Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվել է փետրվարի 4-ից 9-ը ընթացող` բռնցքամարտի` Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ընդհանուր թվով 88 բռնցքամարտիկներ:
Առաջնությանը չեն մասնակցել անցած տարվա դեկտեմբերին Կալինինգրադում Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության մասնակից երեք բռնցքամարտիկներ՝ 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքերով` այդ երեք մարզիկները աշխատել են բավականին ծանրաբեռնված գրաֆիկով, այդ իսկ պատճառով այս մրցաշարին նրանք չեն մասնակցել: Հայաստանի առաջնությանը չի մասնակցել նաև Անդրանիկ Հակոբյանը (75 կգ քաշային կարգ), որը ըստ Կ. Աղամալյանի, մարզվում է անհատական ծրագրով:
Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններ են դարձել՝ Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Դերենիկ Գիժլարյանը (52 կգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ), Արա Փուլուզյանը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Ռուլամ Իբրագիմյանը (81կգ), Ազատ Դավթյանը (91կգ) և Արման Սիմոնյանը (+91կգ):
Գլխավոր մարզիչը առաջնությունում բռնցքամարտիկների ցույց տված արդյունքները գնահատել է միջինից բարձր: Նա հատկապես առանձնացրել է 49 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դանիելյանին (Երևան), 56 կգ քաշային Արարատ Մխիթարյանին (Վանաձոր), 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովին (Գյումրի) և 64 կգ քաշային Արա Փուլուզյանին (Էջմիածին):
Նշենք, որ փետրվարի 25-ից մարտի 10-ը Աբովյան քաղաքում տեղի ունենալիք ուսումնամարզական հավաքից հետո հավաքականի որոշ մարզիկներից կազմված մի խումբ կմեկնի Չեխիա` մասնակցելու միջազգային մրցաշարի: Մեկ այլ խումբ մարտի վերջին կմասնակցի Ուկրաինայում, իսկ մյուս խումբը՝ Ղազախստանում կայանալիք միջազգային մրցաշարերին, ի դեպ, բոլորն էլ A կարգի մրցաշարեր են:
Այդ առաջնություններում մարզիկների գրանցած արդյունքների հիման վրա ձևավորված թիմի անդամներից մի մասը մայիսին ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, իսկ երկրորդ թիմը կմեկնի ուսումնամարզական հավաքի Բելառուս, որտեղ արդեն մայիսի 30-ից հունիսի 9-ը հավաքականը ողջ թիմով մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: