Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ որոշումները հենց ԲԴԽ ներսում բողոքարկելու մասին նախագիծն անիրատեսական է։ Վենետիկի հանձնաժողովն, ըստ երևույթին, ամբողջությամբ չի պատկերացնում այն բոլոր խնդիրները, որոնցով հիվանդ է այսօր մեր ԲԴԽ-ն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանը՝ անդրադառնալով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ որոշումները բողոքարկելու վերաբերյալ ԱՆ նախագծին։ Հիշեցնենք, որ մինչ այժմ ԲԴԽ որոշումները՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ընդհուպ մինչև նրանց լիազորությունները դադարեցնելու որոշումները բողոքարկելու մեխանիզմներ, որպես այդպիսիք, չկան։
Դատավորներն իրենց խախտված իրավունքները փորձում էին վերականգնել կա՛մ ՍԴ-ի, կա՛մ ՄԻԵԴ-ի միջոցով, սակայն այս պարագայում ևս լուրջ խնդիրներ կան, որ ներպետական որևէ ատյան չէր կարող քննարկել, առավել եւս վերանայել։ Ընդ որում, օրենսդրական բացի և դատավորների իրավունքների վերականգման անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնել են ինչպես դատավորները, այնպես էլ՝ միջազգային հեղինակավոր այնպիսի կառույցներ, ինչպիսին Վենետիկի հանձնաժողովը և «Գրեկոն» և այլք։ Այժմ՝ ՀՀ կառավարությունն առաջարկվում է ստեղծել մեխանիզմներ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, այդ թվում՝ դատավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաև՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները բողոքարկելու համար։
Բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտերը վերջնական են։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ որոշումները կբողոքարկվեն հենց ԲԴԽ-ում, այսինքն, ԲԴԽ-ն կքննի ինչպես դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները, այնպես էլ՝ դրանց դեմ բերված բողոքները, առաջարկվող մոդելը կարելի է համեմատել, օրինակ, ՄԻԵԴ-ի Պալատների և Մեծ պալատի հետ, կամ, նախկինում գործող Գերագույն դատարանի մոդելի հետ։ ԲԴԽ-ի պարագայում, սակայն, բողոքարկմանը կմասնակցեն ոչ թե կազմի բոլոր դատավորները, այլ՝ Խորհրդի տասն անդամներից այն վեցը, որոնք չեն մասնակցել միջնորդության առաջին քննությանը։ Նշված փոփոխությունները, փաստացի, այսպես ասած «կոմպրոմիսային» տարբերակ է՝ «ժամանակավոր լուծում», քանզի ասել, որ Վենետիկի հանձնաժողովն ամբողջությամբ հավանություն է տվել նշված նախագծին՝ ճիշտ չէ, Հանձնաժողովն ավելի վաղ վերահաստատել էր իր մոտեցումները՝ ընդգծելով բազմիցս բարձրաձայնած կանոնը, որ պետք է ապահովել բողոքարկման հնարավորությունը, իսկ Սահմանադրությամբ արգելքի պարագայում պետք է հնարավորինս կոմպրոմիսային լուծում գտնել։ Նշված «կոմպրոմիսային լուծումը» Զարուհի Նախշքարյանի դիտարկմամբ անիրատեսական է, դրա կիրառումը որևէ կերպ հնարավոր չէ, քանի որ այն ստեղծում է բողոքարկման պատրանք, իսկ իրականում լեգիտիմացնում է ԲԴԽ նախագահի կամքը։ Ավելին, մեր զրուցակիցը գտնում է, որ այս փոփոխությունների ընդունման դեպքում հետագայում այն կվերանայվի։
«Վենետիկի հանձնաժողովն, ըստ երևույթին, ամբողջությամբ չի պատկերացնում այն բոլոր խնդիրները, որոնցով հիվանդ է այսօր մեր ԲԴԽ-ն։ Մասնավորապես, պատկերացում չունեն, թե որքան է ԲԴԽ-ն միաձայն որոշումներ կայացրել, թե ինչ աստիճանի կախում ունի ԲԴԽ-ն՝ նախագահից, թե ԲԴԽ-ն, որպես մարմին՝ բացառությամբ որոշ անդամների, ինչ աստիճան կախում ունի գործող իշխանություններից։ Ըստ երևույթին չկա այն հասկացողությունը, որ ԲԴԽ-ն առաջնահերթությամբ առաջխաղացման է ներկայացնում հենց իր իսկ անդամներին։ Չկա այն գիտակցությունը, որ ողջ պատմության ընթացքում ԲԴԽ անդամները, բացառությամբ այն անդամների, որոնք արդեն իսկ ամենաբարձր դատական ատյանից են ներառվել ԲԴԽ կազմում, բոլորն առաջխաղացում են ունեցել՝ կարիերայի թռիչքաձև աճ»,- ընդգծեց Զարուհի Նախշքարյանը։
Նույնը կատարվում է այսօր․ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի քրեական և քաղաքացիական պալատների դատավորների թափուր պաշտոնի համար երկու թեկնածություն, որոնք ԲԴԽ անդամներ են․ «Այսինքն՝ առաջխաղացումը, «դեմ» կամ «կողմ» ձայնը դարձել է առևտրի առարկա»։ Ընդ որում, հատկանշական է, որ օրինակ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, որն այժմ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի թեկնածու է, ընդամենն ամիսներ առաջ կողմ է քվեարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի և Արտակ Բարսեղյանի լիազորությունները դադարեցնելուն։ «Սա որևէ անուն ունի՞, չեմ կարող սա հասկանալ։ Ինչպես կարող եմ ընդունել , երբ ԲԴԽ-ի անդամը՝ քիչ է, առաջխաղացման է դիմում՝ իրավասու ընտրող մարմի իր իսկ գործընկերների աջակցության ակնկալելիքով ՝ ցանկանալով նշանակվել Վճռաբեկ /ընդ որում՝ ստանում է այդ աջակցությունը/՝ քիչ է, մի բան էլ՝ ցանկանում է տեղավորվել այն աթոռում, որից իր ձայնով այլ դատավոր է հեռացրել երկու-երեք ամիս առաջ։ Չգիտեմ։ Ու ամենասարսափելին այն է, որ այս ոճով գործելը, նույնիսկ հաջողությունների հասնելը այլևս պարսավելի չէ, այն անթաքույց , բացեիբաց է իրականացվում...
Գուցե իմ մոտեցումները ժամանակակից չեն և համահունչ չեն այսօրվա մեր իրականությանը, հասարակության իրական մտահղացումներին և գաղափարներին, բայց դա ինձ համար անընդունելի է»,- նշեց Նախշքարյանը՝ հավելելով,որ նման պայմաններում ինչպես կարելի է ՄԻԵԴ օրինակով նույն մարմնում երկու պալատ ձևավորել այն դեպքում, երբ երկու պալատների անդամները ընդհամենը տասն են և նույնական են բոլոր գործերով, «Սա Վենետիկի հանձնաժողովը հավանաբար չի կանխատեսել»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո