կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-13 16:25
Իրավական

Հարսը մեղադրվում է նախկին դատախազ սկեսրայրից 255 հազար դոլար գողանալու մեջ

Հարսը մեղադրվում է նախկին դատախազ սկեսրայրից 255 հազար դոլար գողանալու մեջ

«Հենա մի պրեզիդենտի տուն մտնես, էդքան կանխիկ փող չի լինի, էնքան ա` մի ահռելի գումար են ասել. 300 հազար դոլար ո՞նց կլիներ իրենց տանը»,- այսօր դատարանում ցուցմունք էր տալիս ամբաստանյալի հայրը:

 

Համաձայն մեղադրականի` 40-ամյա Հռիփսիմե Խաչատրյանը ամուսնու տանը բնակվելու ժամանակ` 2010-2012 թվականներին, մաս-մաս գաղտնի հափշտակել է ամուսնու ծնողների ոսկյա և թանկարժեք քարերով զարդերը, ոսկյա և արծաթյա սպասքը, որոնց ընդհանուր արժեքը եղել է մոտ 255 հազար դոլար:

 

Դրանից բացի` Հռիփսիմեն 2012 թվականի հունվարի 20-ին հեռախոսով զրուցել է Ռուսաստանում ապրող` ամուսնու մորաքրոջ հետ, խնդրել պարտքով 4000 դոլար գումար ուղարկել իրեն, ասել է, թե ամուսինը պարտքեր ունի, պիտի մարի: Որոշ ժամանակ անց` 2012-ի մայիսին, Հռիփսիմեն նորից կապվել է ամուսնու ազգականների հետ, այս անգամ` պարտքով խնդրել 12 հազար դոլար` բացատրելով, թե ամուսնու եղբայրը մեծ պարտքեր ունի, և իրեն ու իր երեխաների կյանքին ու առողջությանը սպառնում են պարտատերերը: 

 

Հռիփսիմեի հայրն իր ցուցմունքում նշեց, որ իր աղջիկն այդ զարդերը, ոսկե և արծաթե սպասքը վաճառել է իր ամուսնու` տուժող ամուսինների որդու անմիջական մասնակցությամբ: «2001 թվականից իրենց ընտանիքում հարս է եղել: Երեք երեխա է ունեցել, մեկը մահացել է: Ճիշտ է, իրենք նյութապես ապահովված են եղել, բայց փող չեն տվել իրեն»,- ասաց վկան` նշելով, որ երեխաների կամ իրենց համար ինչ-որ բան առնելու համար ստիպված են եղել նման բան անել:

 

Իսկ ավելի ուշ արդեն տոկոսով գումար է վերցրել հարևաններից` մոտ 5-10 տոկոսով: Մեկի պարտքը փակելու համար մյուսից է պարտք վերցրել, և այդպես շարունակ: Մոտ 7-8 վաշխառուից գումար են վերցրած եղել և հենց տոկոսադրույքները փակելու համար էլ ստիպված են եղել թանկարժեք իրերը վաճառել:



Վկայի խոսքով` պարտքի մայր գումարը կազմել է շուրջ 30-35 հազար դոլար, իսկ տոկոսները` 60-70 հազար դոլար, վաշխառու հարևանները շարունակել են պահանջել ևս 150 հազար դոլար: «Բա ծուղակի մեջ գցեցին` մեկը մեկին պաս տալով,- ասաց ամբաստանյալի հայրը, նշեց նաև, որ, իր իմանալով, պարտքերի մի մասն էլ Հռիփսիմեն վերցրել է տագոր` Տիգրանի պարտքերը փակելու համար: Եվ այդ պարտքերի մասին իմացել են ընտանիքի անդամները. « … Բայց հիմա բոլորը հետ քաշվեցին, մնաց ինքը մենակ, սաղ իր գլխին կոտրեցին»:

 

Վկան իր խոսքում մի քանի անգամ շեշտեց տուժողի` Հռիփսիմեի սկեսրայրի` նախկինում դատախազ լինելու հանգամանքը: Ասաց, թե իր տունը երկու անգամ խուզարկել են, ոչ մի կտոր ոսկի չեն գտել, իսկ ահա տուժողի բնակարանը չեն մտել. «Օրենքն իմացող մարդ ա, չի թողել»: Վկայի խոսքով` նախաքննության ժամանակ չեն ստուգվել նաև Տիգրանի հաշվեհամարները, գրավատների հետ կապ ունենալու հանգամանքը:

 

Հերթական անգամ, երբ վկան խոսեց նախկին խնամու` դատախազ լինելու մասին, տուժողն ընդհատեց. «Ինձ մի խառնի, ես նրա համար չեմ, որ աղջկադ բազարը փակեմ»:

 

Ամբաստանյալի շահերը պաշտպանող փաստաբան Արթուր Ալիխանյանը նշեց, թե մեղադրականում նշվում է, որ հափշտակված գումարները կինն ամբողջությամբ ծախսել է իր կարիքների համար,  և հարց տվեց վկային, թե այս ընթացքում նրա աղջիկը որևէ թանկ գույք գնե՞լ է` մեքենա, բնակարան և այլն:

 

«Ոչ մի բան էլ ձեռք չի բերել: …Իմ տուն մի լումա էլ չի բերել: …Էկեք իր պահարանը նայեք, տեսեք` 300 հազար դոլարանո՞ց են շորերը, թե՞ 3000 դրամանոց»,- պատասխանեց վկան:

 

Նա պատմեց նաև, որ դստերը բազմիցս զանգել, ահաբեկել են պարտատերերը: «Հղիության ժամանակ ի՛նչ տանջանք է տարել: Զանգել են, վախեցրել, սպառնացել: Սա էլ վախից ինձ բան չի ասել:  Վիրահատությամբ է երեխային ունեցել, 45 րոպե կլինիկական մահվան մեջ է եղել»,- պատմեց ամբաստանյալի հայրը:

 

Նա պնդում էր, որ 300 հազար դոլարը չափազանցված է: Եվ շատ հավանական է, որ աղջկա սկեսուրն ու սկեսրայրը ոսկիների մի մասը տեղափոխել են այլ վայր, բայց ներկայացնում են, թե ամբողջն անհետացել է:

 

Վկայի խոսքով` 2012 հուլիսին, երբ այս պատմությունը բացահայտվել է, իր դուստրն էլ մեղքն ընդունել է, աաղջկա` հորական տուն տեղափոխվելուց հետո, ինքն է փորձել այդ պարտքերի մի մասը մարել, 12 հազար դոլար գումար է տվել պարտատերերին ու ընկել աղքատության մեջ: «Ես դեռ 150 հազար էլ հետ կբերեի, եթե մեջքիս կանգնեին: Ափսոս, մեռնում եմ` 1-2 ամսվա կյանք է մնացել…»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է այն դրվագին, որ իր աղջիկը Ռուսաստանում ու Գերմանիայում ապրող` ամուսնու բարեկամներից խարդախությամբ գումարներ է վերցրել, վկան ասաց, որ իր դուստրը բավարար չափով ռուսերեն չգիտի, որ կարողանար բացատրել նրանց, թե ինչ է ուզում և ինչի համար: Ի դեպ, տուժողների համար դատարան է կանչվել թարգմանիչ, և այսօրվա դատական նիստում վկային նախկին սկեսուրը հարցեր էր տալիս ռուսերենով:

 

Հարցաքննության ժամանակ, երբ վկային հարցեր էր տալիս ամբաստանյալի նախկին սկեսրայրը, կրքերը թեժացան և նույնիսկ վիրավորական արտահայտություններ հնչեցին: Սկեսրայրը նախկին հարսի հորը հարցերի միջոցով հիշեցնում էր, թե ինչ լավություններ է արել նրան ու նրա ընտանիքին, պնդում, որ իրենց տանը նրա աղջիկը նյութապես ապահովված է եղել: Հռիփսիմեի հայրը պատասխանեց. «Իմ աղջիկը ձեր տանը քոծ է եղել: Քո շորերն էլ է լվացել, հարթուկել: Մարդիկ գնում են Ամերիկա, քոծություն են անում, փող աշխատում»:

 

Դատարան էր հրավիրվել նաև վկա Ալբերտ Սարգսյանը, ով զբաղվում է ոսկու և արծաթի առքուվաճառքով: Նա դատարանին հայտնեց, որ հիշողության հետ կապված խնդիր ունի և խնդրեց հիմք ընդունել նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքները: Համաձայն այդ ցուցմունքների` նա Հռիփսիմեի ամուսնուց, ով եղել է ճաղատ և մի քիչ կաղալով է քայլել,  մի քանի անգամ ոսկու և արծաթի ջարդոն է գնել: Նա ասել է, թե ջարդոնն իրենը չէ, մի մեծ կնոջ է պատկանում, և առուվաճառք անելիս հեռախոսով համաձայնեցնել է ինչ-որ մեկի հետ:

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է այս գործով վկաների հարցաքննությունը: Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 22-ին է նշանակվել:

 

Հ.Գ. Ամբաստանյալի և տուժողների անունները փոխված են: