կարևոր
3667 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-26 16:32
Քաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Սրբազան պայքարի մեր կամավոր բանակը

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Սրբազան պայքարի մեր կամավոր բանակը

Սույն թվականի հունիսի 17-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ ավարտվեց շարժման առաջին հանգրվանը: Որպես առաջին հանգրվանի սահմանագիծ նա մատնանշեց հունիսի 12-ի հանրահավաքը, որի ժամանակ, վարչապետի անմիջական հանձնարարությամբ, ոստիկանությունը կիրառեց վտանգավոր պայթուցիկ միջոցներ՝ վիրավորելով 100-ից ավելի քաղաքացիների: Մի շարք մասնակիցներ խոշտանգվեցին բորենիների ոհմակ հիշեցնող ոստիկանական խմբերի կողմից:

Ի դեպ, Սրբազանը տեղի ունեցածը համեմատեց 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների հետ, հատկապես այն առումով, որ երկու դեպքում էլ սադրիչը նույն մարդն էր ̀ առաջին դեպքում որպես ընդդիմադիր գործիչ, իսկ երկրորդ դեպքում որպես իշխանության ղեկավար:

Ինչ վերաբերում է շարժման ընթացքը և առաջիկա անելիքները, որպես անցած ու գալիք փուլեր, սահմանազատելուն, ապա պետք է համարել տրամաբանական, քանի որ թե՛ ազգային հոսանքի գործունեության առումով և թե՛ իշխանության կիրառած հակամիջոցների տեսանկյունից ակնհայտ է, որ տեղում չդոփելու, այլ նոր թափով ու մակարդակով առաջ գնալու համար անհրաժեշտություն կա մի պահ կանգ առնելու, արժևորելու ձեռք բերածը, վերադասավորելու հնարավորությունները, կազմակերպչական առումով նոր թափ հավաքելու և առավել հուժկու ձևով շարունակելու պայքարը մինչև հաղթական ավարտ:

Ազգային փրկության սրբազան այս պայքարի մասնակիցներին եթե կոչենք կամավորական բանակ, ապա պետք է նաև արձանագրենք, որ այս կամավորական բանակի հավատի ու վճռականության չափն են ուղիղ համեմատությամբ պայմանավորելու շարժման և՛ հաղթանակը, և՛ այդ հաղթանակի ժամկետը: Նույն տրամաբանությամբ պետք է հասկանալ, որ այս պարագայում կասկածն ու հուսալքությունը շարժման համար կունենան մահացու նշանակություն: Հոռետեսության և դրանից բխած կրավորականության ճիրաններում չհայտնվելու համար անհրաժեշտ է ճիշտ արժևորել առկա իրավիճակը, գնահատել, թե ինչն է հաջողվել ու ինչը ոչ, դրանց առարկայական ու ենթակայական պատճառները, ինչպես նաև նպատակին հասնելու հնարավորություններն ու մարտավարությունը:

Որոշ մարդիկ այն տպավորությունն ունեն, թե Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլեց Երևան և իշխանությունը գրավեց, իսկ ազգային ուժերի հինգ տարի գործադրած ջանքերն անցել են ապարդյուն:

Նախ ազգային ուժերի դեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պայքարը սկսվել է դեռևս հեռավոր 1990-ականներին ̀ սկզբում որպես լրագրող, այնուհետև քաղաքական կազմակերպությունների փաստացի անդամ և ղեկավար:

Սրանով հանդերձ, կարևորագույն հանգամանքն այն է, որ հեղափոխությունները հեշտ են արդյունքի հասնում, երբ դրանք ունեն արտաքին հովանավորություն, կամ տեղի է ունենում գործող իշխանության երկփեղկում: Մեզանում երկրորդի օրինակ էր 1998 թ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից իշխանության խաղաղ փոխանցումը վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ու նրա կողմնակիցներին:

Առաջինի օրինակը Նիկոլ Փաշինյանի «Թավշյա», իրականում «Գունավոր» հեղափոխությունն էր արտաքին հովանավորությամբ: Իսկ արտաքին հովանավորությունը նախ և առաջ նշանակում է, հատկապես հեղափոխական գործի համար որոշիչ նշանակություն ունեցող, ֆինանսական միջոցների ապահովումը, այնուհետև քարոզչաքաղաքական աջակցությունը, միաժամանակ արտաքին փափուկ կամ կոշտ ճնշումը գործող իշխանության վրա: Այդ բոլորը 2018 թ. շռայլորեն տրամադրված էր Հայաստանում արտաքին ուժերի դրածոներին: Գաղտնիք չէ նաև, որ այդ հեղաշրջման գործում ամենակարևոր գործոններից մեկը եղավ դրսից հրահանգով փողոց դուրս եկած ամբոխի մեծ զանգվածը, որը բաղկացած էր ԼԳԲՏ համայնքից (իշխանափոխությունից հետո իրենք հրապարակավ հայտարարեցին այդ մասին), աղանդավորներից և իրավապաշտպանական, բնապահպանական ու զանազան այլ, արտաքին ուժերին ենթակա Հ/Կ-ներից, որոնք նախկինում բզկտում էին օրվա իշխանություններին, իսկ 2018 թվականից հետո համրացան ու հարմար տեղավորվեցին նոր իշխանության փափուկ ծալքերում: Բավական է ասել, որ միայն աղանդավորները Հայաստանում հաշվվում են բնակչության 10 տոկոսը:

Այս իմաստով հինգ տարի պարբերաբար բռնկված ժողովրդային շարժումների չհասնելը վերջնական արդյունքի ակնհայտ փաստն է այն իրողության, որ այդ շարժումները չեն ունեցել արտաքին հովանավորություն:

Ավելին, եթե 2018 թվականին արտաքին ուժերն ակնհայտորեն աջակցում էին Հայաստանում տեղի ունեցող «հեղափոխությանը», ապա դրանից հետո և հենց այս օրերին նույնքան բացահայտորեն աջակցում են արդեն իշխանության վրա գտնվող նույն ուժին: Իհարկե մենք վայրկյան անգամ չպետք է վատ զգանք, որ ազգային շարժումն արտաքին հովանավորներ չունի, այլապես դա արդեն ազգային անկախ շարժում չէր լինի: Մյուս կողմից, իրականությունը փաստում է, որ դրածո իշխանություններն իրենց քաղաքական գործունեությամբ ամբողջովին մնում են «հովանավորների» խամաճիկն ու ծրագրերի գործադրողը (ով վճարում է նա էլ պատվիրում է երաժշտությունը): Միայն նման իշխանության օրոք կարող էր Ամերիկայի նախագահի անվտանգության գծով խորհրդականի գալ, հայտարարել, Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխության մասին դեպի Արևմուտք ու Թուրքիա, իսկ դրանից հետո Հայաստանի իշխանությունը պետք է վարեր մի քաղաքականություն, որը հակասելու էր Հայաստանի ազգային շահերին, սակայն բխելու էր նույն ուժերի շահերից և նպատակներից: Եվ այս ուղղությամբ ամենացավոտը եղավ Արցախի հանձնումը, իսկ այժմ տեղի է ունենում Հայաստանի ռազմավարական հնարավորությունների հանձնումը Արևմտյան բլոկի ներկայացուցիչներ Թուրքիային և Ադրբեջանին:

Բնականաբար ազգային ուժերի իշխանության գալը վերջին բանն է, որի, որպես կատարված իրողության հետ, կարող է հաշվի նստել որևէ արտաքին ուժ: Հայաստանի պես փոքր պետության համար մեծ շռայլություն է անկախ քաղաքականության որդեգրումը, ինչը գոյություն չունի արդեն վեց տարի, Հայաստանի, որպես պետության, հեղինակությունը միջազգային թատերաբեմում հավասարեցնելով զրոյի:

2018 թվականի «Թավշյա հեղափոխության» նպատակներն ու ծրագրերը զուրկ էին ազգային հիմքից ու նպատակներից, նրանցում խոսք չկար Արցախի, ցեղասպանության, Հայ դատի խնդիրների վերաբերյալ, այլ տեղայնացվել էին գունավոր հեղափոխությունների վերազգային կարգախոսերն ու պահանջները:

Ի դեմս սրբազան պայքարի՝ հրապարակ են բերվել ազգային, հիմնահարցեր և նպատակներ, որոնք էլ իրենց շուրջ համախմբել են համապատասխան մտածողությունն ունեցող մարդկանց: Հոգևոր հոր կողմից այս շարժման առաջնորդությունը նշանակում է, որ այն նախ և առաջ, հետապնդում է երկրի բարոյական, ու հոգևոր ինքնամաքրման նպատակը: Ի դեմս Բագրատ Սրբազան Գալստանյանի՝ այսօրվա ազգային շարժումն առաջնորդում է մի գործիչ, ով օժտված է ազգային առողջ մտածողությամբ, արյամբ ու ոսկորով կրողն է ազգային ինքնության: Բագրատ Սրբազանի հաճախակի հնչող հայտարարություններն այն մասին, որ մենք մենակ ենք և մեր խնդիրները միայն մենք պետք է լուծենք, զուգահեռ է գծում հարյուր տարվա հեռավորության իրադարձությունների հետ՝ հիշեցնելով Սարդարապատն ու անկախություն կերտած սերնդին: Այս սկզբունքն ամրակայելով որպես վաղվա Հայաստանի պետական մտածողություն, մենք մեր հայրենիքը ոչ միայն կարող ենք դուրս բերել այս անարգված, ստորադասված վիճակից, այլև ուրվագծել ապագայի լայն հեռանկար: Սրբազան հոր հաջորդ առավելությունը, որը վերածվում է շարժման առավելությանը մինչև հաղթական հանգուցալուծում պայքարելու նրա վճռական ու անկոտրում կամքն է:

Պայքարի երկրորդ փուլ Սրբազան շարժումը կմտնի ավելի մաքրված ու բյուրեղացած, ավելի փորձառու և իմաստնացած: Շարժումը պետք է շարունակի հստակեցնել իր նպատակները և կոնկրետացնել գործողությունների ճանապարհային քարտեզը: Պայքարը չի կարող հաջողել, եթե չունենա համահայաստանյան ընդգրկում, համադրված համազգային գործունեություն ̀ եթե իհարկե ստեղծվեն շարժման տեղական մասնաճյուղեր ըստ բնակավայրերի և աշխատանքային, մասնագիտական ու այլ հանրույթների: Սրբազան այս պայքարն օտարի դրածոներից ազատագրման ու երկրի փրկության համար է, հետևաբար նրա լինել-չլինելու մասին բոլոր խոսակցությունները դատարկաբանություն են և չկայացած մարդկանց ինքնադրսևորվելու առիթ ̀ շարժումն այլընտրանք չունի: Կամավորական այս բանակին չդավաճանելով՝ մենք պետք է փաստենք հայրենիքին մեր նվիրվածությունը և արդարացնենք մեր գոյությունը նախ ̀ սեփական աչքում:

Կամավոր բանակը բանակ է պայմանավորված, ոչ թե իր՝ անդամների քանակով, այլ նրանց նվիրվածության չափով: Սրբազան պայքարը շարունակվում է:

«Դրօշակ» թիվ 6, 2024թ.