կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-16 15:32
Առանց Կատեգորիա

Մի՞թե պատրաստվում ենք պատերազմի

Մի՞թե պատրաստվում ենք պատերազմի

Պաշտպանության նախարարությունում նախորդ օրը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստը ոչ միայն հետաքրքրական էր իր աննախադեպ մասշտաբայնությամբ, անցկացման պահի ընտրությամբ, այլ նաև նախագահի կողմից արված խիստ ուշագրավ նոր շեշտադրումներով:

 

Պաշտոնական մեկնաբանությամբ` նիստը հրավիրվել էր անցած տարի կազմակերպված երկու միջոցառումների` ՀԱՊԿ շրջանակներում «Փոխգործակցություն-2012» և պետական ու տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացված Ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժությունների արդյունքների ամփոփման նպատակով: Իրականում, սակայն, սա ընդամենը պատրվակ էր` նախ այն պատճառով, որ երկու զորավարժություններն էլ անցկացվել էին անցած տարի և հատկապես` որովհետև ընդամենը 13 օր հետո լրանում է Բանակի հերթական տարեդարձը, որը նման հաշվետվությունների ներկայացման ու արդյունքների ամփոփման առումով թերևս ամենահարմար պահն է: Դրանից առաջ ընկնելը, ըստ այդմ, ուներ բոլորովին այլ, առավելապես տակտիկական և քարոզչական նպատակներ:

 

Ըստ էության` այս միջոցառմամբ Սերժ Սարգսյանն սկսում է իր նախընտրական քարոզարշավը` անմիջապես հստակեցնելով, որ այն կառուցում է երկու առանցքային գաղափարների վրա: Առաջինը երկրի անվտանգության ապահովմանը և երաշխավորմանն առաջնայնություն, գերկարևորություն տալն է և պետական ողջ համակարգն այդ առաջնայնությանը ծառայեցնելու տրամադրվածությունը: Սա միանգամայն տեղավորվում է դեռ դեկտեմբերին ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի առաջադրած` «Դեպի ապահով Հայաստան» նախընտրական կարգախոսի տրամաբանության մեջ:

 

Երկրորդ գաղափարական առանցքը ոչ միայն պետական կառավարման համակարգը և իշխանական կոնյունկտուրան, այլ նաև ազգային, հասարակական ողջ ներուժն արտաքին մարտահրավերների հանդեպ մոբիլիզացնելու խնդիրն է: Որքան էլ այս առանցքների ձևավորումը այժմեական ու պահանջարկված է, սակայն նախագահի կողմից արտահայտված առանձին մոտեցումների և իրականության համադրությունը ցույց է տալիս, որ դրանք առայժմ պարզապես քարոզչական հնարանքների շարքից են: Այն, որ բանակը ազգային ու պետական անվտանգության ամենակարևոր ատրիբուտն է և, ըստ այդմ, ազգային արժեքի նշանակություն ունի, ռացիոնալ մտածող որևէ մեկը կասկածի տակ դնել չի կարող:

 

Սակայն ՊՆ-ում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթում ակնհայտորեն առկա են բանակի դերակատարումը ֆետիշացնելու միտումներ: Օրինակ` դժվար է ըմբռնել` ի՞նչ նկատի ունի նախագահը` հայտարարելով, թե «այսօր մեր առաջ նոր խնդիր է կանգնած` պետական կառավարման ողջ համակարգը համախմբել մեր Զինված ուժերի շուրջ»: Առանց դրա մասին բարձրաձայնելու էլ Հայաստանում պետական կառավարումն իրականացվում է հենց այդ տրամաբանությամբ: Հայաստանում թերևս չկա որևէ այլ պետական հաստատություն, որը ֆորմալ և ոչ ֆորմալ այնքան արտոնություններ ունենա, որքան բանակը, այնքան փակ լինի, որքան բանակը, և, միաժամանակ, որի նկատմամբ հանրությունն այնքան լոյալ գտնվի, որքան բանակի: Գործնականում հանրությունը բանակը թիրախավորում է միայն արձանագրվող սպանությունների, բռնությունների և հատկապես այդ գործերի ոչ լիարժեք բացահայտման կամ դրանց կասկածների առկայությամբ: Մնացած բոլոր ներբանակային երևույթներին արձագանքում է ակնհայտ վերապահումներով ու զգուշավորությամբ: Եվ այսքանից հետո արդեն բանակին պետության ծառայեցումը ֆորմալիզացնելը, ինչը փաստացի փորձում է անել նախագահը, կարող է հանգեցնել այս համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ստեղծված` քիչ թե շատ աշխատող մեխանիզմների խափանմանը: Դա դառնում է իրատեսական հատկապես նախագահի արտահայտած այն մտքի համատեքստում, որ անհանդուրժողականություն պետք է դրսևորել նրանց նակտմամբ, «ովքեր պախարակում և վարկաբեկում են զինված ուժերի պատիվն ու համբավը»:

 

Որքան էլ սա միանշանակ ընդունելի կոնցեպցիա լինի, առանց բանակի պախառակումն ու վարկաբեկումն առողջ քննադատությունից սահմանագծելու` նման ընդհանրացումը կարող է հանգեցնել բանակի «լկտիացման»: Մեր իրականությունից հեռու չէ հենց պախառակման ու վարկաբեկման անվան տակ այլախոհությունն ու քննադատությունը ոչնչացնելու երևույթը: Այնպիսի տպավորություն է, թե նախագահը փորձում է պետության և հասարակության ռազմականացման նախադրյալներ ստեղծել: Մինչդեռ դա կարող է ընկալելի լինել միայն պատերազմական իրավիճակում, կամ երբ պետությունը նախապատրաստվում է պատերազմի: Սա նշանակում է, որ կա'մ նման վտանգ իսկապես կա, և իշխանությունն անցնում է արտակարգ դրության ու հասարակության աստիճանական նախապատրաստությանը, կա'մ հնարավոր պատերազմի կերպարը սկսում է դառնալ գործող նախագահի քարոզչության հիմնական մեխը: Սա ավելի իրատեսական է, քանի որ, խոսելով արտաքին մարտահրավերներից և դրանց շուրջ պետական ինստիտուտների ու հասարակության կոնսոլիդացման մասին, նախագահը մոռանում է խոսել ներքին մարտահրավերներից, որոնք պետական անվտանգության համար պակաս կարևոր չեն: Աղքատության խորացումը, հարաճող արտագաղթը, տնտեսության բացահայտ ու անվերահսկելի մոնոպոլացումը, պետության ու դրա վաղվա օրվա նկատմամբ, անարդարարության չհեռացող համատարած զգացումը, հասարակական անվստահությունն ու նիհիլիզմն այնպիսի մանրուքներ չեն, որ կարելի լինի անտեսել, լռել, աչք փակել: Դրանք հիմա հասարակությանն ավելի շատ են մտահոգում, քան անգամ պատերազմի սպառնալիքը: Սակայն երբ  անվտանգության վերաբերյալ խոսող երկրի ղեկավարը դրանց մասին լռում է, ոչ թե նպաստում, այլ իրականում խոչընդոտում է իր իսկ հռչակած գաղափարական առանցքների ձևավորմանը և վկայում, թե որքան արհեստական են դրանք ու որքան օտարված հասարակության իրական ու ամբողջական ակնկալիքներից:

 

Հետևաբար` թերևս նախ հարկ էր անկեղծորեն խոսել այն մասին, թե ում շուրջ է պետական ու հասարակական մոբիլիզացիա ակնկալում նախագահը` պետությա՞ն, թե՞ անփոփոխելիության բարդույթով տառապող, ինքնասիրահարված ու ինքնաբավ իշխանության, անձնապես ի՞ր, թե՞ նախագահի ինստիտուտի, որն անցած տարիներին այնքան է արժեզրկվել, որ տեղից վեր կացողի համար թվում է պարապ վախտի խաղալիք: Քանի դեռ այս հարցերի պատասխանները չեն ստացվել, նման հավաքներն ընկալվելու են որպես վարչական ամենազոր ռեսուրսի մոբիլիզացիա ու հրահանգավորում և այդ ռեսուրսը հասարակական առողջ շրջանակներին հակադրելու միտում:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ