կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-14 17:25
Առանց Կատեգորիա

Անորակի և ավելի անորակի միջև

Անորակի և ավելի անորակի միջև

Մեզ շատ հետաքրքիր է, թե ինչը նկատի ունեն մարդիկ, երբ ասում են, որ այս ընտրությունները որակով տարբերվում են նախորդներից: Ընդ որում` այդ բանն ասում են՝ նկատի ունենալով ինչ-ինչ դրական բաներ և ոչ ամենևին այս ընտրությունների ամենամեծ առանձնահատկությունը՝ ծիծաղելիությունը, որով, այո', առաջիկա ընտրությունները նախադեպը չունեն: Եթե այս ընտրությունները որակապես ավելի լավն են համարում այն առումով, որ թեկնածուները միմյանց չեն հայհոյում, ապա դարձյալ համոզիչ չէ: Ոչ միայն հայհոյում են, այլև ստորացնում, անվանում ավանտյուրիստ, հեգնում՝ նա իմ կալիբրի մարդ է՞, որ հետը բանավիճեմ, կամ՝ նա քաղաքական գործիչ չէ, ես նրա ասածներին ինչ պատասխանեմ, նա ո՞վ ա՞, որ ինձ կոչ անի և այլն: Այս էտապում էլ սկսվել է միմյանց՝ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ մեղադրելու ամենաեղկելի մի գործընթաց: Էլ չենք խոսում անձամբ Հայրիկյանի վարքագծի մասին, որ ավելի շատ կոմերսանտի, քան քաղաքական գործչի վարքագիծ է հիշեցնում:

 

Ո՞ր ընտրությունների հետ ես համեմատում այս ընտրությունները, որ դրական էմոցիաներդ այդքան առատ են: 2008-ին գոնե քաղաքական պայքար կար: Ճիշտ է, ծայրահեղություններով հանդերձ, բայց քաղաքական պայքար էր, տարբեր կուսակցությունների և ուժերի պայքար: Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Վահան Հովհաննիսյան, Արթուր Բաղդասարյան… Քաղաքական ուժերի դիմակայություն էր: Իսկ ի՞նչ կա այսօր, որ մի բան էլ ասում են՝ այս ընտրությունները նախորդներից լավն են: Գուցե վերջին ԱԺ ընտրություննե՞րը նկատի ունեն, որոնց ժամանակ ՀՀԿ-ն ինչքան ուզեց, այնքան էլ խփեց, ինչքան պետք էր, այնքան էլ բաժանեց, ինչքան պետք էր, այնքան էլ խայտառակվեց: Եթե համեմատության համար հենց ԱԺ ընտրություններն են վերցնում, բարի, ուրեմն եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչով են այս ընտրությունները տարբերվելու ԱԺ ընտրություններից, թե ինչ ուժով են այս անգամ մարդկանց ընտրատեղամասեր տանելու, ինչպիսի ցուցակներ ու լրացուցիչ ցուցակներ են կախելու, ինչքան են խփելու: Քիչ մնաց, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք:

 

Որ այս ընտրությունները տարբերվում են ընդհանրապես ընտրություն ասվածից, միանշանակ է: Ավելի սրտաճմլիկ բան, որին կարելի է ընտրություն ասել, երևի չկա: Բայց շատ ավելի սրտաճմլիկ են այն մարդիկ, ովքեր, բացահայտ, ուղղակի մտնելու անսքող տրամադրությամբ, հայտարարում են, թե սրանք ընտրություն են ու էն էլ ինչ ընտրություններ: Այդ մարդիկ խղճահարության են արժանի:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ