կարևոր
3694 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-08 16:53
Քաղաքական

Երեք օր Դերիկի վերջին երեք հայի հետ

Երեք օր Դերիկի վերջին երեք հայի հետ

Այցելեցինք Դերիկի հայկական գերեզմանատուն, որը Նաիֆ ախպարի խանութից 300 մետր ներքեւ էր։ Զաքարիա ախպարը հանեց մի փունջ բանալիներ և վերջապես բացեց կողպեքը: Գերեզմանները դժվար է տեսնել ծառերի, խոտերի ու բետոնների պատճառով։ Շատ գերեզմաններում պանրի ժանգոտած տարաների վրա անցքեր էին բացել, վրան գրել ծննդյան ու մահվան տարեթվերը։ Միակ մարմարե գերեմանաքարը Յամաջը ընտանիքինն էր։ Կնոջս՝ Ժանեթի պապ Դանիելի, տատ Զոզեի և Դերիկի բոլոր հայերի համար Զաքարիա ախպարի հետ աղոթեցինք մեր իմացածի չափով։ Այնտեղից գնացինք Սուրբ Գևորգ հայկական կաթոլիկ եկեղեցի։ Այգին ընկուզենիներով, թզենիներով և ձիթենիներով հարուստ էր։

ՆՅՈՒԹԸ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՄՈՒՐԱԹ ԷԶԵՐԻ

30 հոկտեմբերի, 2023 թ.։ Անթաքիայի ավտոկայանից Մարդին-Դերիկ տանող տոմս գնեցի: Ես Դերիկի հայերի մասին վավերագրական ֆիլմի և գրքի վրա աշխատելու համար էի գնում: Սկզբում յոթ օր ռեպորտաժներ արեցի Անթաքիայում երկրաշարժից տուժած Վաքըֆլը գյուղի բնակիչների հետ։ Այդ տպավորությունները մեկ այլ հոդվածի նյութ են, բայց թույլ տվեք խոսել մի քանի նախադասությամբ դրանց մասին․ եկել էի այս շրջաններ 2023 թ․ մարտի երկրաշարժից անմիջապես հետո։ Հազարավոր վնասված վայրեր, բնակարաններ, տներ և աշխատատեղեր դեռևս սպասում էին քանդման։ Փոշի, հող, տխրություն, անորոշություն, արցունքներ՝ խառնված իրար։ Բայց ինչպես ասացի, սա մեկ այլ հոդվածի թեմա է։ Հիմա ուղղությունս Դերիկն է։

8 ժամում անցա Հաթայից Դերիկ 500 կիլոմետրանոց ճանապարհը։ Գիշերը ժամը 03:00-ի սահմաններում հասա Դերիկում ապրող Զաքարիա Սաբունջիի տուն, ում պապն օճառագործ էր։ Առավոտյան ժամը 8.00-ին օրգանական նախաճաշ արեցինք: Զաքարիա ախպարի ուղեկցությամբ սկսեցինք շրջել Դերիկի նեղ, յուրօրինակ, պատմական հայկական թաղամասերով և փողոցներով, որտեղ ժամանակին հայերը շրջակա 17 գյուղերը ներառյալ՝ կազմում էին բնակչության 60 տոկոսը: Միևնույն ժամանակ, քանի որ եկել էի վավերագրական ֆիլմի համար, լուսանկարում էի ու տեսանկարահանում։ Զաքարիա ախպարը մի տեղ կանգնեց, դեմքիս նայելով՝ ցավով ու նշանակալից կերպով ասաց. «Այստեղ ​​քո աներոջ՝ Իլիասի ու նրա կնոջ՝ Սառայի տներն էին»։

Փայտե ճարտարապետության նրբությունը

Հայ ընտանիքների մեծամասնության պես նրանք էլ 1973 թ․ գաղթել են Ստամբուլ, և տունը գնողն էլ քանդել է այն։ Կարճ ակնթարթ երկնքին նայելուց հետո ինքս ինձ ասացի՝ երանի չգնային։ Սակայն ներքևի շուկայում գտնվող կոշկակարանոցը մխիթարությունս դարձավ։ Առնվազն դիմացը լուսանկարեցի։ Եվ շատ յուրահատուկ տուն էր։ Հուզմունք զգացի, երբ խաղողի ողկույզներով զարդարուն բակով մտա հայ քարագործների կառուցած տունը։ Դարձյալ ճզմվեցի ցածր, հայկական փայտագործության աշխատանքի արդյունք եղող դռան միջով անցնելիս։ Բակում խոհանոց կար, սակայն մեր իմացած խոհանոցներից չէր։ Ձախ կողմում եռաչք վառարան էր, իսկ դիմացը շարված էին փայտե դարակներ՝ ափսեներով ու բաժակներով։

Առաստաղները հաստ ծառերի կոճղերից էին։ Նրանց մեջ խաչվել էին ավելի նուրբ ծառեր և հյուսվածքներ: Աշխարհում ոչ մի տեղ նման ճարտարապետություն չեք գտնի։ Քիչ այն կողմ, վարագույրով պահարանում մահճակալ ու վերմակ էր դրված, հյուրասենյակում Հիսուս Քրիստոսի պատկերներն էին, Դերիկի վերջին դարբին Նաիֆ Դեմիրջիի և նրա կնոջ՝ Յուրշալին Դեմիրջիի լուսանկարը։ Ապակե պատուհանի փեղկեր, գավաթներ, դեղին ոսկեզօծ բաժակներ։ Հատակին՝ գորգեր, երկու երկար բազմոց և հեռուստացույց, որը մի փոքր խաթարում էր մթնոլորտը: Յուրշալին քույրիկի բերած սուրճն ըմպելով՝ զրուցում եմ Զաքարիա Սաբունջուի, Նաիֆ Դեմիրջիի, Յուրշալին Դեմիրջիի հետ և լուսանկարներ անում դերիկցի հայերի վավերագրական ֆիլմի համար։ (Գործիքները, որն օգտագործում էի, 6-ամյա հիշատակ iPhone-ն էր և հեռախոսի կանգնակը, որը գնել էի երկու դոլարով։ Այս սարքավորումներով էի նկարել «Անատոլիայի վերջին ճիչերը» (120 րոպե), «Մուսալեռցի հայեր» (50 րոպե), «Տիգրանակերտցի հայեր» (60 րոպե), «Քընալը կղզու հունական մանկական ճամբարը» (60 րոպե), «4 եղանակները Քընալը կղզում» (60 րոպե) վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև իմ խմբագիր Հարություն Գևորգյանի հետ նկարահանել էի «Համայկական 8-րդ օլիմպիական խաղերը» վավերագրական ֆիլմը):

Մնացած երեք թեյի բաժակները

Սեղանը բակում էր։ Թռչունների ծլվլոցների տակ այդ սեղանից առաջին բանը, որ հիշում եմ, օրգանական ոչխարի մածունը և պանիրը, ձիթապտուղը, ձիթապտղի յուղը, մեղրը, թոնրում թխված փիդե հացը, պաստեղը ու սունջաղն են։

Նաիֆ ախպարը 2019 թ․ սրտի վիրահատությունից հետո փակել է իր դարբնոցը։ Խնդրեցի դարբնոցը լուսանկարել, Զաքարիան բանալին տվեց։ Դարբնոցը մսամթերքի շուկայում էր։ Կես դար հաց տվող դարբնոցը․․. (Չմոռանանք՝ հայրը՝ Դանիելն ու պապը ևս դարբիններ էին, երեք սերունդ դարբինների ընտանիք)։ Ամենատխուր կադրը, որ երբևէ լուսանկարել եմ, սարդոստայնով պատված թեյի վերջին երեք բաժակն է:

Եկեղեցու այգին

Գնացինք Դերիկի հայկական գերեզմանատուն, որը Նաիֆ ախպարի խանութից 300 մետր ներքեւ է։ Զաքարիա ախպարը հանեց մի փունջ բանալիներ և վերջապես բացեց կողպեքը: Գերեզմանները դժվար էր տեսնել ծառերի, խոտերի ու բետոնների պատճառով։ Շատ գերեզմաններում պանրի ժանգոտած տարաների վրա անցքեր էին բացել, վրան գրել ծննդյան ու մահվան տարեթվերը։ Միակ մարմարե գերեմանաքարը Յամաջը ընտանիքինն էր (Պետրոս Յամաջը 1910-1949, Մարրիամ Յամաջը 1905-1978): Կնոջս՝ Ժանեթի պապ Դանիելի, տատ Զոզեի և Դերիկի բոլոր հայերի համար Զաքարիա ախպարի հետ աղոթեցինք մեր իմացածի չափով։ Այնտեղից գնացինք Սուրբ Գևորգ հայկական կաթոլիկ եկեղեցի։ Այգին ընկուզենիներով, թզենիներով և ձիթենիներով էր հարուստ։  Հետևում դպրոցի շենքն էր, որը մինչև 1915 թ․ վարժարան էր (վերին հարկը քանդված էր) և հյուրատունը։ Մանրամասն լուսանկարեցինք, մոմ վառեցինք ու խաչակնքվեցինք։ Չանտեսեցի նաև թիթեղից պատրաստված մոմի մնացորդների ամանը։

Հաջորդ օրը նորից արթնացանք ժամը 7։00-ին։ Այցելեցինք արհեստավորներին։ Մսամթերքի շուկայում այցելեցինք միայն այծի և չորացրած միս վաճառող խանութներ: Տեսանյութեր նկարեցինք և տեղադրեցինք YouTube-ում։ Արհեստավորները շատ ուրախացան։ Այցելեցինք ռեստորաններ, սրճարաններ, ձիթապտղի ու սունջաղի խանութներ: Իրենց ջերմ ու անկեղծ ուշադրությունը զարդարում էին հյուրասիրությամբ։ Տխուր կադրեր նկարահանեցինք Դերիկի համայնքապետարանի շենքի դիմաց, որի հողատարածքը ժամանակին պատկանել է Զաքարիա Սաբունջիի հորը (մինչև 1980 թ․)։ Հայր Սաբունջին կինոթատրոններ, խանութներ, տներ ուներ։ Հետո հասկանալի պատճառներով դրանք ձեռքից գնացին։ Հայցեր հարուցվեցին ու տարիներ տեւեցին, բայց՝ ապարդյուն։

Եկեղեցու հետևում գտնվող վարժարանը կրթություն է մատուցել հայերեն, պարսկերեն, օսմաներեն և ֆրանսերեն լեզուներով: Զաքարիա ախպարի պապեր-տատերը խոսել ու գրել էին այս չորս լեզվով։ Այս վայրերը դիտելուց և լուսանկարելուց հետո շուկայում Դերիկի այնքան հայտնի սաջ քյաբաբը կերանք։ Մսավաճառը այծի միսը կտրում է աչքիդ առաջ, տակը կանաչ պղպեղ դնում, վրան՝ միս, լոլիկ, դմակ, սխտոր։ Պատմական փայտի վառարանում նռան պես եփում են և ձեռքերով ուտում։

Աղոթեցինք 1915 թ սպանված քարավանների համար

Երրորդ օրը ճամփա ընկանք դեպի Զաքարիա ախպարի այգին, որը շուկայի սրտում գտնվող նրա տնից 40 րոպե է հեռու։ Դերիկը երեք լեռների մեջտեղում հիմնված քաղաք է։ Զաքարիա ախպարի այգին գտնվում է նախկինում Երգու անվամբ հայտնի լեռան հենց տակ, որտեղով գետ է անցնում։ Նեղ, կեղտոտ ճանապարհների վրա այծերի ու ոչխարների հոտերին ողջունելով և ձիթենիների բերքահավաքը դիտելով՝ գնում էինք այգի: Մինչ լուսանկարելն ու աշխատանքը կսկսեինք, Զաքարիա ախպարը մատով ինչ-որ տեղ ցույց տվեց ու ասաց․ «Այնտե՛ղ նայիր, 1915-ի տեղահանության (Հայոց ցեղասպանության-Ակունքի խմբ) ժամանակ Դերիկից 8 քարավան (յուրաքանչյուրում՝ 200 հոգի) ճամփա ընկավ։ Այնտեղ քարավաններից մեկն ամբողջությամբ կոտորեցին, երեք-հինգ օր հետո ծանր հոտը մինչև Դերիկի կենտրոն տարածվելուց հետո գալիս են բոլորին վառում այդ բլրում»։ Մի քիչ կանգնեցինք ու աղոթեցինք քարավանի անդամների հոգիների համար։

Խաղող էինք հավաքում այգում, ուր խաղող, նուշ, ձիթապտուղ, ու հատկապես առատ նուռ ու թուզ էր աճում։ Զաքարիա ախպարը գիտեր ինչպես դրանք աճեցնել։ Մենք նոր էինք ավարտել տեսա- և լուսանկարչական աշխատանքը, երբ սև ամպերը (ինչպես 1915 թվին) ծածկեցին այգին։ Անձրև էր մաղում, մենք արագ քայլում էինք։ Շուկա չհասած՝ անձրևը մաքրեց բոլոր փողոցները։ Տասը րոպե մի խանութում պատսպարվելուց հետո մեզ գցեցինք տուն։

Հրաժեշտի ժամանակը

Նոյեմբերի 3-ին, ուրբաթ ժամը 12.00-ին Դերիկին հրաժեշտ տալու ժամանակն էր։ Դերիկի վերջին երեք հայերին հրաժեշտ տալուց հետո մինիբուսով հասանք խաչմերուկ, այնտեղից էլ ավտոբուս նստեցինք։ 21 ժամ տեւած ճամփորդությունից հետո ավարտեցի 13-օրյա գործուղումս՝ շաբաթ օրը ցերեկը ժամը 13.00-ի սահմաններում և վերամիավորվեցի ընտանիքիս հետ՝ առողջ և երջանիկ: Ամենից շատ կարոտել էի իմ սիրելի աղջկան՝ Կարինիս։

https://www.agos.com.tr/tr/yazi/29515/derikin-son-uc-ermenisi-ile-uc-gun

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net