կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-14 22:12
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետական պահուստից մինչև պարենային անվտանգության ռազմավարություն՝ բազմաթիվ բացեր ունենք․ տնտեսագետ

Ալյուր ամբարելու կարիք չկա, որովհետև Ռուսաստանը չի արգելել ալյուրի արտահանումը ԵԱՏՄ երկրներ և ալյուրի դեֆիցիտ բացարձակ չի լինելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Հարություն Մնացականյանը՝ մեկնաբանելով առաջին անհրաժեշտության պարենային որոշ ապրանքների արտահանման արգելքը Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ։

Նա նշեց, որ լուրջ խնդիրների բախվելու են անասնապահական և թռչնաբուծական ընկերությունները, որովհետև արգելքը վերաբերում է գարուն, եգիպտացորենին, տարեկանին, ցորենի ֆուրաժային տեսակին, որը որպես անասնակեր են օգտագործում, և շուկայում արդեն ցորենի և գարու գները 150 դրամից հասել են 220 դրամի։

«Սա լուրջ ազդեցություն է թողնելու անասնապահության ոլորտում արտադրանքի ինքնարժեքի վրա, և շատ հնարավոր է բարձր ինքնարժեքի պայմաններում ներմուծումն ավելի շահավետ լինի, քան տվյալ գնով տեղական արտադրանք սպառելը, ինչը կհանգեցնի անասունների և թռչունների գլխաքանակի նվազման։ Այսինքն, միսը կթանկանա այնքան, մինչև ներկրումն ավելի շահավետ լինի և կսկսեն մորթել անասուններին և թռչուններին»,-ասաց Հարություն Մնացականյանը։

Սա լավագույն դեպքում, ընդգծեց նա, եթե մեր որոշ խոշոր տնտեսվարողներ ամբարած ունենան առնվազն 5 ամսվա անասնակերի պաշար։ Եթե ամբարած չունեն՝ կունենանք անասնակերի լուրջ դեֆիցիտ, և այդ պարագայում պետությունն ամեն ինչ պետք է անի, որ Ռուսաստանից լիցենզիա ստանանք և գոնե որոշակի քվոտաներով ներմուծենք և բավարարենք պահանջարկը։

Հայաստանում զգալի թանկացել է նաև ձեթը․ տնտեսագետը վստահեցնում է, որ սա հիմնավորված չէ, պարզապես հիմա խուճապ է՝ բնակչությունը ձեթը մեծ քանակներով պահեստավորում է, և հենց այդ խուճապն անցնի՝ ձեթի գինը կա՛մ կիջնի, կա՛մ այս գնի վրա կմնա այնքան, մինչև Ռուսաստանը որոշի թանկացնել։ Այս պահին Ռուսաստանը չի թանկացրել, ավելին՝ ռուսական ռուբլու կուրսը խիստ իջել է, ինչն ավելի մատչելի է դարձնում ձեթի ներկրումը, բայց Հայաստանում անբարեխիղճ կերպով թանկացրել են։ Տնտեսագետն ասում է՝ դրան, թերևս, նպաստել է նաև հանգամանքը, որ մոտ 15 օր Լարսի անցակետը փակված է և ոչ մի տեսակի ապրանք Ռուսաստանից Հայաստան չի մտնում։

«Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, բնականաբար, օգտվում են իրավիճակից գերշահույթ ստանալու համար։ Երբ Լարսի անցակետը բացվի, ձեթի, ալյուրի որոշակի քանակություն մտնի, արդեն ինչ-որ չափով կկարգավորվի շուկան։ Բայց անասնակերի հետ կապված մտավախություն ունեմ, որ  դեռ չէ․ հետագայում թե ինչ կլինի՝ պարզ կլինի»,-ասաց նա։

Հացի դեֆիցիտ Հայաստանում հաստատ չի լինի՝ վստահեցրեց Հարություն Մնացականյանը։

Պետական պահուստների վիճակը նա մենաբանել ձեռնպահ մնաց՝ ասելով, որ ինքը Եվրամիությունում գյուղատնտեսության գծով էքսպերտ է՝ գաղտնիքների է տիրապետում, դրա համար չի կարող որևէ բան ասել։

Օրենսդրական փոփոխությունների կարիք, բնականաբար, կա․ «Հայաստան» դաշինքը մոտ ժամանակներում քայլեր է նախաձեռնելու։

«Պետական պահուստից սկսած մինչև պարենային անվտանգության մեր երկարաժամկետ և կարճաժամկետ ռազմավարությունը՝ մենք բազմաթիվ խնդիրներ ու բացեր ունենք։ Դա պետք է համահարթեցվի, սողանցքաները փակվեն, և հիմնականում հացահատիկային կուլտուրաների՝ Հայաստանում զարգացման համար հստակ հեռանկարային գործառույթներ իրականացվեն, որպեսզի գոնե մեզ մոտ հնարավորինս կարողանանք ավելացնել հացահատիկի և պարենային առաջնահերթ ապրանքների արտադրությունը»,-ասաց տնտեսագետ Հարություն Մնացականյանը։

Մեր երկրում նաև գարնանացանի սերմնացուի խնդիր կա, քանի որ նախորդ տարի պետությունը սուբսիդավորեց, բայց չվերահսկեց, թե ինչ ցորեն են ներկրում, տնտեսվարողներն էլ բերեցին անորակ ցորեն, որը վատ բերք տվեց, ու ծրագիրը փակեցին որպես անարդյունավետ, փոխանակ շարունակելու և վերահսկելու, որ արդյունավետ իրականացվի։

Պարարտանյութերը Հայաստանում ոչ միայն թանկացել են, այլև չկան․ Ռուսաստանը երրորդ երկրով չի  բերում, Իրանինը շատ թանկ է, Կատարից փորձում են բերել՝ չի ստացվում, և եթե որոշ ժամանակ էլ ուշացնեն, արդեն պարարտանյութի կարիք չի լինի ու մենք բերքատվության աննախադեպ անկում կունենանք։ Տնտեսագետը լուծումը համարում է Ռուսաստանի հետ երկխոսելը, որ ինչ-որ կերպ որոշակի քանակով տրամադրի Հայաստանին․ դա պետք է արվի հենց հիմա, քանի որ ամեն օրը նշանակություն ունի, բայց որևէ շարժ այդ ուղղությամբ չկա։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․