կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-26 19:36
Քաղաքական

Սա քաղաքական շառլատանություն է. Ռուբեն Հակոբյան

Սա քաղաքական շառլատանություն է. Ռուբեն Հակոբյան

«ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ընտրությունների իրական պատկերը: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Կեղծված ընտրությունների արդյունքում հանրապետության գրեթե ողջ տարածքով բարձրացել է ժողովրդական ընդվզումի հզոր ալիք' ժողովրդի տված իրական քվեներով իշխանություն ձևավորելու պահանջով, որը մեր Սահմանադրության հրամայական նորմերից է»,- ԱԺ այսօրվա նիստում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

 

Նրանց, ովքեր չեն հավատում կեղծմանը, Ռուբեն Հակոբյանը բերել է մի շարք գյուղական տեղամասերի տվյալներ. «223 ընտրական տեղամասերում ընտրություններին, ըստ համապատասխան արձանագրությունների, մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 83.13%-ը, որից 10.78%-ն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 81.61%-ը՝ Սերժ Սարգսյանին: 46 ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 93.57%-ը, որից  6. 72%-ն իր ձայնը տվել է Րաֆֆի  Հովհաննիսյանին, իսկ 92.18%-ը՝ Սերժ Սարգսյանին: Իսկ առավել անթաքույց զավեշտն այն է, որ հինգ տեղամասերում ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 100%-ը, որտեղ միջին հաշվով 5.28%-ը ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 93.33%-ը՝ Սերժ Սարգսյանին: Կա տեղամաս, որտեղ ընտրողների 100%-ը  մասնակցել է ընտրություններին, և 100%-ն էլ ձայները տվել են Սերժ Սարգսյանին:

 

Սրանք գյուղական բնակավայրեր են: Կարծում եմ' տեղյակ եք, որ գյուղերից կրկնակի արտագաղթ է կատարվել: Նրանց մի մասը տեղափոխվել են շրջկենտրոն կամ, հիմնականում, Երևան, իսկ մի մասն էլ ընդհանրապես լքել է Հայասատանը: Մեր գյուղերի բնակիչների կեսից ավելին արտագաղթել է: Իրենց բնակավայրերը պարտադրված լքած Հայաստանի քաղաքացիների հաշվին եք դուք «հաղթել» ընտրություններում: Իսկապես քաղաքական շառլատան պետք է լինել այս փաստերի հետ հաշվի չնստելու համար»:

 

Անդրադառնալով միջազգային դիտորդների գնահատականին՝ Ռուբեն Հակոբյանը նշել է. «Ընտրությունների ընթացքին դրական գնահատական է տրվել նաև մի շարք եվրոպական կառույցների դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից: Հիշեցնեմ, որ դրանք  նույն այն կառույցների ներկայացուցիչներն են, որոնք անթաքույց շատ դեպքերում մեր ազգային շահը վաճառել են մեր թշնամիներին: Եվ Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները բազմիցս ճշմարտացիորեն նրանց բնորոշել են որպես «խավիարակերներ»: Հավատացեք, որ այդ «խավիարակերը» Հայաստանում էլ նույն «խավիարակերն» է: Հասկանալով դիվանագիտական խոսքի արժեքն ու որոշակիորեն տիրապետելով դիվանագիտական բառամթերքին, դրանով հանդերձ հայտարարում եմ, որ ներկայացրած այս և նմանատիպ բազմաթիվ փաստերի առկայության դեպքում, երբ  արձանագրում են, որ Հայաստանում տեղի են ունեցել մեկ քայլ առաջով արդար ընտրություններ,  ուղղակի արհամարհում եմ բոլոր այդ կազմակերպությունների կողմից տրված դրական բոլոր գնահատականները»:

 

Ռուբեն Հակոբյանը նաեւ դիմել է Սերժ Սարգսյանին՝ ասելով. «Կեղծված ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է բավականին լարված իրավիճակ: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկություններին Ձեր կողմից «ոչ»-ով արձագանքելը վտանգավոր փուլ է տեղափոխում զարգացումների ընթացքը: Դուք պարտավոր եք ցուցաբերել իմաստնություն և խոհեմություն, պատրաստակամություն, կոմպրոմիսային քայլեր ձեռնարկել' պետությանը այս ծանր վիճակից դուրս բերելու համար: Հակառակ պարագայում, դեպքերի հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող վարչախմբի և մասնավորապես Ձեզ վրա»