Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ վտանգավոր, շատ հետամնաց, մեր ձեռքբերումների հետ որևէ աղերս չունեցող նախագիծ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ խոսելով պետական պաշտոնյաների գործուղումների մասին տվյլաները e-gov.am կայքում արգելափակելու՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկի մասին, որի նախագիծը շրջանառվում է ՀՀ կառավարության կայքում։ Առաջարկվում է e-gov.am կայքից հեռացնել նաև մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը։
«Կարծես հեղինակները ընդհանրապես տեղյակ չեն, թե այս ոլորտում ինչ հսկայական աշխատանք է կատարվել, ինչ հսկայական ձեռքբերումներ ունի կառավարությունը և քաղհասարակությունը, որովհետև դրանց հրապարակումը, այո՛, եղել է համատեղ լուրջ ջանքերի արդյունք, քանի որ նախկինում նույնպես փակ են եղել այդ տվյալները»,-ասաց Շուշան Դոյդոյանը։
Նա հիշեցրեց, որ Բաց կառավարման գործընկերության միջազգային նախաձեռնության շրջանակում է ՀՀ կառավարությունը ապահովել պաշտոնյաների գործուղումների մասին տվյալների հրապարակայնությունը՝ 2016-18 թթ գործողությունների ծրագրով, որով հանձն է առել կոնկրետ գործողություն։
«Այսինքն, ընդամենը 2016-18 թվականներին է կառավարությունը ստանձել այդ ռեֆորմը և ինքն էլ իրականացրել է դա՝ բացելով հանրության առջև ողջ տեղեկատվությունը, թե որ պետական պաշտոնյան ինչ նպատակով որ երկիր է գործուղվում, ինչ ձեռքբերումներ է ունենում այդ գործուղումների արդյունքում և որքանով արդարացված կամ օգտակար են լինում նրա միջազգային գործուղումները։ Մինչդեռ այս նախագծով գործուղումների մասին տեղեկատվությունն են փորձում թաքցնել՝ ներառյալ նաև, թե ինչ արժեքով են ձեռք բերվել ավիատոմսերը»,-ասաց Շուշան Դոյդոյանը։
Վերջերս բավական մեծ աղմուկ բարձրացավ պետական պաշտոնյաների գործուղումների ժամանակ ավիատոմսերի ֆանտաստիկ գներով ձեռքբերման թեմայի շուրջ, ասաց նա, երբ որևէ կերպ արդարացված չէին այդ բարձր գները։
Նա նկատեց, որ, փակելով գործուղումների և մեկ անձից կատարված գնումների վերաբերյալ տեղեկատվությունը, մենք փաստացի հանրությանը զրկում ենք տեղեկություններ ստանալու հնարավորությունից՝ իմանալու, թե ինչքանով արդյունավետ է աշխատում կառավարությունը, վերահսկելու և հաշվետու պահելու կառավարությանը։
«Խոսում եմ արժեքների մասին, որոնց վրա խարսխվում է ամբողջ ժողովրդավարական կառավարումը՝ պլյուս կոռուպցիայի դեմ պայքարը, այսինքն, երբ մենք ելակետային կարևոր խարիսխները քչացնում ենք՝ ինչպես թափանցիկությունը, հաշվետվողականությունը, մենք վտանգում ենք ամբողջ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը»,-ասաց նա։
Ցավում եմ, որ պատերազմից հետո անգամ բավարար լիարժեք հետևություններ չարվեցին, այլ վնասական հետևություններ արվեցին, ասաց Շուշան Դոյդոյանը, և փոխանակ մենք արմատախիլ անենք կոռուպցիան և խորքային պատճառները վերացնենք, որը եղել է մեր պարտվելու պատճառներից մեկը, մենք ընդհակառակը, էլ ավելի սրում ենք կոռուպցիան, ավելի հնարավորություն ենք տալիս, որ քաղհասարակությունը դուրս գա վերահսկման համակարգից և պարարտ միջավայր ստեղծվի կոռուպցիայի համար։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը այս նախագծի անընդունելիության մասին խոսել է հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահի հետ, խնդրել է նրա միջամտությունը, որովհետև համարում է, որ այս նախաձեռնությունը ուղղակիորեն առնչվում է կոռուպցիայի դեմ պայքարին։ Նաև ՄԻՊ-ին է ներկայացրել իրենց կառույցի մտահոգությունները, որ՝ սրանով խախտվում է մարդու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։
«Հուսով եմ, այնքան իմաստուն կլինեն կառավարությունում, որ օր առաջ այս նախաձեռնությունը կչեղարկեն, կհանեն այս նախաձեռնությունը շրջանառությունից, այն չի կարող ընդհանրապես քննարկման դրվել մեր երկրում․ մի երկիր, որը հպարտորեն նշում է, որ այստեղ կա կառավարման հրապարակայնության բարձր մակարդակ, մենք այս ոլորտում իրավունք արտահանողի դիրքերից ենք միշտ խոսել, մինչդեռ այսպիսի նախաձեռնությունները հետընթաց են, ռեգրեսիվ են և մեծ վնաս կարող են հասցնել մեր հասարակությանը»,-ասաց Շուշան Դոյդոյանը։
Բարձր տեխնոլոգիաների արդունաբերության նախարարության հիմնավորումը, թե այդ տվյալները չպետք է հրապարակվեն, քանի որ «այդ տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից», Շուշան Դոյդոյանի համար համոզիչ չէ․ «Այնտեղ հիմնավորում չկա, սա լղոզված, շտամպային ձևակերպում է, ցանկացած տեղեկատվության սահմանփակման տակ կարող ենք դնել, և շատ կսազի, ընդհանրական, ձևական տեքստ է, և հրաշալի կարելի է կիրառել ցանկացած բան սահմանափակելու նպատակով»։
Նա նկատեց, որ մեր պաշտոնական կայքերում շատ արժեքավոր տեղեկություններ կան, և եթե նախարարությունը մտավախություն ունի, որ դրանք կարող են գողանալ և Հայաստանի դեմ վերլուծություն անել, ուրեմն պետք է բոլոր պաշտոնական կայքերը փակենք և ոչ մի վտանգ մեզ չի սպառնա։
«Արդյոք դա՞ է այն լուծումը, որին ունակ է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը։ Ո՛չ, այս նախարարության մանդատն է հենց ապահովել տեղեկատվության անվտանգության պաշտպանվածության այնպիսի բարձր մակարդակ, որ բացառվեն հակերական հարձակումները։ Այսինքն, իր հիմնական գործառույթը թողած՝ ապահովելու տեղեկատվական անվտանգության պաշտպանվածության բարձր մակարդակը, հակառակը՝ ասում է՝ փակենք, որ ապահով լինի։ Իհարկե, այդպես ապահով է և վնասակար մեր հասարակության համար, բայց դա չէ ճանապարհը, որին հանգել ենք 20 տարում»,-ասաց Շուշան Դոյդոյանը։
Նա ընդգծեց, որ սա մերժելի նախագիծ է, հետադիմական է և հետամնաց, թերևս հեղինակներն ուղղակի տեղյակ չեն՝ որ երկրի օրենսդրության մեջ են առաջարկում այս փոփոխությունը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․