Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերջին շրջանում դիտարկելով լրատվական դաշտը, նրանց վարկանիշային աղյուսակները՝ ցավով պետք է արձանագրեմ, որ լրատվական ոլորտում սկսել են պահանջարկված դառնալ բամբասանքը, երեւակայական մտավարժանքները։ Փոխարենը դիրքերն են զիջում պրոֆեսիոնալ լրատվամիջոցները։ Ցավալի է, որ երբեմնի արհեստավարժ լրատվամիջոցի համբավ ունեցող որոշ կայքեր տուրք են տալիս ժամանակի այս պահանջին եւ փաստարկված լուրերը փոխարինում են օդից վերցրած, մտացածին նյութերով»: Սա Հանրապետական կուսակցության երիտթեւի կամ, ինչպես կասեր Էդիկ Անդրեասյանը, «մանկապատանեկան խմբակի» ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումն է՝ դրված slaq.am կայքում:
Ուզում էինք չշարունակել ընթերցումը, մեկ էլ աչքի զարնեց մեր կայքի անունը. «Ի գիտություն Yerkir.am կայքի՝ նշեմ, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կուռ կառույց է, այնտեղ «չուզողներ» չկան, եւ պետք չէ այլ կուսակցությունների ծանոթ բարքերը պրոյեկտել մեր ՀՀԿ երիտթեւի վրա։ Պետք չէ վարկանիշ բարձրացնելու համար կորցնել սեփական դեմքն ու պրոֆեսիոնալ որակները»:
Այն, որ լրատվական ոլորտում պահանջարկ ունեն բամբասանքը, երեւակայական մտավարժանքները, համաձայն ենք: Այն, որ հատուկ քարոզչական հնարքներ իրականացնելու համար ստեղծվել են կայքեր, որոնց վերջը հաստատ գալու է փետրվարի 19-ից հետո, շատերը համաձայն կլինեն, ընդ որում` այդ կայքերի մեջ կան նաեւ այնպիսիք, որոնք խնամքով տպագրում են անհերքելին հերքող զանազան գործիչների մտավարժանքները:
Կարեն Ավագյանի գրառումը պատասխան է հունվարի 15-ին մեր կայքում տպագրված լուրի, ըստ որի՝ «...Իշխող ուժում կան մարդիկ, ովքեր քաղաքապետի պաշտոնում չեն ցանկանում այլեւս տեսնել Տարոն Մարգարյանին. նրա հանդեպ դժգոհությունը մեծանում է: Պարզվում է` հատկապես «ջահել ՀՀԿ-ականների» շրջանում են շատացել Տարոն Մարգարյանի «չուզողները»: Նրանք իրենց դժգոհությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ առանց մեծ ջանքեր գործադրելու, հոր բարի համբավի շնորհիվ Տարոն Մարգարյանը հասավ քաղաքապետի պաշտոնին, մինչդեռ իրենք օր ու գիշեր կուսակցությանն անմնացորդ ծառայելու դեպքում անգամ իրենց տեղը չեն գտնում գոնե վարչության պետի մակարդակով, էլ ուր մնաց` պատգամավորի ու այլ բարձրաստիճան պաշտոնների...»:
Մենք գրել ենք շատ պարզ, եւ չնայած մեկանգամյա ընթերցանությունն արդեն բավարար է` լիովին ընկալելու համար, այնուամենայնիվ, կխնդրեինք պարոն Ավագյանին կարդալ մեկ, անհրաժեշտության դեպքում՝ մի քանի անգամ եւս ու գտնել նախադասություն, որում խոսք է գնում ՀՀԿ երիտթեւի մասին: Ինչո՞ւ եք թաքնվում երիտթեւի թիկունքում եւ առավել եւս, ինչո՞ւ ակամայից հաստատեցիք մեր գրածը: Միանգամայն բնական ենք համարում, որ հնարավոր է` կուսակցության ներսում լինեն մարդիկ, որոնք դեմ կլինեն ոչ միայն Տարոն Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, այլեւ անգամ կհանդգնեն դեմ լինել Կարեն Ավագյանի գործելաոճին: Հակառակ պարագայում, եթե Հայաստանի ամենամեծ եւ «ժողովրդավար» կուսակցության մեջ բոլորը համաձայն են նրանց հետ, ուրեմն դա այլեւս մի կառույց է, որտեղ հարգի չէ ինքնաքննադատությունն ու ինքնամաքրումը:
Պաշտոնյային փոխելը չուզողություն համարելով` Կարեն Ավագյանը պնդում է, որ իրենցը ոչ թե կուռ կառույց է, այլ խմբավորում, որտեղ մարդկանց պահելու միակ ձգտումը ինչ-որ ժամանակ պաշտոնի գնալու փափագն է: Ինչ-որ ժամանակն էլ այն ժամանակն է, երբ պաշտոնից հեռացողն արդեն իր «անելիքն» ամբողջությամբ ավարտել է:
Եթե պարոն Ավագյանը ուշադիր ընթերցում է մեր կայքը, ապա կտեսնի, որ կայքի գործունեությունից ի վեր մեր սեփական բազմաթիվ լուրեր բազմակի հերքումների են արժանացել, սակայն արդյունքում կատարվել է այնպես, ինչպես մենք էինք նշում: Մենք ամեն օր չէ, որ, հավաստի աղբյուրների վրա հենվելով, հրապարակում ենք լուրեր, դրանք լինում են քիչ, լինում են շաբաթների, երբեմն՝ ամիսների աշխատանք, բայց երբեք չեն լինում սուտ տեղեկություններ: Լրագրողական փորձը ցույց է տվել, որ հիմնականում հերքվում է այն տեղեկատվությունը, որը հաստատագույնս մոտ է իրականությանը: Ճիշտ եք նկատում, պարո'ն Ավագյան, մենք պրոֆեսիոնալ ենք եւ երբեք տուրք չենք տալիս բամբասանքներին, գրում ենք բաներ, որոնք տեղի են ունենում թաքուն կամ տեղի են ունենալու անգամ ամիսներ անց, բաներ, որոնց շուրջ կան ներքին խաղիկներ, եւ հերքման հետ մեկտեղ ինքներդ ձեզ հարցնում եք՝ տեսնես որտեղի՞ց իմացան: Ձեզ համար հեշտ է հերքելը, որովհետեւ այն, ինչի մասին գրել ենք, տեղի են ունենալու ամիսներ անց, եւ Ձեզ թվում է, թե մենք մինչ այդ կմոռանանք, թե ինչ եք գրել: Հավատացնում ենք Ձեզ, որ` ոչ:
Երբ մենք դեռ շատ ամիսներ առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում, այլ պարզապես մինչեւ դեկտեմբերի վերջ թեման շահարկելու է, որոշ վայ վերլուծաբաններ, որ արդեն իրենց տեսնում էին ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի հեղինակի դերում, կարենավագյանական բառապաշարով հերքումներ էին սփռում իրենց թերթերում ու կայքերում: Ինչ եղավ մեր գրածից ամիսներ անց, արդեն հայտնի է:
Քաղաքապետի աթոռի համար պայքարին քիչ ժամանակ է մնացել, սպասեք մի փոքր եւ կտեսնեք, թե ներսից որքան ճաքեր է տալիս կարենավագյանական կուռ կառուցվածքը: Այսօր ծախու գրչակները, այս կամ այն անձի ու կուսակցության նեղ շահերը սպասարկողները բազմաթիվ են, ովքեր գիշերը չեն քնում եւ պատրաստում են հերքումների տեքստեր՝ ձեռքի հետ իրենց բացահայտելով: Քաղաքական դաշտը վերածվել է ձեռնածության, եւ լրավական դաշտի որոշ հնաբնակներ, ովքեր ամեն տարի մի «գաղափարական հոր» ճամբարում են ձմեռում, նույն ձեռնածությամբ են վարվում նաեւ լրատվական դաշտի հետ: Լսում են լուրն ու պատվեր ստանալով՝ անմիջապես հերքում:
Իհարկե, մենք ուրախ ենք, որ մեր տեղեկությունը լայն արձագանք է ստանում, սակայն ստիպված ենք արդեն որերորդ անգամ անդրադառնալ այն արատավոր գործելաոճին, երբ լրատվամիջոցը, իր հիմնական բանուգործը թողած, զբաղվում է մեկ այլ լրատվամիջոցի հրապարակումները հերքելով: Գուցե նրանց հիմնական անելիքը դա՞ է:
Եվ որպես վերջաբան՝ դիմում ենք Կարեն Ավագյանին` եթե կարծում եք, թե ՀՀԿ երիտթեւի մասին գրելը (լավ կամ վատ՝ էական չէ) որեւէ կայքի, առավել եւս՝ yerkir.am-ին կարող է ռեյտինգ ապահովել, խորին մոլորության մեջ եք: Դուք դուրս եք մեր հետաքրքրությունների շրջանակից: «ՀՀԿ ջահել» արտահայտությունն էլ պարտադիր չէ, որ վերաբերի ՀՀԿ երիտթեւի անդամներին: Այնտեղ կարող ես լինել, ասենք, 40 տարեկան եւ պատգամավոր, 38 տարեկան եւ վարչության պետ, թեկուզ` նախարար, բայց համարվես ՀՀԿ ջահել...