կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-28 10:54
Հասարակություն

Մեր բանակը

Մեր բանակը

1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որն էլ դարձավ զինված ուժերի ստեղծման սկիզբը: Անկախության դեռեւս կարճ ճանապարհ անցած մեր երկրում բանակի ստեղծումը ամենակարեւոր ձեռքբերումն է:

 

Հայաստանի նոր պետականությունը ծնվեց Ղարաբաղյան շարժման բովից: Դժվարին եղավ անկախ պետության կայացման շրջանը: Առարկայական ու ենթակայական, արդարացված ու չարդարացված դժվարությունները հուսախաբություն ծնեցին մարդկանց մեջ, թերահավատություն առաջացավ այն արժեքների ու գաղափարների նկատմամբ, որոնք դեռ վերջերս մեկ միասնական բռունցք էին դարձրել ազգին: Հակասական իրականությունից եւ օրվա «հերոսներից» հիասթափությունը սերմանեցին կրավորականություն ու պառակտում, դեռ երեկ տանկերի դեմ շղթա կազմած մարդիկ թափ տվեցին ձեռքերը հավաքական նպատակի ու հավաքական պատասխանատվության վրա եւ անձնական հոգսերին հետամուտ` բռնեցին օտարության ճամփաները: Եվ միակ հենասյունը, միակ վստահությունը մնաց մեր բանակը, հզոր բանակը, որը հաղթանակով պսակեց Արցախի ազատագրության կռիվը, բանակ, որը թույլ չի տա օտարին ասպատակել մեր սահմանները եւ կպաշտպանի հայ մարդու անվտանգությունը:

 

21-ամյա բանակն ունի կենսագրություն, լավ ու փառապանծ օրերը, նաեւ օրեր, որ շատ պիտի ուզեինք, եղած չլինեին, բայց կատարված իրողություն են: Թե' լավ եւ թե' վատ օրերից հրաժարվել չենք կարող, որովհետեւ դրանք մեր հավաքական կենսագրությունն են: Այսօր էլ բազմաթիվ անգամներ ենք լսում, թե ինչպես մեր բանակում դեռ կան մերժելի երեւույթներ, իրենց գործին ոչ տեղյակ սպաներ, զինվորներ, որոնք հայտնվել են բանակում որպես պատահական մարդիկ: Պետության անխնա թալանը մի մասով էլ այսօր տարածվում է բանակի վրա, կա հիասթափություն, ծնողներից շատերն ամեն գնով ձգում են` զավակը չծառայի, եւ դա անում են, Հայաստանից փախչելով կամ գնելով զինգրքույկ, թեկուզ՝ ծառայությանը ոչ պիտանի նշումով: Այսօր էլ հանդիպում ենք պատերազմում հաղթանակած, բայց հետագա կյանքում տեղ չգտած վիրավոր, հաշմանդամ եւ պետության ուշադրությանը չարժանացած զինվորի, ազատամարտիկի: Դա նրանից է, որ մեր 22-ամյա պետությունը դեռ չի հաղթահարել խարխափումների ջրապտույտը: Բայց, այդուհանդերձ, հուսանք, որ նման դեպքերը հասնելու են նվազագույնի:

 

Մեր բանակը հաղթող է, պետք է մնա այդպիսին, եւ դրան հասնելու համար բոլորս պետք է նպաստենք բանակաշինության գործին: Ինքներս պետք է լինենք ուժեղ մեր ներքին կյանքում, որպեսզի զինվորը ամուր կանգնի սահմանին՝ իմանալով՝ ինքը պաշտպանում է ամուր, ինքնիշխան, ազատ ու անկախ պետության եւ նրա քաղաքացիների անվտանգությունը: Բանակը պետք է արտաքին սահմանները պաշտպանելու համար, եւ մենք էլ՝ որպես ժողովուրդ, զինվորի նման պետք է կարողանանք պաշտպանել արդեն մեր ներքին սահմանները` ներսի ու դրսի թշնամուց: Հավաքականությունն է, որ կարող է ամեն ինչի դեմն առնել: Բանակը հայկական պետության զարգացման ու հաջողության գլխավոր գրավականներից մեկն է: Սա մեր բանակն է, որով հպարտանում ենք ամեն օր:

 

ԵՐԿԻՐ