կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-26 14:58
Առանց Կատեգորիա

ՀՅԴ-ն վերջակե՞տ դրեց, թե՞ բազմակետ

ՀՅԴ-ն վերջակե՞տ դրեց, թե՞ բազմակետ

ՀՅԴ Գերագույն ժողովն այսօր որոշեց, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրելու` բացառելով նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու տարբերակը:

 

Եթե հաշվի չառնենք «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի պարագան, ընդդիմադիր դաշտը Սերժ Սարգսյանին գործնականում թողնում է մեն-մենակ` իշխանության վերարտադրման և բացառապես այդ խնդրին հարմարեցված ընտրական համակարգի հետ դեմ հանդիման: Սերժ Սարգսյանը հիմա ստիպված կլինի մրցակցել իր իսկ ձեռքերով իր շուրջն առաջացրած քաղաքական վակուումը լցնող` հիմնականում խամաճիկների, ինքնասիրահարված ու ինքնառեկլամի համար «մայդան» մտած երևույթների հետ: Գուցե ՀՀԿ-ում արդեն վերջնականապես տոնում են իրենց թեկնածուի բացարձակ հաղթանակը և կանխատեսում բրեժնևյան լճացման տարիների 99 տոկոսանոց հաղթանակը, սակայն դժվար է ասել` արդյո՞ք իրեն հարգող որևէ մեկը կարող է նման մակարդակի մրցակցության արդյունքում տարած հաղթանակը լուրջ հաջողություն համարել: Դա նման է ավերակների վրա դրոշ բարձրացնելուն: Սակայն սա այն բերքն է, ինչ իշխանության թեկնածուն հավաքում է` արդեն տարիներ շարունակ իր ձեռքով ցանվող քաղաքական դաշտի բացարձակ ամայացման, իրական մրցակցության անգամ փոքրիկ նշույլները վերացնելու սերմերից:

 

Ստեղծված իրավիճակի մյուս հիմնական պատճառը, իհարկե, ընդդիմադիր դաշտում առկա ամբիցիոզությունը, երևույթներն ու պրոցեսներն անձնավորելու հակումները հաղթահարելու անկարողությունն էր, որն այդպես էլ հնարավոր չդարձրեց ոչ միայն որևէ ընդհանուր քաղաքական օրակարգի, պլատֆորմի շուրջ համախմբումը, այլև միասնական թեկնածուով հանդես գալը: Կոնսոլիդացման ամենամեծ պոտենցիալն ունեցող ուժերի համար այս գաղափարներն ու սխեմաներն ընդամենը տակտիկական նկատառումներով շահագործելու, շահարկելու հումք էին:

 

Այն պարագայում, երբ իշխանության կողմից վերարտադրության մեխանիզմները գրեթե կատարելության են հասցված, ընդդիմադիր դաշտում չկա թե' դրա դեմ պայքարելու և թե' ընդհանրապես համախմբման հստակ ձևակերպված պահանջարկ, առանձին վերցրած որևէ ուժի համար ընտրություններին թեկնածու առաջադրելը դառնում է ինքնանպատակ: Այն շրջանակների, ուժերի մոտ, որոնք ինքնադրսևորման, ջրի երեսին մնալու խնդիր չեն հետապնդում, նման ընտրություններին մասնակցելու ո'չ անձնական, ո'չ էլ քաղաքական մոտիվացիա չի մնում: Մեծ հաշվով, իհարկե, սա ընդդիմության և ժողովրդի պարտությունն է, որովհետև անկախ ամեն ինչից` իշխանությանը թույլ է տրվում ազատորեն վարուցանք անել ընտրական համակարգի դաշտում, ընտրությունները վերածել նշանակման մի յուրօրինակ ծիսակարգի, որտեղ մնացած բոլորը, կամա թե ակամա, վերածվում են պարզ ու պասիվ հանդիսատեսի, իսկ ինքնանպատակ մասնակիցների դեպքում` նաև գործիքի:

 

ՀՅԴ-ի պարագայում, սակայն, խոսքը չի գնում ընտրություններն ընդհանրապես` դասական իմաստով բոյկոտելու մասին: Ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի և մասամբ Լևոն Տեր-Պետրոսյանի, որոնք ուղղակի մի կողմ քաշվեցին, ձեռքերը լվացին այս ընտրություններից, ՀՅԴ-ն բաց թողեց ընտրություններին իր ընտրազանգվածի կողմնորոշման հարցը: Մի կողմից` սա հստակ ուղերձ է առ այն, որ նախ` Դաշնակցությունը խաղը չի լքում, մյուս կողմից` հասկանալի է դարձվում, որ բացառում է սեփական ընտրազանգվածին անորոշության մատնելու, այդ զանգվածին իշխանության մանիպուլյացիաների դեմ անօգնական թողնելու տարբերակը:

 

Բացի այդ` ի տարբերություն այլ ուժերի, ընտրություններին սեփական թեկնածուով չմասնակցելու`  ՀՅԴ որոշումը պայմանավորված է քաղաքական սկզբունքներով: Տեր-Պետրոսյանը չառաջադրվելու համար կառչեց տարիքային անհամատեղելիության պատրվակից, ԲՀԿ-ն անգամ հարկ չհամարեց սեփական բազմահազարանոց ընտրազանգվածին թեկուզ ձևականորեն բացատրել ընտրություններից բացարձակ ինքնամեկուսանալու պատճառները: ՀՅԴ-ի որոշումը, սակայն, բխում էր քաղաքական պլատֆորմի շուրջ համաձայնությունների ձեռքբերման տապալված քաղաքական գործընթացի ուղղակի հետևանքներից: Սա քաղաքական պրոցեսի նույնքան տրամաբանական քաղաքական հանգուցալուծում էր, և սա այն դեպքն է, երբ Դաշնակցությանը դժվար է մեղադրել անհետևողականության, անսկզբունքայնության կամ մանևրումների մեջ: Առավել ևս, երբ Գերագույն մարմինը հռչակում է, որ ընդհանուր պլատֆորմի ձևավորումը պահում է իր օրակարգում, այսինքն` պարզորոշ հասկացնում է, որ դրանք կարճաժամկետ էֆեկտի համար չէին դրվել շրջանառության մեջ, որ բացարձակապես պայմանավորված չէին միայն նախագահական ընտրություններում տակտիկա խաղարկելու հետ, և որ դրանց հետ կապված կայացող ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այսինքն` գործընթացը դիտարկում է շարունակականության մեջ: Սա, թերևս, ամենակարևոր ուղերձներից մեկն է:

 

Արդեն հիմա, անգամ անկախ ընտրությունների արդյունքներից, ի հայտ է գալիս կարևոր մի հարցադրում` ի՞նչ է լինելու հետո, կարողանալո՞ւ են, արդյոք, ռեաբիլիտացվել քաղաքական ուժերը և ընդդիմությունը, թե՞ սա ընդդիմադիր դաշտի վերջնական ոչնչացման նախերգանքն է: Ընդհանրապես` ի՞նչ որակի քաղաքական համակարգ ու քաղաքականություն է սպասվում Հայաստանում: Անայլընտրանք ընտրություններ անցկացնելը նշանակում է, որ հասել ենք հատակին, որ այլևս անկման տեղ չկա: Իսկ հատակում կա'մ փտում են, որի վրա ծլում են սնկերը, կա'մ վեր մագլցելու տենդագին միջոցներ ձեռնարկում:

 

Այս որակի ընտրություններն առարկայորեն ցույց են տալիս, որ քաղաքական միասնական օրակարգի ձևավորումը ոչ միայն չի կորցրել արդիականությունը, այլև էլ ավելի է սրվել: Մանավանդ որ անձնական ու խմբակային ամբիցիաներն այլևս չեն կարող այնպիսի ավելիչ ազդեցություն ունենալ, ինչպես ընտրություններով պայմանավորվելու պարագայում: Այս ընտրությունները պետք է լինեն մի շրջափուլի ավարտը և նոր քաղաքականության կերտման մեկնարկը: Ահա թե ինչու է կարևոր պլատֆորմի կենսագործման, այսինքն` հստակ օրակարգ առաջարկելու` ՀՅԴ-ի այս կեցվածքը: Չնայած ափսոս է, իհարկե, որ նորից ստիպված ենք համակերպվել պատմական հերթական պահը կորցնելու և ժամանակը հերթական անգամ անիմաստ վատնելու իրողության հետ:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ