին ուղղված մի ցուցահանդես:
Գևորգ Աղաբաբյան