Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին խումբ: Այստեղ պետք է ընդգրկել նրանց, ովքեր անկեղծորեն (միամտաբար, թե` հիմարաբար՝ կարևոր չէ) հավատում էին, որ, ի դեմս ժպտացող օլիգարխի, կա (եղել է) այլընտրանք, իսկ հիմա, այ քեզ դժբախտություն, մեզնից թռել-հեռացել է հաջողության այդ կապույտ թռչունը: Մենք չարժանացանք ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ի: Երևի դունչներս խաղողին չհասավ:
Երկրորդ խումբն այնքան էլ հասարակ չէ: Նրանք նույնպես ձևացնում են, թե խորապես ցավում են ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ը կորցնելու համար, բայց նրանց խնդիրն այլ է: Նրանց հանձնարարված, ավելի շուտ՝ պատվիրված է արդարացնել ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ի՝ հասարակության կողմից դեռ չմոռացված գործողությունները մեկ այլ՝ հենց վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այդ ժամանակ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ի ակտիվիստներն իշխանությունների ուղղակի թողտվությամբ (գուցեև հրահանգով), օգտվելով բնակչության աղքատությունից, ձայների բավականին մեծ տոկոս պարզապես գնեցին ընդդիմադիր ընտրազանգվածից, հատկապես` դրա անկազմակերպ, լյումպենական մասից, իսկ տարբեր, բայց իսկապես ընդդիմադիր ուժերին (ՀՅԴ, ՀԱԿ և այլն) դարձրեցին խորհրդարանական փոքրամասնություն: Բայց չէ՞ որ այն ժամանակ շատերը վաճառվում էին ոչ միայն հանուն փողի, դրան գումարվում էր նաև համոզիչ (իհարկե, անփորձ ուղեղների համար) հույսի շողը:
Հիմա «այլընտրանքային» պնակալեզների խնդիրն է` արդարացնել ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի խաբեությունը և նաև բացատրել, թե խորհրդարանական մեծաքանակ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ի խմբակցությունն ինչով է պատրաստվում զբաղվել հետագա 4-5 տարիներին: Չէ՞ որ դա էլ է հարց:
Հիմա այդ խմբակցության պատգամավորների համար դժվար կլինի կուրծք ծեծել և պառկել ռելսերին՝ հանուն ժողովրդի: Եթե նրանց կեղծ ընդդիմադիր կրքոտ ճառերը նորից հնչեն ամբիոններից և հեռուստաեթերից, խաբված ընտրողը կարող է նրանց տալ հասարակ, բայց տհաճ հարց՝ բա ինչո՞ւ, եղբայրնե'ր, դուք և ձեր ժպտադեմ առաջնորդը մեզ չառաջնորդեցիք նախագահական ընտրությունների ժամանակ: Եվ խնդրում ենք բացատրել, թե ինչո՞ւ եք այդքան մեծ քանակությամբ խցկվել խորհրդարան, և առհասարակ, հայ հասարակության ինչի՞ն է պետք ձեր խմբակցությունը: Մենք նման մի խմբակցություն արդեն տեսել ենք, ոչ պակաս հավակնոտ անունով՝ «Օրինաց երկիր»: Քաղաքական նման ուժերն արդեն մեկ տասնամյակից ավելի է՝ միայն մեկ նպատակ ունեն՝ ապակողմնորոշել բնակչությանը և շեղել իրական այլընտրանքներից: Հետևանքը լիակատար հուսալքությունն է և սեփական ուժերի հանդեպ թերահավատության հասարակական համաճարակը:
Ահա այդ հարցի պատասխանը պնակալեզները նախապես պատրաստել են՝ մենք կգնայինք, բայց գիտե՞ք՝ դաշնակները մեզ չպաշտպանեցին: Չմիացան մեզ: Բայց այստեղ մեկ այլ օրինաչափ հարց է առաջանում՝ դուք, հարգելի' այլընտրանքայիններ, փառք Աստծո, ամեն ինչ ունեիք՝ փող, ժպիտ, հասարակության բողոքավոր տրամադրությունների ալիք, ձեզ նույնիսկ Բրյուսելից էին ողջունում: Ձեր ինչի՞ն էր պետք դաշնակների օգնությունը: Նրանք խորհրդարանում, կարծես, ընդամենը 5 տոկոս են կազմում: Եզրակացությունը մեկն է՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ-ը կամ լավ գիտի, որ դաշնակներն իրականում ամենևին էլ 5 տոկոս չեն, այլ շատ ավելին (էլ ո՞վ պիտի իմանա այդ մասին, եթե ոչ նրանք), կամ էլ նրանց պարզապես արդարացում է պետք, ինչ-որ մեկի վրա իրենց մեղքը բարդել: Իսկ ավելի շուտ՝ և' մեկը, և' մյուսը:
Կա նաև չբավարարվածների երրորդ՝ ընտրակաշառքներին սպասողների խումբը: Խոսքը ոչ այնքան վերջնական հասցեատերերի՝ ընտրողների մասին է, ովքեր իրենց 10-20 հազար դրամին էին ստանում, որքան երկրի ընտրական գործընթացներն ամբողջովին վերահսկող` աննախադեպ ճկուն, արդյունավետ և բազմաճյուղ ենթակառույցը համակարգողների և վարչարարների: Կեղծարարության այդ իսկական վարպետները մտահոգված են, որ այս ընտրություններին հանկարծ անգործ կմնան եւ իրենց տաղանդն ու հմտություններն իզուր կկորչեն: Չէ՞ որ նրանք իրենց վարպետությունն օգտագործում են (և բավականին հաջող) ոչ միայն ձայներ գնելու, այլև անձնապես հարստանալու համար:
Ուշիմ հայացքը կնկատի, որ հասարակության այս տարատեսակ շերտերում, որոնք վշտանում են, թե «փուչիկը թռել է», նկատվում է մի մոտիվ, որը լսվում է հրապարակային հոդվածներում և անդրկուլիսյան զրույցներում՝ ընտրություններն անիմաստ են, էլ ի՞նչ կարիք կա մասնակցել:
Եթե առաջին երկու խմբում այս մոտեցումը կարող է բացատրվել անկումային տրամադրություններով, ապա երրորդ խմբի հաշվարկը միանգամայն պրագմատիկ է: Նրանց պետք է, որ Հանրապետական կուսակցության թեկնածուի թիմում խուճապ սկսվի, որ ընտրություններին շատ քչերն են մասնակցելու, ինչն իր հերթին կնվազեցնի հաղթանակի արժեքը և լեգիտիմության անհրաժեշտ աստիճանը: Ուրեմն ընտրողներին պետք է տանել ընտրատեղամասեր, իսկ թե ինչպիսին կլինեն քվեարկության արդյունքները` արդեն տեխնիկայի հարց է:
Իսկ ինչպե՞ս տանել: Հավանաբար արդեն կռահեցիք: Ճիշտ է՝ հենց այդ նույն ստուգված միջոցով, որ մտածում եք` կաշառքով: Իշխանությո'ւն, ուզո՞ւմ ես աշխարհին անբասիր ընտրություններ ցուցադրել (օրուգիշեր հեռուստացույցով միայն այդ մասին ենք լսում` տարբեր տրամաչափի հանրապետականների ճառերից), վճարիր, կանենք: Եվ կվճարեն: Եվ կանեն: Եվ ընտրական տեխնոլոգիաների մասնագետների կյանքը, որոնց շնորհիվ իշխանությունը միշտ հաղթում է, նորից բոլոր գույներով կշողշողա:
Իսկ ի՞նչ պետք է անենք մենք՝ քաղաքացիներս: Այդ մասին՝ հաջորդ հոդվածում:
(շարունակելի)
Վ. ՄԱՐԻՆՈՍՅԱՆ