Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի խորհրդարանի՝ «Եվրանեսթ» Արեւելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հայտարարություն է տարածել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման կապակցությամբ: Հայտարարության մեջ նշվում է, թե «օկուպացված տարածքներում» ցանկացած գործունեություն, առանց Ադրբեջանի համաձայնության, հակասում է միջազգային իրավունքին, Ադրբեջանի ինքնիշխանության խախտում է, միայն Ադրբեջանբի քաղավիացիան կարող է թույլ տալ թռիչքները, ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող օդանավակայանի շահագործման հավաստագիր տալ եւ այլն, եւ այլն: Նաեւ ասվում է, որ ներկա պահին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղված է ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման տարբերակներ մշակելով, օդանավակայանի գործարկումը հակասում է այդ խաղաղ կարգավորմանը:
Ադրբեջանը ցանկացած միջազգային ամբիոն օգտագործում է պատեհ ու անպատեհ առիթներով արծարծելու ԼՂՀ հարցը, այժմ էլ ամեն հանդիպման շահարկում է օդանավակայանի խնդիրը: Արդյո՞ք «Եվրանեսթ»-ի հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունը պատրաստվում է այս հայտարարության դեմ քայլեր ձեռնարկել: Հարցի վերաբերյալ պատվիրակության փոխարինող անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը yerkir.am-ին ասաց հետեւյալը.
«Մշտապես ԵԽԽՎ-ում աս հարցի հետ կապված ես ինքս հայտարարություն եմ արել: Մենք արձագանքում ենք մշտապես Ադրբեջանի հայտարարություններին: Պետք է փաստեմ, որ Ադրբեջանն իր հռետորաբանության մեջ որեւէ առաջընթաց չի գրանցում:
Քաղավիացիայի խնդիրը բացարձակապես կապ չունի խաղաղ գործընթացի հետ: Արցախը որեւէ կապ չունի Ադրբեջանի քաղավիացիայի հետ, դա աբսուրդ է: Լեռնային Ղարաբաղը, որպես հանրապետություն, գոյություն ունի արդեն 21 տարի, կա բնակչություն, որ ապրում է քաղաքացիական կյանքով, եւ ինքն է որոշողը՝ իրեն հաղորդակցության ինչ միջոցներ են անհրաժեշտ: Արցախցին եւս իրավունք ունի միջազգային հանրության մաս կազմելու, եւ օդանավակայանի շահագործումը դա է նշանակում. նա պետք է ունենա միջոցներ` կապ հաստատելու դրսի հետ, եւ որեւէ մեկն իրավունք չունի խոչընդոտել»:
Ադրբեջանի նույնաբովանդակ նամակները, ըստ Զարուհի Փոստանջյանի, արդեն ծիծաղելի են: «Բայց Արեւելյան գործընկերությունը չի ընդունում այդ հռետորաբանությունը, եւ եթե դա շարունակեն, ավելի վատ իրենց ժողովրդի, այնտեղ բնակվողների համար, որովհետեւ դա առաջընթացի մասին չի վկայում, այլ՝ հետամնաց ռեժիմի: «Եվրանեսթ»-ում նրանք պետք է մտածեն՝ ինչպես բարելավել իրենց պարտավորությունների կատարման ընթացքը»,- ասաց «Եվրանեսթ»-ում մեր պատվիրակության անդամը: