Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կարծես, հաշտվել է առժամանակ երիտասարդ թոշակառուի կարգավիճակում մնալու փաստի հետ: Այդ կարծիքը ձևավորվում է նախագահական ընտրություններին ցուցաբերած իր պասիվության պատճառներին և Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատմանը վերաբերող` «Մեդիամաքս» գործակալությանը տված նրա հարցազրույցից, որն այլ կերպ, քան նահանջողական ու հարմարվողական, դժվար է համարել: Հարցն այն է, թե արդյո՞ք սա իսկապես զենքերը հանձնելու կապիտուլյացիոն հայտարարություն է, թե՞ տակտիկական մանևր` ոչ թե հեռանալու, այլ իրականում նոր մարտավարությամբ վերադառնալու նկատառումով:
Նախագահական ընտրություններին չմասնակցելու իր որոշումը Քոչարյանը բացատրում է երեք հանգամանքով` «երկու ղարաբաղցի գործընկերների միջև» իշխանության պայքարի` իր համար անընդունելիությամբ, իշխանության պայքարում երեք նախագահների մրցակցության ձևաչափի ստեղծումից խուսափելու ձգտմամբ և իր փորձը, գիտելիքներն ու ժամանակը «քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքին» փոխարինած «մանրածախ քաղաքական առևտրի» վրա չծախսելու տրամադրվածությամբ: Ակնհայտ է, իհարկե, որ սրանք ավելի շատ առկա քաղաքական իրողությունների մենաբանություններ են, քան պատճառաբանություններ:
Տպավորությունն այնպիսին է, թե Քոչարյանը թափանցիկ հասկացնում է, որ իր վերադարձը հնարավոր է համարում գործող իշխանության հետ քաղաքական կոմպրոմիսի գնալու տարբերակով: Եթե այդպես է, ապա գործ ունենք իսկապես տակտիկական մանևրի հետ: Խնդիրն այն է, որ առ այսօր նա երբևէ բարձրաձայն չէր խոսել «երկու ղարաբաղցիների» գործընկերության ֆենոմենի և իշխանության պառակտումը ոչ մի գնով թույլ չտալու` իր սկզբունքային դիրքրոշման մասին: Եթե Քոչարյանը հրապարակավ խոսում է այդ մասին` հասկանալով հանդերձ, թե ինչ արձագանք է այն ստանալու, նշանակում է, որ դրա տակ կա քաղաքական սթափ հաշվարկ:
Քոչարյանը հստակեցնում է, որ իր իշխանությունը վերադարձնելու նախընտրելի ճանապարհ է համարում ոչ թե առճակատումը, քաղաքական մրցակցությունը, այլ իր ժառանգորդից էստաֆետային եղանակով իշխանությունն ստանալը: Այսինքն` անուղղակիորեն հասկացնում է, որ Պուտին-Մեդվեդև փոխատեղումների, ռոտացիայի տարբերակը միանգամայն ընդունելի փոխզիջումային տարբերակ կարող է լինել իր համար:
Ընտրություններից առաջ նման գաղափարներով հանդես գալը ինքնանպատակ չէ: Քոչարյանը հրաշալի հասկանում է, որ կանխորոշված ելքով ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը մտնելու է իր պաշտոնավարման վերջին շրջանը: Իսկ դա նշանակում է, որ նա վաղ, թե ուշ սկսելու է ժառանգորդ փնտրել` իշխանությունը 2018-ին նրան փոխանցելու համար: Եվ, կարծես, Քոչարյանը ոչ միայն Սերժ Սարսյանին փորձում է մտածել տալ «երկու ղարաբաղցիների» միջև իշխանության փոխանցումավազքի մասին, այլև նախանշում է, թե դրան չհամաձայնելու պարագայում ինչ տրամաբանություն է ունենալու քաղաքականության մեջ իր ներգրավվածությունը փետրվարի 19-ից հետո, երբ կսկսվի իսկական պայքարը 2018-ից հետո ձևավորվելիք իշխանության համար:
Եթե Քոչարյանի այս հարցազրույցի իրական նպատակը սա չէ, ապա առնվազն պետք է ընդունել, որ նա համակերպվում է ստեղծված իրավիճակի և իր պարտության հետ: Դեռ 2011թ. Քոչարյանը հստակ հայտարարել էր, թե որ պայմանների առկայության դեպքում է ինքը պատրաստ վերադառնալ քաղաքականություն, այսինքն` պայքարի մեջ մտնել իշխանության համար: Դրանք ևս երեքն էին, սակայն ոչ միայն ոչ մի ընդհանրություն չունեին ներկայիս մենկաբանությունների հետ, այլևս փաստացի հակադրվում էին դրանց: Մասնավորապես` նա հայտարարել էր, թե կվերադառնա, եթե հասարակության տարբեր շերտերի մոտ ձևավորված կլինի իր` մեծ քաղաքականություն գալու պահանջարկ, եթե ունենա ներքին համոզվածություն, որ կարող է արմատապես բարելավել իրավիճակը, որը նաև այն ժամանակ էր խիստ մտահոգիչ որակել, և վերջապես` եթե շարունակվի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավման բացակայությունը, իբրև դրա հետևանք` փակուղային տրամադրությունները և արտագաղթի աճը:
Իր այսօրվա հարցազրույցում նա պնդում է, որ այս հիմնարար գործոնները այսօր էլ լավատեսություն չեն ներշնչում: «Հայաստանից բնակչության արտահոսքի տեմպերը չեն կրճատվում, և սա արդեն նման չէ աշխատանքային միգրացիայի: Ցածր ծնելիության և ծերացող բնակչության պարագայում սա չափազանց վտանգավոր միտում է»,- ասում է նա: Այսինքն` այս մասով դեռ 2011 թվականին նրա նկարագրած իրավիճակը մնում է շարունակական:
Նույն պատկերն է նաև տնտեսության առումով. նշելով, թե նույնիսկ ՀՆԱ-ի 2012թ. սպասվելիք 7% աճի պարագայում մենք համադրելի թվերով չենք հասնելու 2008թ. մակարդակին, Քոչարյանը հասկացնում է, որ ոչ մի էական փոփոխություն նաև այստեղ չի եղել: Հետևաբար` մնում է եզրակացնել, որ եթե նրա ներկայիս մեկնաբանությունները տակտիկական չեն, ապա կա'մ նա մոռացել է նախկինում իր նշած նախապայմանների մասին, կա'մ ներքին համոզվածություն չունի, որ վերադառնալով կկարողանա փոխել իրավիճակը:
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ «երկու ղարաբաղցիների» գործընկերությունը չխախտելու համոզմունքը որևէ դեպքում ավելի գերադասելի չի կարող լինել, քան ծառացած այն անփոփոխ մարտահրավերները, որոնց լուծմանը նախապայմանի արժեք ես տալիս: Մյուս կողմից` Քոչարյանն ինքն է արձանագրում, որ առանց մրցակցության իշխանությունը թեև հանգիստ է քնում, սակայն ժողովուրդը, որպես կանոն, վատ է ապրում: Ով-ով, բայց Քոչարյանն իր փորձից շատ լավ հասկանում է, որ մրցակցությունը ոչ թե մուրում կամ ակնկալում են իշխանություններից, այլ պարտադրում նրան:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ