կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-07 11:08
Քաղաքական

Քաղաքական ուժերը միավորվում են խորհրդարան մտնելու համար. Ռուբեն Հակոբյան

Քաղաքական ուժերը միավորվում են խորհրդարան մտնելու համար. Ռուբեն Հակոբյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը շարունակելու է մնալ քաղաքականության մեջ: Այս մասին պատգամավորն ասաց Yerkir.am-ի հետ զրույցում:

«Այն, որ մնալու եմ քաղաքականության մեջ, դա որոշված է, բայց թե ի՞նչ դրսևորում կունենա, ինչպե՞ս կանեմ, դեռ չեմ որոշել, անկեղծորեն: Կարծում եմ՝ դեռ ժամանակ կա»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին՝ խորհրդարանում գտնվելու մասի՞ն է խոսքը, որովհետև քաղաքականության մեջ մնալ` դեռ չի նշանակում լինել օրենսդիր մարմնում, Հակոբյանը նշեց, որ հստակ է միայն այն, որ մնալու է քաղաքականության մեջ:

Դիտարկմանը՝ 3 ընդդիմադիր կուսակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ի, «Լուսավոր Հայաստան»-ի ու «Հանրապետություն» կուսակցությունների միջև կարծես դաշինք է ձևավորվում, և նրանք հայտարարում են, որ բաց են քաղաքական գործիչների, կուսակցությունների առջև, և հարցին` հնարավո՞ր է՝ հենց այս դաշինքին անդամակցեք, Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, հիմա ինչ-որ բանակցային փուլ է գնում: Ես, իհարկե, կցանկանամ, որ դաշինքներ ձևավորվեն, որովհետև իսկապես մոտ 9 տասնյակի հասնող կուսակցությունների թիվը ծիծաղելի է: Մի 6-7 կուսակցություն է, որ իսկապես գործում է քաղաքական դաշտում, բայց նաև այդ` դաշինք ասվածը սովորաբար լինում է, դասական ընկալմամբ, արդեն ձևավորված խորհրդարանում, շատ քիչ է լինում, որ նախընտրական փուլում դաշինքներ են ձևավորվում: Իսկ Հայաստանի յուրահատկությունն այն է, որ փոքր կուսակցությունները՝ մի քանի մարդ ունեցող, շատ են, ու դաշինք ասվածը մեկ նպատակ է հետապնդում, որ կարողանան մտնել խորհրդարան: Եթե ուշադիր դիտենք, կտեսնենք, որ բավական լուրջ տարբերություններ կան նրանց մոտեցումների մեջ, և այս առումով` դաշինք ասելը, կարծում եմ, չի արտահայտում ճշմարիտ տրամաբանությունը: Ավելի շատ միավորվում են, որպեսզի մտնեն խորհրդարան: Ես բան չունեմ ասելու, թող միավորվեն, մտնեն, բայց ուզում եմ ասել՝ գաղափարական դաշինք, որը շարժում դառնա, չեմ տեսնում»:

Մեր մյուս հարցին, թե, հաշվի առնելով դաշինքների փորձը, արդյոք մտավախություն չկա՞, որ դաշինքները կարող են երկարաժամկետ չլինել, Հակոբյանը պատասխանեց. «Պետք է շատ ճիշտ գնահատականը տամ: Միգուցե որոշ քաղաքական գործիչներին էլ սա դուր չկա, բայց հիմնականում մեր դաշինքային կենսագրությունը վատ վախճան է ունեցել, որովհետև հիմնականում խնդիրը կոնյունկտուրային է եղել՝ կա'մ օրվա իշխանության կողքին կանգնել, որպեսզի կարողանան օգտվել իշխանությունից, կա'մ էլ միավորվելով խորհրդարան մտնել: Եթե ուշադիր հետևենք, կտեսնենք, որ գաղափարաքաղաքական դաշտ, որպես այդպիսին, չենք ունեցել, և պատահական չէ, որ երբ մտնում են խորհդրարան, կամ իշխանությունը փոխվում է, դաշինքները տապալվում են: Սա այն ցուցիչն է, որն ասում է, թե գաղափարաքաղաքական դաշինքներ չեն լինում: Տա Աստված` սխալվեմ, բայց այսօր ինչ տեսնում եմ, որ քաղաքական գործիչները, ուժերը բանակցում են միավորվելու համար, ես միտումնավոր եմ «միավորվել» բառն օգտագործում, որովհետև դաշինքն ուրիշ հասկացություն է, որի դասական ընկալումը ես քիչ առաջ ասացի, կարծում եմ, դրանք եթե մտնեն պառլամենտ, շատ կարճ կյանք կունենան` միասին գործելու»:

Հարցին՝ հնարավո՞ր է համագործակցեք Գագիկ Ծառուկյանի հետ, պատգամավորը պատասխանեց, որ դեռ որևէ բան չի որոշել: «Հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ մեր քաղաքական դաշտը, որ դեռ կայացած չէ, որտեղ ցանկացած պահի ամեն ինչ կարող է փոխվել միանգամից, կտրուկ, սա լավ բան չի ասում մեր քաղաքական դաշտի մասին, և իմ կարգավիճակն էլ այնպիսին է, որ ժամանակ ունեմ դեռ որոշելու: Օրը կգա, բարին՝ հետը»,- եզրափակեց Հակոբյանը: