կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-21 11:12
Առանց Կատեգորիա

Սամբիստների ''ժամանակը''

Սամբիստների ''ժամանակը''

ՀՀ Ընտրական օրենսգիրքն արգելում է բաց քվեարկությունը: Դրանով փորձ է արվում քվեարկության բուն օրը բաց քվեարկության արգելմամբ արգելել նաև քարոզչությունը: Մերոնք թեև սրբորեն պահպանում են այս օրենսդրական արգելքը, բայց նաև գտել են այն «փոխհատուցելու» ձևերը: Դրանցից մեկն այն է, երբ մարդը «բաց» քվեարկում է քվեարկությունից դեռ շաբաթներ առաջ՝ նույնիսկ քարոզարշավը չսկսված: «Բաց» քվեարկության, նույնն է թե՝ որևէ թեկնածուի շողոքորթելու մարմաջը երբեմն այնքան վարակիչ է լինում, որ դրանով բռնվում են ոչ միայն անհատները, այլև առանձին կազմակերպություններ, աշխատանքային կոլեկտիվներ ու նույնիսկ մարզական կառույցներ:

 

Օրերս լրատվամիջոցներով տարածվեց ՀՀ սամբոյի ֆեդերացիայի գործկոմի հայտարարությունը, որով հրապարակվեց հայ սամբիստների որոշումը՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրություներում նախագահի թեկնածու Ս. Սարգսյանին սատարելու մասին: Հայտարարության պաշտոնական տեքստը հավաստում է, որ որոշումն ընդունվել է «գրեթե առանց բացառության», այսինքն՝ սամբոյի ֆեդերացիայի գործկոմականները մի մարդու պես կանգնած են Ս. Սարգսյանի կողքին, ի դեպ, եզդիների հարևանությամբ, որովհետև սամբիստներից առաջ սրանք էին հայտարարել նախագահի «կողքը» բռնելու` իրենց համազգային նվիրումի մասին:

 

Եզդիների հետ այս համեմատությունը, սակայն, երգիծանքի ոլորտից չէ. պարզվում է՝ խոր ընդհանրություն կա եզդիների և հայ սամբիստների միջև, քանի որ եզդիների նման հայ սամբիստներն էլ են միահամուռ կանգնած Ս. Սարգսյանի կողքին: Բայց սա այն դեպքերից է, երբ մենք հակված ենք ավելի շատ հավատալ եզդիների նվիրումին, քան հայ սամբիստների, որովհետև եթե եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանի հայտարարությունն անկեղծության առումով կասկածի տեղիք գրեթե չի տալիս, ապա միանգամայն կասկածելի է սամբոյի ֆեդերացիայի գործկոմի հայտարարության այն հատվածը, որտեղ խոսվում է «բազմահազար սամբիստների»՝ փետրվարի 18-ին Ս. Սարգսյանի օգտին քվեարկելու «պատրաստակամության» մասին:

 

Ի՞նչ գիտեք, որտեղի՞ց գիտեք, հարգելի' գործկոմականներ, որ «բազմահազար սամբիստները» քվեարկելու են հենց ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Հանրային գիտակցության մեջ մարզական կազմակերպություններն ու միությունները սովորաբար երևակվում են իրենց քաղաքական լոյալությամբ, եթե չասենք՝ չեզոքությամբ: Նույնիսկ նախագահի անձնական ղեկավարության ներքո գտնվող հայ շախմատիստները, կարծեմ, դեռ չեն հայտարարել իրենց ղեկավարին սատարելու պատրաստակամության մասին: Բայց, ինչպես երևում է, ժամանակները փոխվում են, իսկ ՀՀԿ-ի իշխանության օրոք ժամանակները նաև աղարտվում են: Այնպես, ինչպես դա պատահեց դեռ պաշտոնական քարոզչությունը չսկսված՝ «բազմահազարանոց» բանակով գործող նախագահի օգտին միահամուռ քվեարկող հայ սամբիստների ժամանակի հետ:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ