կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-11 21:46
Քաղաքական

Նախագահը ''իմացել է'', իսկ Տարոնը ''թռավ''

Նախագահը ''իմացել է'', իսկ Տարոնը ''թռավ''

Երեւանի Էրեբունի վարչական համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթի` աշխատատեղերի վերաբերյալ հատվածն էականորեն տարբերվում էր քարոզարշավի մյուս օրերի ընթացքում արված հայտարարություններից:

 

Եթե Չարենցավանում Սերժ Սարգրսյանը հայտարարում էր, որ Երեւանում հազարավոր աշխատատեղեր կան, բայց` ցածր վարձատրությամբ, եւ մարդիկ չեն ցանկանում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, ապա արդեն Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, նախագահն ընդգծել էր, որ Հայաստանում ոչ թե աշխատատեղի, այլ բարձր վարձատրվող աշխատատեղի խնդիր կա: «Մենք պետք է կարողանանք Հայաստանում ստեղծել բարձր աշխատավարձ ապահովող աշխատատեղեր: Եթե զուտ աշխատատեղերի մասին է խոսքը, ապա ես կարծում եմ, որ այլեւս դա Հայաստանում հարց չէ, որովհետեւ ցանկացած հեռուստաալիք, երբ միացնում ես, տեսնում ես, որ աշխատողներ են փնտրում, բայց, ցավոք սրտի, այդ աշխատանքը քիչ վճարվող աշխատավարձով աշխատանք է, եւ մարդիկ այլեւս չեն ուզում 150 հազար դրամ աշխատավարձով աշխատել, ես դա հասկանում եմ…»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը եւ վկա, բերել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով էլ վստահեցրել էր նախագահին եւ ներկաներին, որ միայն քաղաքապետարանում 150 վարորդի եւ կոմունալ ծառայությունում` 200 աշխատողի կարիք ունեն:

 

Այսօր արդեն Սերժ Սարգսյանը շատ զգույշ եւ զուսպ էր իր հայտարարություններում: Պատճառը հավանաբար նախագահի նախկին հայտարարությունների վերաբերյալ բարձրացված մեծ աղմուկն էր եւ  համացանցում տարածված այն տեսանյութը, որում երեւում էր, որ քաղաքապետարանում ոչ մի վարորդի տեղ էլ չկա, իսկ 150 հազար դրամ կարելի է վաստակել օր ու գիշեր աշխատելու դեպքում:

 

«Շատ լավ հասկանում եմ, որ երբ որ պետք է վաճառողուհի կամ քարտուղարուհի ընտրել, 25-28 տարեկան աղջիկների են ուզում, եւ դա հասկանալի է: Հասկանալի է, որ սպասարկման ոլորտում ավելի հաճելի է գործ ունենալ երիտասարդների, քան տարիքովների հետ, միշտ չէ, որ տակն ինչ-որ բան փնտրենք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանն` ի պատասխան ներկաներից մեկի հարցին, որ 50-ից բարձր տարիքովները, հատկապես` կանայք դժվարություններ են ունենում աշխատանք փնտրելիս:

 

Նախագահը հայտարարեց, որ հատուկ 50 տարեկանների համար աշխատատեղ չպետք է ստեղծեն, պետք է ստեղծեն բոլորի համար` ե'ւ 25 տարեկանների, ե'ւ 30 տարեկանների, ե'ւ 50 տարեկանների:

 

«Բայց եթե աշխատանք չկա, ստիպված պետք է անենք մի այնպիսի աշխատանք, որով կարողանանք մեր ընտանիքը պահել: Պրոբլեմը կայանում է նրանում, որ կան շատ հարուստներ եւ շատ աղքատներ, եւ եթե այդ մկրատն այդքան մեծ բացվածք չունենար, շատ խնդիրներ ավելի շուտ կլուծվեին: Աշխատատեղեր բոլորի համար պետք է ստեղծել, հատուկ կատեգորիայի մարդկանց համար դժվար է ստեղծել: Ասածս հիմա ժողովրդահաճո կարող է չթվալ, բայց ոմանք նախընտրում են 30-40 հազար դրամ նպաստ ստանալ, քան, 70-80 հազար դրամ աշխատավարձ ստանալով, աշխատել»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

 

Ուշագրավ է, որ երբ նախագահի հատկապես նման շեշտադրությամբ ելույթից հետո լրագրողները փորձում էին մեկնաբանություններ ստանալ քաղաքապետ Տարոն Մարգարյանից` իր` Մալաթիա-Սեբաստիայում արված հայտարարությունների վերաբերյալ, որոնք մեղմ ասած, ապատեղեկատվություն դուրս եկան, քաղաքապետը նախ դահլիճում խոստացավ, որ դրսում կպատասխանի, իսկ, դուրս գալով, վայրկյանների ընթացքում արագ նստեց մեքենան եւ հեռացավ, այս էլ երկրորդ անգամ…