կարևոր
5191 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-27 22:22
Քաղաքական

Ադրբեջանցին անարգել մուտք է գործելու Տավուշի սահմաններից ներս․ պատգամավորի իրազեկման ակցիան Իջևանում

«Մենք այսօր իրականացնում ենք ակցիա՝ ի պաշտպանություն Տավուշում տեղի ունեցող ապօրինի գործընթացի»,- Իջևանում իրազեկման երթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը խոսքն ուղղելով իջևանցիներին ասաց․ «Եթե ինձ չեք հավատում, ձեր ժամանակից մի քանի րոպե տրամադրեք, այցելեք Կիրանց գյուղ, տեսնելու՝ ինչ է կատարվում։ Էս էլ հո մեր քթի տա՞կ է, էս էլ հո Արցախը չէ, որ ասենք՝ Արցախն է, մեզնից հեռու է, էսքան ժամանակ մեզ նեղություն է պատճառել։ Կիրանց գյուղից հետո ապօրինի այդ գործընթացը փորձելու են տեղափոխել այլ գյուղեր։ Չորս գյուղից հետո գործընթացը տեղափոխվելու է Ազատամուտ, այնուհետև Վերին Ոսկեպարի հատվածը։ Սա ամբողջ հայ ժողովրդի և մեր բոլորի խնդիրն է»․-ասաց Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը վստահեցրեց՝ այսօր ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտմամբ տեղի է ունենում ապօրինի գործընթաց, որով միակողմանի զիջում է իրականացվում, և մեր պետական սահմանները ենթարկվում են փոփոխության։

«Տեղի են ունենում ականազերծման աշխատանքներ, որոնցով առաջնագիծը կազմաքանդվում է և ստեղծվում է մի իրավիճակ, երբ ադրբեջանցին անարգել մուտք է գործելու Տավուշի սահմաններից ներս։ Առանց որևէ օրինական հիմքի ադրբեջանցիներին են զիջվում ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող տարածքներ։ Այդ գործընթացի արդյունքում թշնամին հայտնվելու է Կիրանցում։ Անմիջապես գյուղի կենտրոնում հայտնվելու են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները։ Տավուշի մարզը, որը 1990-ականներին ստեղծել է ամուր պաշտպանական հենակետեր, դրանք այլևս գոյություն չեն ունենալու»,-վստահեցրեց Գառնիկ Դանիելյանը։