կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-13 13:40
Քաղաքական

«Սահմանադրության մեջ կան լուծումներ, որոնցով պետք է առաջնորդվել, ոչ թե քաղաքական աղմուկ բարձրացնել»

«Սահմանադրության մեջ կան լուծումներ, որոնցով պետք է առաջնորդվել, ոչ թե քաղաքական աղմուկ բարձրացնել»

Փաստն այն է, որ այսօր մեր խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, այս խնդիրը պետք է հաղթահարվի. լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրության 89-րդ հոդվածում նշված է՝ ԱԺ-ն ընտրվում է  համամասնական կարգով, և պետք է ԱԺ-ում ապահովել կայուն մեծամասնություն:  Հարությունյանի հավաստմամբ՝ սա խորհրդարանական  կառավարման առանցքային լուծումներից մեկն է՝ կայուն մեծամասնության երաշխավորությամբ:

«Նույն հոդվածի երկրորդ մասում նշված է նաև, որ եթե ընտրության արդյունքում կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա երկրորդ փուլ է լինում, իսկ դրանից հետո, նույն խնդրի դեպքում, պետք է նոր ընտրություններ լինեն: Տեսեք՝ ընտրություններից հետո կար կայուն մեծամասնություն, սակայն եթե փլուզվում է այդ կայուն խորհրդարանական մեծամասնությունը, խնդիրն այստեղ է: Այո, այս հարցում օրենսդրության մեջ որոշակի հակասական մոտեցում կա»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական խմբակցությունների ու կոալիցիայի ձևավորումը վերապահվում է  Ընտրական օրենսգրքին, և կոալիցիայի ձևակերպման կարգն ու սահմանափակումները սահմանվում են ԸՕ-ով: Հարությունյանը նշեց, որ հենց ԸՕ-ն դրա համար սահմանել է որոշակի մեխանիզմ, այն է՝  ընտրություններից հետո՝ վեցօրյա ժամկետում, կարող են կոալիցիաներ ձևավորվել, որոնք կապահովեն կայուն մեծամասնություն:

«Խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը ստեղծում է լուրջ խնդիրներ՝ ԱԺ-կառավարություն, ԱԺ-այլ ինստիտուտներ հարաբերություններում: Հայաստանի համար այսօր անհրաժեշտ է, որպեսզի մշտապես առկա լինի կայուն խորհրդարանական մեծամասնությունը: Այսինքն՝ եթե դա բացակա է, պետք է լուծումներ գտնել: Եթե ԱԺ-ն առաջնորդվեր Սահմանադրության տրամաբանությամբ, կարող էր հավաքվել և 92-րդ հոդվածում փոփոխություն կատարել, քանի որ այդ հոդվածում փոփոխությունը հանրաքվեով չէ նախատեսված, այլ ԱԺ-ն կարող է կատարել այն»,- ասաց Հարությունյանը:

Նրա գնահատմամբ՝ Սահմանադրության մեջ լուծումներ կան, և պետք է ավելի շատ այդ լուծումներով առաջնորդվել, այլ ոչ թե քաղաքական աղմուկ բարձրացնել: