կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-16 17:35
Հասարակություն

2012 թ. դեկտեմբերից սիբիրյան խոցի դեպք չի արձանագրվել

2012 թ. դեկտեմբերից սիբիրյան խոցի  դեպք չի արձանագրվել

 

 

ՀՀ առողջապահության նախարարությունը սիբիրյան խոցի առաջին դեպքի մասին ահազանգը ստացել է 2012 թ. հոկտեմբերի 16-ին (Նորք ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացված սիբիրյան խոց, մաշկային ձև, հիվանդության կասկածելի 1 դեպք, Երևան քաղաքի բնակիչ). այս մասին yerkir.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ մամլո պատասխատանու Անահիտ Հայթայանը:

 

Նա նշեց նաեւ, որ համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հիվանդն առնչվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից բերված մսեղիքի հետ: Այդ շրջանում, ըստ Հայթայանի, տեղեկատվություն է ստացվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությունից, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից բերված Երևանում վաճառվող միսը վաճառքից հանվել է, քանի որ վերջինիս լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ։

 

«ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, լաբորատոր հետազոտություններ, բակային համայցեր: Դեպքերը հիմնականում արձանագրվել են Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ և հարակից մի քանի համայնքներում: Հիվանդները հիմնականում եղել են թեթև և միջին ծանրության»,- ասաց Հայթայանը:

 

Նա հավաստիացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից ձեռնարկված միջոցառումների` համաճարակաբանական հետազոտությունների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, լաբորատոր հետազոտությունների, բակային համայցերի, վաղ ախտորոշման և բուժման շնորհիվբնակչության շրջանում հիվանդության հետագա տարածումը հնարավորինս կանխվել է:

 

2012 թ. հոկտեմբերից մինչ օրս արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերից լաբորատոր հետ ազոտությամբ հիվանդությունը հաստատվել է 11-ի մոտ: Հիվանդները հիմնականում հոսպիտալացվել են Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Ըստ նրա, սիբիրյան խոցի դեմ պայքարի և կանխարգելման աշխատանքներն իրականացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան կառույցների համագործակցությամբ:

 

«Իրականացվել է փոխտեղեկատվություն մարդկանց հիվանդացության և կենդանիների անկման յուրաքանչյուր դեպքի մասին, իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ: Գեղարքունիքի մարզում շահագրգիռ կառույցների համագործակցությամբ ձևավորվել է շտաբ-հաձնաժողով, որն ապահովել է բոլոր մարմինների համագործակցությունը։Համակարգված միջոցառումների արդյունքում մարդկանց շրջանում հիվանդության դեպքերը կարճ ժամանակում տեղայնացվել են, դրանց հետագա տարածումը կանխվել է»,- ասաց Հայթայանը` հավելելով, որ 2012 թ. դեկտեմբերից մարդկանց շրջանում սիբիրյան խոցի դեպք չի արձանագրվել։