Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց` քանի որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, այդ միության կողմից կան հաստատված նոր ստուգաթերթեր, որոնք տեսչությունը պետք է իրականացնի` ստուգումներով:
«Որպեսզի տնտեսվարող սուբյեկտների համար այդ ստուգումները չլինեն անակնկալ, մենք կազմակերպել ենք քննարկում նրանց հետ, որպեսզի նրանք հասկական, թե նախկինի հետ ինչ տարբերություններ կան, և օրենքի որ կետով պետք է շարժվեն»,- ասաց Խալիկյանը` հավելելով, որ տեսչության գլխավոր նպատակը ստուգում իրականացնելը չէ, տուգանելը չէ:
«Տեսչությունը որոշել է իրազեկման տարբերակով ոլորտային հանդիպումներ կազմակերպել բոլոր այն տեղերում, որտեղ կազմակերպվելու է վերահսկողություն: Օրինակ`նախկինում խաղալիքներ ներմուծող կամ մասնագիտացված խանութ-սրահները, որոնք զբաղվում էին խաղալիքի վաճառքով, ունեին իրենց տեխնիկական կանոնակարգը, ըստ որի` իրականացնում էին համապատասխան մակնշում և սերտիֆիկացում: Նախկինում խաղալիքների վրա չէր նշվում արտադրման ամսաթիվը, այժմ`փոփոխություններից հետո, նշվում է նաև արտադրման ամսաթիվը: Կա նաև Մաքսային միության նշան, որը հավաստում է, որ այդ խաղալիքը համապատասխանում է Մաքսային միության ողջ տարածքում գործող` խաղալիքների անվտանգ լինելու մասին օրենքին»,- նշեց Խալիկյանը:
Ըստ նրա` ցանկացած ժամանակ տնտեսվարող սուբյեկտներին առաջարկվում է դիմել տեսչություն, որտեղ կներկայացվեն օրենքի պահանջները` թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
Լևոն Խալիկյանը խոսեց նաև խաղալիքների վաճառքին վերաբերող փոփոխությունների մասին: «Վաճառք իրականացնող ցանկացած ընկերություն պարտավոր է առաջին իսկ պահանջի դեպքում ներկայացնել սերտիֆիկատ: Ցանկացած խաղալիքի վրա պետք է լինի մակնշում` ռուսերեն և հայերեն լեզուներով, որը պետք է ներառի տեղեկություն այն մասին, թե տվյալ խաղալիքն ում կողմից է արտադրված, որքան ժամկետի մեջ է և ինչ է ներկայացնում իրենից: Խաղալիքները հիմանակում Չինաստանից են ներկրվում, և դա բացարձակապես չի նշանակում, որ այդ խաղալիքը պետք է վտանգավոր լինի»,- ասաց նա:
Անդրադառնալով գազալցակայանների թեմային`Խալիկյանը նշեց. «Գազալցակայանն ունի իր ստանդարտը: Պետք է համապատասխանի մեր չափանիշներին, քանի որ այդ ոլորտը համարում ենք ռիսկային: Այդ ոլորտն առնչվում է մարդու կյանքին ու առողջությանը: ԱԳԼՃԿ ոլորտում բավական լուրջ ստուգումներ են իրականացվում, տեսչությունը նույնպես հանդիպումներ է կազմակերպել այդ ոլորտի հետ: Հայաստանում գործող բոլոր ԱԳԼՃԿ-ներում տեղադրված են բաշխիչ աշտարակներ, որոնք ցույց են տալիս մթնոլորտային ճնշումը, կիլոգրամը և այլն»,- ասաց նա:
Խալիկյանի խոսքով` Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի ենթադրում պահանջների թուլացում, բայց նաև տնտեսվարող սուբյեկտների բեռը չավելացնելու փորձ է արվում:
Ըստ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի` ԱԳԼՃԿ-ները, որոնց գործունեությունը դուրս է օրենքի պահանջներից, ենթարկվում են վարչական տուգանքի, և արգելվում է գործունեությունը` մինչև խախտման վերացումը: