|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Տավուշի մարզպետարանի շենքի հարևանությամբ՝ Իջևանի քաղաքային զբոսայգում, խորհրդային տարիներին անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի քանդակներից մեկը գլխատվել է: Քանդակների այգում բարբարոսության նախորդ դեպքի մասին «Առավոտը» հայտնել է 2012թ. մարտի 1-ին («Գարունն Իջևանում վանդալիզմով եկավ»):
Իջևանի ավագանու անդամ, Իջևանի կոմունալ ձեռնարկության նախկին տնօրեն Սամվել Չիբուխչյանը հայտնել է, որ զբոսայգին 2 պահակ ունի, սակայն նրանք աշխատում են մինչև ժամը 18-ը: Իջևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանն էլ ասել է, որ իրենք նախկինում գրություն են ուղարկել ոստիկանությանը, որպեսզի ոստիկանության պարեկային խմբերի գիշերային հերթապահության տարածքում ընդգրկվի նաև քաղաքային զբոսայգին:
Ըստ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի՝ իրենք դեռ չեն պարզել՝ քանդակը նո՞ր է վնասվել, թե՞ վաղուց: Քաղաքապետի խոսքերով՝ քաղաքապետարանի կողմից վերացվել են քանդակների հանդեպ նախկինում կատարված բարբարոսության հետքերը: Իջևանցիները «Առավոտ»-ի թղթակցին հայտնել են, որ հունվարի 15-ի առավոտյան վնասված քանդակի հետևում ընկած էր դրա պոկված գլուխը:
Թերթի այցելության ժամանակ՝ օրվա երկրորդ կեսին, քանդակի գլուխն անհետացել էր: Տուֆի թափված փոշին վկայում էր, որ քանդակը նոր է վնասվել: