Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը կալանքի տակ է արդեն մի քանի ամիս և մեղադրվում է տարբեր քաղաքացիներից 100-ական դոլար կաշառք պահանջել-ստանալու համար։ Ինչպես տեղեկացանք datalex տեղեկատվական համակարգից հիշյալ գործը գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում:
Ըստ մեղադրանքի Հակոբ Հաջի-Հակոբյանը 2008թ. մարտից մինչև 2011 թվականի հուլիսն աշխատել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, իսկ 2011թ. հուլիսից մինչև 2012թ. սեպտեմբերի 9-ը հանդիսացել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ: Ըստ մեղադրական եզրակացության` նա, շահադիտական դրդումներից ելնելով, Թուրքիայից Հայաստան վերադարձող և անձը հաստատող փաստաթղթեր չունեցող կամ փաստաթղթերի հետ խնդիրներ ունեցող Հայաստանի քաղաքացիներին 1-2 օրվա ընթացքում վերադարձի վկայական տրամադրելու համար` Վրաստանում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական Անժելա Օվանեսյանի և Բաթում քաղաքում բնակվող ՀՀ քաղաքացի Նանե Ղավալբաբունցի միջնորդությամբ և օժանդակությամբ, վերադարձի վկայական հայցող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, որպես կաշառք, պահանջել ու ստացել է 100-ական ԱՄՆ դոլարի չափով հավելյալ գումարներ:
Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Հակոբ Հաջի-Հակոբյանը հիշյալ արարքը կատարել է «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու կարգ»-ի պահանջների խախտմամբ` առանց ՀՀ ԱԳՆ հարցում ուղարկելու և պատասխան ստանալու: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: