կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-25 21:04
Արցախ

Մենք մեր Արցախում ենք՝ մեր հողում, որտեղ և որոշվել է մեր հայրենիքի ճակատագիրը. Հովհաննես Մանուկյան

Մենք մեր Արցախում ենք՝ մեր հողում, որտեղ և որոշվել է մեր հայրենիքի ճակատագիրը. Հովհաննես Մանուկյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնումն ու խորացումը:

 

Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է նաև Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր:

 

Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարության և ԼՂՀ արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին հուշագիր: Այն ներառում և վերահաստատում է 2007 և 2010 թթ. կնքված երկկողմ հուշագրերով նախատեսված դրույթները, ինչպես նաև նախանշում ոլորտի աշխատողների մասնագիտական որակավորման հետագա բարձրացման և վերապատրաստման ուղղությամբ համատեղ միջոցառումների՝ գիտաժողովների, դասախոսությունների, գործնական հանդիպումների կազմակերպում և անցկացում ՀՀ-ում և Արցախում:

 

«Ես ինձ իմ հայրենիքում եմ զգում: Այս այցը ոչ միայն արդյունավետ է փոխգործակցության համատեքստում, այլև հետաքրքիր ապրումներ է պարգևում մեզ. մենք մեր Արցախում ենք՝ մեր հողում, որտեղ և որոշվել է մեր հայրենիքի և ժողովրդի ճակատագիրը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

 

Այսօր տեղի է ունեցել նաև ՀՀ և Արցախի արդարադատության նախարարությունների համատեղ սեմինար, որի ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական և քաղաքացիական գործերով վարույթներին, հարկադիր կատարման ծառայության, ՔԿԱԳ համակարգի ու նոտարիատի խնդիրներին:

 

ՀՀ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, որոնց արդյունքում կլուծվի քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման հարցը: Ենթադրվում է, որ այն նաև կնպաստի ոլորտում պետական ռեսուրսների ճիշտ կառավարմանը, պատիժների կատարման արդյունավետ համակարգի ներդրմանը: