կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-13 16:30
Հասարակություն

Երկրաշարժից մեկուկես ամիս անց Գյումրիում առաջին տան հիմնաքարը դրեց

Երկրաշարժից մեկուկես ամիս անց Գյումրիում առաջին տան հիմնաքարը դրեց

Աղետի գոտու վերականգնողական աշխատանքների 25-ամյակի առիթով, այսօր հանրագումարի բերելով մեծածավալ ծրագրերը, թերևս, հետևություն կարելի է անել, թե մարդիկ ինչպես կարողացան դիմակայել ճակատագրի հարվածներին, կամ աղետի գոտում ինչպես դրվեց առաջին կառուցվելիք տան հիմնաքարը...

 

Վարպետ Վարդանին գյումրեցիները Շինարար Վարդան մականունով են դիմում: Նա այսօր հպարտ քայլելու իրավունքը ձեռք է բերել` իր հայրենակիցների համար առաջին տան հիմնաքարը դնելով` երկրաշարժի արհավիրքից ուղիղ ամիս ու կես հետո, երբ աղետի գոտում վերականգնողական աշխատանքների միութենական մեկնարկը դեռևս տրված չէր:

 

«Համատարած ամայության, խառնիխուռնի մեջ, ուր ո'չ ծիծաղ կար, ո'չ Նոր տարվա բաժակի զրնգոց, այլ մուրճերի, բահերի խուլ ձայներ, որոնք, կարծես,  ազդարարում էին` մենք դեռ պիտի ապրենք, աշխարհին պատմելու շատ բան ունեինք` որ հայը ուժեղ, դիմացկուն ազգ է, նա հազարավոր աղետների էլ ենթարկվի` պիտի գոյատևի, ամրացնի բազուկը, քանդվածի, ավերվածի վրա հիմնի նոր կառույց....»,- հուզմունքով պատմում է վարպետը և ավելացնում. «Մեր տունը մենք պիտի շենացնենք, թե չէ օտար երկիր գնացող մարդը մի՞թե իր մեջ ունեցած կարոտով կարող է անել այն, ինչ մենք այստեղ քրտինքով կռիվ ենք տալիս, քար ու ժայռից ստանում հաց, տուն, ապավեն...»:

 

Վարպետ Վարդանի կառուցած շենքերը Գյումրիում շատ են, դրանք կառուցել է ոչ թե պետական, այլ ծանոթների, բարերարների միջոցներով: Վարպետը ծնվել է Գյումրիում, արհեստավորի ընտանիքում: «Թող չափազանցություն չհամարվի` դեռևս պատանեկության տարիքում տներ եմ կառուցել: Հետո պոլիտեխնիկ ինստիտուտում ուսանելուն զուգընթաց դարձյալ շինարարության մեջ եմ եղել: Քանի ապրում եմ, շնչում, գյումրեցիներիս համար օգտակար գործ պիտի անեմ`տուն սարքեմ, որ օտար երկիր չգնա հայը»,- ասում է 67-ամյա վարպետը:

 

Շինարար Վարդան Հովհաննիսյանը իր բազմամյա ազնիվ վաստակի համար վերջերս արժանացել է Գյումրու երախտավորի կոչման: Ի դեպ, շուտով կհրատարակվի Գ.Վարդանյանի «Տուն շինող Վարդանը» գիրքը, որին անհամբերությամբ են սպասում գյումրեցիները:

 

Լուսինե Թոփուզյան