կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-08 18:19
Առանց Կատեգորիա

''Փրկության'' երեք տարբերակ

''Փրկության'' երեք տարբերակ

 

Նախագահական ընտրություններում առաջադրված 8 թեկնածուներից երեքը' Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը և Արամ Հարությունյանը, մրցապայքարի մեջ մտել են ոչ թե ընտրարշավի միջոցով վարկանիշ ձեռք բերելու կամ հաղթելու համար, այլ, ըստ էության, ընտրությունների օրինականությունը վիճարկելու: Նրանցից յուրաքանչյուրը դա անում է յուրովի' ընտրելով դրա համար, իր կարծիքով, ամենաարդյունավետ մեթոդը: Փաստացի նրանք այսօր ստեղծված իրավիճակից անուղղակիորեն երեք ելք են առաջարկում:

 

Արամ Հարությունյանն, օրինակ, իշխանության փոխարեն թիրախ է դարձրել այսպես կոչված այլընտրանքային թեկնածուներին, ըստ ամենայնի' Հրանտ Բագրատյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և Պարույր Հայրիկյանին, որոնց փորձում է մեղադրել իշխանության համար արհեստականորեն մրցակցայնություն ապահովելու, այդքանով իսկ' իշխանական նոմենկլատուրայի շահերն սպասարկելու մեջ: Իբրև դրա դեմ բողոքի արտահայտություն' նա մեկօրյա սիմվոլիկ հացադուլի է նստում ԿԸՀ-ի առջև' սահմանված վերջին օրն իր թեկնածությունը հանելու ահարկու սպառնալիքով: Փաստորեն Հարությունյանը ոչ թե վիճարկում էր ընտրությունների կանխորոշվածությունը, այլ իրական կամ ոչ իրական մրցակցության տարրերի առկայությունն ընտրություններում: Սա էր պատճառը, որ մարդիկ այդպես էլ չհասկացան' ինչ էր ուզում Հարությունյանը և առհասարկ որն էր նրա առաջադրվելու իմաստը:


 

 

Մյուս երկու թեկնածուներից Հարությունյանը տարբերվում է նրանով, որ ոչ թե գործում է, այլ խոսում: Ընտրություններում նրա ներգրավվածության մեջ ոչ մի գործողություն չկար: Իսկ այն, ինչ կար, ոչ թե գործողություն էր, այլ դրա էժան իմիտացիա կամ Սերժ Սարգսյանի բառերով ' թամաշա:

 

Անդրիաս Ղուկասյանն առաջարկում է դիմել ծայրահեղ միջոցների, ինչպես օրինակ' հացադուլի: Այն, անշուշտ կոնկրետ գործողություն է և իր ծայրահեղականության ու վճռականության մեջ' արժանի առնվազն հարգանքի: Ներկայիս  ընտրական պրոցեսների անիմաստությունն ամենադիպուկը և սկզբունքորեն ամենաճիշտը ձևակերպել է հենց Ղուկասյանը' ընտրելով երկու առանցքային թիրախները. իշխանության ներգրավվածությունն ընտրություններում և շարունակաբար կեղծվող ընտրությունները միջազգային դիտորդների կողմից լեգիտիմացնելու և դա Հայաստանի քաղաքացիների վզին փաթաթելու հանգամանքը: Բայց Ղուկասյանի ձևակերպած պահանջներում առկա է երկու կոնցեպտուալ սխալ, որոնք և նրա ընտրած' մեթոդաբանությունը դարձնում են անտրամաբանական:

 

Առաջին սխալն այն է, որ թիրախ է ընտրել, փաստացի, ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրման իրավունքը: Եթե շարժվենք Ղուկասյանի տրամաբանությամբ, ապա ընդհանրապես պետք է բացառվի գործող նախագահի կամ պետական իշխանության որևէ ներկայացուցչի առաջադրումն ընտրություններում' առանց նույնիսկ հստակեցնելու, թե որն է իշխանության շրջանակը:  Մինչդեռ խնդիրը ոչ թե Սարգսյանի այդ իրավունքի մեջ է, այլ այդ իրավունքը մշտապես միայն իշխանության թեկնածուի ընտրվելու մենաշնորհի վերածելու:

 

Երկրորդ սխալը միջազգային դիտորդներից Հայաստանը լքելու պահանջն է: Մինչդեռ խնդիրը դիտորդները չեն, այլ այն շահերը, որոնք թաքնված են նրանց կողմից հրապարակվող' ընտրությունները գնահատող զեկույցների ու եզրակացությունների տողատակերում, և որոնցից հնարավոր չէ փախչելլ ցանկացած պարագայում: Արդյո՞ք Ղուկասյանն իսկապես  մտածում է, որ եթե Հայաստանի նման երկրում անգամ իդեալական ընտրություններ անցկացվեն, սուբյեկտիվիզմի տարրը դիտորդների գնահատականներում վերանալու է: Գուցե այն կպակասի, բայց վերանալ չի կարող, որովհետև այն, ինչ մեզ համար ընտրություններ ու պետական իշխանության ձևավորման գործընթաց է, նրանց համար' ազդեցության մեծացման կամ ճշգրտման ստուգատես: Դրա համար էլ Հայաստանում օտարերկրյա դեսպաններից ով չի ալարում, սկսում է գնահատականներ տալ ընտրություններին, ուղղորդելով այս կամ այն ուղղությամբ:

 

Հետևաբար պետք է ոչ թե պահանջել, որ նրանք հեռանան, այլ' պահանջել լինել հնարավորինս օբյեկտիվ: Եթե օրինակ, Ղուկասյանը դա թիրախավորեր և  այդ նպատակով նստացույցի դիմեր  ԵԽԽՎ, ԵԱՀԿ և ԱՊՀ երևանյան գրասենյակների առջև, թերևս, մենակ չմնար, ինչպես հիմա:

 

Արման Մելիքյանը ընտրությունների կանխավ անօրինականությունը փորձում է հիմնավորել մի չափազանց անշնորհակալ, վտանգավոր և նույնիսկ մեր մենթալիտետին հակասող մեթոդաբանությամբ: Նա պարզապես դատախազությանը հաղորդում է տալիս իրենց ընտրակաշառք առաջարկելու մասին: Ու չնայած սա կարծես թե լոկալ, մասնավոր բնույթ է կրում, սակայն ենթատեքստում ցույց է տալիս, թե իրականում որտեղ է թաքնված ընտրական համակարգն առողջացնելու, իշխանությունների հավերժ ինքնավերարտադրությունը կասեցնելու արմատը: Մելիքյանը պարզապես գուցե անգամ այդ ուղղությամբ խորը չմտածելու, հուշում է, որ լավագույն տարբերակը ընտրակաշառքի դեմ համահասարակական պատերազմ հայտարարելն է, որի համար, սակայն առաջին հերթին հասարակության յուրաքանչյուր անդամից և առաջին հերթին իր քվեն հարգողներից պահանջվում է ինքնահաղթահարում: Որովհետև երբ Արման Մելիքյանը կամ նրա շտաբի ներկայացուցիչներից որևէ մեկը դատախազությունում ցուցմունք տան ընտըրակաշառքի մասին, նախ պետք է հաղթահարեն' հանցագործության մասին տեղեկատվություն տվողից հանկարծ սուտ մատնության հանցակազմով մեղադրյալի աթոռին հայտնվելու, «գործ տվողի» պիտակն ստանալու խիստ բնական վախերը:

 

Ընտրակաշառքը չեն բաժանում և անձնագրերը չեն հավաքագրում պատահական մարդիկ: Դրանք կատարում են մեր հարևանները, բարեկամները, գործընկերները, մտերիմները, մարդիկ, ովքեր մեզ ճանաչում են և ում մենք ենք ճանաչում: Եթե նրանք անարգել, օրը ցերեկով դա կարողանում են անել, ուրեմն մենք ենք թույլ տալիս. պարզապես աչք ենք փակում' սկսելով այդ երևույթներին մոտենալ որպես առօրյա օրինաչափություն: Մինչդեռ սպասում ենք, որ մեր փոխարեն այդ մարդկանց տեղը ցույց տան ուրիշները, որպեսզի հետո հանգիստ քննարկենք' տակտիկապես ճի՞տ արեցին նրանք, թե՞ ոչ, հետո էլ անհաջողության մատնվելու դեպքում' ինքնամխիթարվել, որ ավելորդ գլխացավանքի տակ ինքնես չենք ընկել:

 

Իխանություններն այսօր փորձում են համոզել, որ ընտրակաշառք բաժանողները, անձնագրեր հավաքագրողները, ընտրացուցակային աճպարարները այդ արատավոր մեթոդներին դիմելով իրենց արջի ծառայություն են մատուցում և ենթարկա են խստագույն պատժի: Գուցե ինքնահաղթահարմամբ անհրաժեշտ է գոնե մեկ անգամ հասկանա՞լ' որքանո՞վ է ազնիվ իր այս հավաստիացումներում իշխանությունը:

 

Բայց դրա համար գործել է պետք կամ էլ գոնե ավելի լավ տարբերակներ առաջարկել: 

 

Գևորգ Աղաբաբյան