Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանը 2012-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակվել: yerkir.am-ը զրուցել էր ժամանակակից գրողների հետ` պարզելու, թե ինչպիսի՞ն էր տարին նրանց համար եւ ի՞նչ է փոխվել նրանց գրական կյանքում Երեւանի` Գրքի մայրաքաղաք հռչակումը: Գրող Նշան Աբասյանը նույնպես պատասխանում է այս հարցերին:
Անձնապես ինձ համար անկեղծորեն տարին շրջադարձային էր: Նախ` մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մասնակցեցի Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնին: Չափազանց թանկ հիշողություններ ու տպավորություններ ունեմ` նոր աշխարհ, նոր գույներ, կապեր, հրավերներ և, ի վերջո, առատ նյութ` ստեղծագործելու համար: Բացի այդ` նախարարությունն ինձ հրավիրեց խմբագրելու «Գրական տապան – 2011» փառատոնի մասնակից գրողների ստեղծագործությունների ժողովածուն` Հայաստանի մասին: Ես ճանաչեցի տասնյակ նոր հեղինակների, հնարավորություն ունեցա համեմատելու նրանց ստեղծագործությունները մեր գրականության հետ, շատ բան սովորեցի: Եվ, ինչու չէ, նվիրական էր գումար վաստակել գրականությամբ` գիրք խմբագրելու համար: Այժմ դեռ պատրաստ չեմ նոր գիրք տագրելու, բայց վստահ եմ, ցանկացած պահի, երբ դա ուզենամ, արագ կարող եմ իրականություն դարձնել` իմ նոր կապերի շնորհիվ:
Զարմանում եմ այն գրողների վրա, որոնք միմիայն բացասականն են տեսնում: Վստահ եմ` նրանցից որևէ մեկը խոչընդոտ չի ունենա գիրք տպագրելու, շնորհանդես կազմակերպելու, հարցազրույցներ տալու: Մեր երկրի համար, որտեղ հազար ու մի հիմնախնդիրներ կան, մի՞թե դա գոհացնող չէ: Հասարակության մեջ էլ է շատ բան փոխվել. մտածողության մեջ: Անազնվություն կլինի չնկատելը, որ գրքի մասին հիմա շատ ավելի են խոսում, քան, ասենք, երկու-երեք տարի առաջ:
Չեմ ասի, թե ընթերցողների թիվը կտրուկ աճեց, բայց տեսեք` ժամանակակից քանի գրողի գրքի շնորհանդես եղավ միայն այս տարի, որքան ակտիվ գրական անցուդարձ կար: Հիմարություն կլիներ ակնկալելը, որ գրական 2012-ից հետո ողջ Հայաստանը միանգամից ընթերցասեր էր դառնալու, չէ՞: Ցուցադրական միջոցառումներն էլ չափազանց կարևոր էին այս դեպքում: Թող չբողոքեն:
Շոուն` շոու, բայց չէ՞ որ դա է այսօր լայն զանգվածների ուշադրությունը թեկուզ մի պահ շեղում դեպի գիրքը: Մեկը` չէ, երկրորդը` չէ, բայց երրորդը հաջորդ օրը, փողոցով անցնելիս, կարող է, չէ՞, մտնել գրախանութ` տեսնել` այդ ի՞նչ գրքի մասին էին երեկ խոսում «Շողակաթ» հեռուստաընկերությամբ կամ yerkir.am-ում:
Ես նաև լրագրող եմ: Մեր հեռուստաընկերությունը ոչ մի գրական իրադարձություն բաց չի թողել` անգամ սկսնակ հեղինակների, անծանոթ անունների ենք անդրադարձել: Կամ հենց Դուք, Կարինե: Քանիցս տեսել եմ Ձեզ տարբեր միջոցառումների ժամանակ:
Իհարկե, ամեն բան կարող էր շատ ավելի փառավոր լինել, շատ ավելի ուժեղ, ապշեցուցիչ, ցնցող: Կարող էր... Բայց ազնիվ լինենք և ընդդիմադիրի կեցվածք ընդունելով` չփորձենք աղմուկ բարձրացնել մեր շուրջը: Եվ, վերջապես, եթե դու գրող ես, քեզ համար ամենակարևորը գրականություն ստեղծելն է: Գրելու պրոցեսում ապրած իմ բերկրանքը ոչ մի գրական քննարկման ու իմ գրքի շուրջ ստեղծված աղմուկի հետ չեմ փոխի:
Թող որ ինձ քիչ ճանաչեն: Կարևորը` ինձ ճանաչի Գրականությունն ինքը:
Կ. Հ.