Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հնարավոր մեղավորների փնտրտուքը, նման դեպքերում անհավանական բարձունքներ նվաճող հայկական երևակայության շնորհիվ, նոր պտուղներ է տալիս. կամաց-կամաց ավելի է շրջանառվում մահափորձը «ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի» ձեռքի գործը համարելու վարկածը:
Առաջին քարն այդ ուղղությամբ, հիշում եք, նետեց ոչ այլ ոք, քան Ազգային ժողովի նախագահը, որը դեպքից ժամեր անց խոսեց մահափորձի «ետևում կանգնած քաղաքական ուժերի» մասին: ԱԺ նախագահի ակնարկը շատ թափանցիկ էր՝ չկռահելու համար, թե մոտավորապես ում նկատի ունի նա: Եվ վարկածն արագ սկսեցին շրջանառել այն ուժերը, որոնց իսկապես ձեռնտու էր մահափորձի հետևում տեսնել որոշ «քաղաքական ուժերի», մանավանդ` այդ դեպքում իսպառ կբացառվեր իշխանությունների՝ մահափորձի կազմակերպման հետ որևէ առնչություն:
Մահափորձի հաջորդ օրը՝ փետրվարի 1-ին` «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ, մահափորձի հավանական պատճառների, պատվիրատուի և կատարողի վերաբերյալ քննարկումներն անսպասելիորեն ներառեցին նաև աբրահամյանական վարկածը՝ ինչ-որ «քաղաքական ուժերի» հավանական դերակատարության վերաբերյալ: Պ. Հայրիկյանի ղեկավարած ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատուն հայտարարեց այդ ուժերի վերաբերյալ իր կասկածների մասին, և նրա ասածն այնքան բաց էր, որ ընտրություններին չմասնակցող «քաղաքական ուժերից» մեկի ներկայացուցիչ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ուղղակի փորձ արեց հակադարձել մեղադրանքին, թեև այնուհետ արագ հասկացավ, որ իր արձագանքը կարող է նաև սխալ հասկացվել՝ այն առումով, որ ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժը չէ, որ չի մասնակցում նախագահական ընտրություններին, հետևաբար չարժե ընդհանուր հնչած մեղադրանքին «տիրանալ»:
Բայց, ինչպես երևում է, ԱԺ նախագահի ցանած կասկածի սերմերն իսկապես պտուղներ են տալիս, և դրանցից, որքան էլ անհավանական թվա, փորձում են օգտվել նաև նախագահի թեկնածուները: Խոսքը, մասնավորապես, Վարդան Սեդրակյանի մասին է, որը փետրվարի 2-ին հիվանդասենյակում Պարույր Հայրիկյանին տեսակցելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին և, մասնավորապես, արտահայտել մահափորձի հեղինակի վերաբերյալ իր տեսակետը: Իզուր չենք գործածում «տեսակետ» բառը, քանի որ նախագահի այս թեկնածուն ոչ թե սոսկ կասկածներ ունի, ոչ թե փորձում է կռահումներ անել, այլ ներկայացնում է որոշակի տեսակետ, ըստ որի՝ Հայրիկյանի դեմ մահափորձը հեղինակել են «ընտրություններում չառաջադրված ուժերը»: Իսկ հայտնի է, որ ընդամենը երեք քաղաքական ուժ կա, որոնց մասնակցությունն ընտրություններին հանրային մակարդակով ակնկալվում էր, սակայն ակնկալիքները չարդարացան՝ ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ, որոնց ուղղությամբ էլ նետվում են մեղադրանքի` առայժմ թեթև քարերը, բայց որոնք, ամենայն հավանականությամբ, դեռ կծանրանան:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Ուշագրավ է ՀՔԴՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի կարծիքը: Հարց տալով՝ ո՞ւմ էր ձեռնտու այս միջադեպը, պատգամավորն իր իսկ հարցին պատասխանում է. «Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է. ընտրական գործընթացի մասնակիցներից որևէ մեկին ձեռնտու չէր…»: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են. ահավասի՛կ ծանրացող քարերը: