Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ստուգումներ է իրականացնում ՔԿՀ-ի պայմանների կապակցությամբ դատապարտյալների դժգոհությունների փաստով: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից: Ստուգումների արձանագրությունը կհրապարակվի մոտ օրերս:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտադիտարկում էր անցկացրել «Նուբարաշեն»-ում և զգալի խախտումներ արձանագրել:
Մասնավորապես` պարզվել էր, որ «Նուբարաշենի» պատերի սառնությունն ու խոնավությունը ու դրանցից առաջացած գարշահոտությունը հիմնարկի անձնակազմի և դատապարտյալների առողջության համար խիստ վտանգավոր պայմաններ են ստեղծում: 840 պահման տեղերում պահվում էր 1184 ազատազրկված: Բոլոր խցերը հիմնականում նույն մեծության են, սակայն աշխատանքային խումբն արձանագրել էր, որ 8 հոգու համար նախատեսված որոշ խցերում ապրում են 3 հոգի, իսկ մյուս նմանատիպ խցերում մինչև 18 հոգի:
Արձանագրած հաջորդ խնդիրը դատապարտյալների պահման պայմաններն էին:
Աշխատանքային խումբը արձանագրել է նաև, որ առավոտյան նախաճաշից, օրինակ, 17 հոգուց բաղկացած խցում օգտվում են միայն երեքը. սննդի վատ որակը դատապարտյալների մշտական բողոքների թվում է եղել: Դատապարտյալները հիմնականում օգտվում են դրսից ուղարկված հանձնուքներից: Բավական վատ պայմաններում է պահվում նաև կալանավորների համար նախատեսված սնունդը:
Դատապարտյալների հետ առանձնազրույցի ընթացքում աշխատանքային խումբը արձանագրել է նաև, որ զբոսանքները կատարվում են որոշակի օրերի, իսկ կիրակի օրը ընդհանրապես զբոսանք չի լինում: Վարչակազմը այս խնդրի կապակցությամբ հայտնել է, որ զբոսանքների ամենօրյա կազմակերպումը կապված է աշխատակիցների ոչ բավարար թվի հետ: