Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ հազարավոր տնտեսվարողների զայրույթն ու դրամապանակը «շոշափող» նոր ՀԴՄ-ների վերաբերյալ վարչապետը ԱԺ-ում հայտարարություն արեց, թե ՀԴՄ-ներ կարող են ներկրել նաեւ այլ տնտեսվարողներ, նրանցից մեկը օրերս զանգահարեց դրանց վաճառքով զբաղվող կառույց:
-Ալո, բարեւ Ձեզ:
-Բարեւ:
-Ես զանգահարել եմ` նոր ՀԴՄ-ների մասին մի քանի հարց ճշտելու: Ես պետք է երկու ՀԴՄ ձեռք բերեմ, բայց այդ ՀԴՄ-ներից ունեմ, կարո՞ղ եմ բերել ձեզ մոտ` ստուգեք ու միացնեք ձեր համակարգին:
-Ինչպե՞ս թե, որտեղի՞ց Ձեզ նոր ՀԴՄ:
-Դրսից եմ բերել:
- Ինչպե՞ս եք դրսից բերել:
-Նայել եմ կառավարության հաստատած մոդելն ու ծանոթներիս խնդրել, նրանք էլ գնել եւ ուղարկել են:
-Մոդելն, իհարկե, կարող է համապատասխանել, բայց դրա համար անհրաժեշտ է նաեւ ծրագրային ապահովում, որը միայն մեր մոտից կարող եք ձեռք բերել: Այնպես որ` ոչնչով օգնել չենք կարող, պետք է ՀԴՄ-ներ մեր մոտից գնեք:
-Իսկ կարո՞ղ եմ դրանք ձեռք բերել ապառիկով, քանի որ անհրաժեշտ ամբողջ գումարը չունեմ:
-Ո'չ, նոր ՀԴՄ-ների համար ապառիկով ձեռքբերման տարբերակ նախատեսված չէ:
Նոյեմբերի 1-ից Հայաստանի հարկատուների մի մեծ խումբ պետք է ներդներ նոր ՀԴՄ-ներ: Որովհետեւ անցյալ տարի ընդունված օրենքի համաձայն` հայաստանցի տնտեսվարողների վրա պարտավորություն էր դրվել մինչեւ 2014-ի հունիսի 1-ը ձեռք բերել նոր տիպի բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներ: Դրանք ապահովված են ինտերնետով եւ տնտեսվարողի գործունեության մասին տեղեկատվություն են փոխանցելու ՊԵԿ տեղեկատվական կենտրոն, տնտեսվարող սուբյեկտի համար նոր լրացուցիչ ծառայությունների հնարավորություն է ունենալու` հաշվարկները նրանք կարողանալու են իրականացել ծրագրային ձեւով, սարքի հիշողությունից հնարավոր չի լինելու ջնջել տեղեկատվությունը, ՊԵԿ-ը կարողանալու է առցանց` հընթացս տեսնել առեւտուրը եւ այլն: Մի խոսքով, ինչպես ԱԺ-ում բառացի նշեց վարչապետը, «սա շատ առաջադիմական համակարգ է»:
Նոր ՀԴՄ-ներ պետք է տեղադրեին նախ խոշոր հարկատուները, ապա` միջին` 500 միլիոն դրամ եւ ավելի իրացումից հասույթ ստացող, վերջում` մանր տնտեսվարողները:
Բայց գներն էլ էին «առաջադիմական». այս տարվա հունիսի 27-ին ընդունած որոշմամբ` կառավարությունը սահմանել է 500 միլիոն դրամ եւ ավելի իրացումից հասույթ ստացող ընկերությունների համար բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ների վաճառքի առավելագույն գինը` 369 հազար 600 դրամ, իսկ ավելի փոքր տնտեսվարողները պետք է դրանք ձեռք բերեին ավելի ցածր գնով: Այսինքն` կառավարության որոշման համաձայն` 500 միլիոնից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների ձեռք բերած ՀԴՄ-ներից ստացված շահույթը պետք է ուղղվեր 500 միլիոնից ցածր իրացում ունեցող տնտեսվարողների կողմից ձեռք բերվելիք ՀԴՄ-ների արժեքի մասնակի փոխհատուցմանը: Պարզ ասած' ավելի խոշոր հարկատուները պետք է օգնեին ավելի փոքր հարկատուներին ավելի էժան գնով ձեռք բերել նոր ՀԴՄ-ները:
Արդեն երեկ` Գեղարքունիքում կառավարության արտագնա նիստի ժամանակ, որոշվեց երկարաձգել նոր ՀԴՄ-ների ձեռքբերման ժամկետը 1 ամսով եւս, քանի որ վերջնաժամկետը երեկ էր: Ըստ կառավարության երեկվա որոշման` հաստատվեցին նաեւ տարբեր «տրամաչափի» տնտեսվարողների համար նոր ՀԴՄ-ների ձեռք բերման վերջնական գները: Այսպիսով` 58.35 միլիոնից մինչև 500 միլիոն դրամ (ներառյալ` ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ն կարժենա առավելագույնը 280 հազար դրամ, իսկ 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար' առավելագույնը 150 հազար դրամ:
Բայց դա չէ էականը: Այստեղ հետաքրքիր այլ կողմեր կան: Օրինակ` ՀԴՄ-ների վաճառքն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը: ՀԴՄ-ների ձեռքբերման համար չի հայտարարվել մրցույթ, ու ոչ ոք չի կարող վստահ ասել, որ գնման համար առաջարկվել է նվազագույն գին: Այս առումով' «Հետք» պարբերականին տված պարզաբանման մեջ ՊԵԿ-ից նշել են, որ այդ մեքենաների գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված' «Բանակցային ընթացակարգ առանց հայտարարության» գնման ձեւով: Այս դեպքում մրցույթ հայտարարել օրենքը չի նախատեսում:
Սակայն այս «առաջադիմական» համակարգի մասին իրենց «հետամնաց» դիտարկումներն ունեն տնտեսվարողները: Թիթեղի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերություններից մեկի տնօրենը, օրինակ, մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ կառավարությունն ընդամենը անցյալ տարի էր ստիպել իրենց նոր ՀԴՄ-ներ ձեռք բերել' 100 հազար դրամով, իսկ արդեն այս տարի այդ ՀԴՄ-ները գործածությունից դուրս են գալիս:
«Ամեն տարի մի նոր բան են մոգոնում, ի՞նչ իմանանք' եկող տարի այս թանկուկրակ ՀԴՄ-ները պետք կգա՞ն, թե՞ մեր «առաջադիմական» կառավարությունը նոր առաջադեմ սարքեր կգտնի: Մեր ընկերությունն այդպիսի 4 ՀԴՄ պետք է ձեռք բերի, որպեսզի մանրածախ վաճառքը դրանով իրականացնենք, իսկ մեր արտադրանքը, հիմնականում, սպառվում է ոչ թե մանրածախ, այլ մեծածախ վաճառքով' արտադրամասից: Ու հիմա մտածում ենք, թե ինչ ենք անելու' մանրածախ վաճառքից հրաժարվե՞նք, թե՞ ոչ: Որովհետեւ, բացի զուտ ՀԴՄ-ներից, արդեն առաջանում են նաեւ դրանց սպասարկման, ծրագրային ապահովման, ինտերնետով ապահովելու հարցերը' իրենց ծախսերով»,- նշեց ընկերության տնօրենը (չի ցանկանում, որ նշվեն իր կամ իր ընկերության անունները):
Մի քանի այլ տնտեսվարողների հետ էլ զրուցեցինք. Բոլորի մտահոգություննեը նույնն են` ինչո՞ւ է այս ՀԴՄ-ների վաճառքն իրականացնում միայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, ինչո՞ւ են այս ՀԴՄ-ներն այդքան թանկ եւ այլն:
Նոր ՀԴՄ-ների կիրառման հետ կապված ծրագրային ապահովման մշակումն իրականացվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի միջոցով, սպասարկումը պետք է իրականացնեն ՊՈԱԿ-ի կողմից ընտրված 4 կազմակերպություններ:
Թե ինչու են բոլոր տնտեսվարողները ստիպված նոր ՀԴՄ-ները ձեռք բերել միայն ՊՈԱԿ-ից, վարչապետն ԱԺ-ում ասաց, թե հաշվիչ մեքենաներ ներկրել կարող են նաև այլ ընկերություններ, սակայն իրենց կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում: Բայց այստեղ էլ «ֆոկուս» կա' կառավարության հիշյալ որոշումն արդեն սահմանել է դրանց մոդելը` «ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերության արտադրած MS-2351 մակնիշի. Մնացած մեխանիզմներն արդեն պարզ են...
Ստացվում է` կառավարությունը հերթական մենաշնորհն է սահմանել, բայց այս անգամ պետական ոչ առեւտրային կազմակերպության համար, որը պարտադրելու է շուրջ 60 հազար տնտեսվարողների մոտ 370, 700 եւ 1000 ԱՄՆ դոլարով ձեռք բերել «առաջադեմ» ապրանքը: Ահա, թե ինչեր են նկատի ունենում կառավարության հարգարժան պարոնայք, երբ ասում են` «բարելավելու ենք բիզնես միջավայրը, խթանելու ենք ձեռնարկատիրությունը»...
Գևորգ ԱՎՉՅԱՆ