կարևոր
790 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-21 12:03
Քաղաքական

«Միջանցքը» վաղուց է տվել, խնդիրն այն է, թե ով կհսկի․ Իշխան Սաղաթելյան

«Փաշինյանն ապագայի զիջումներն անփորձանք իրականացնելու համար վերացնում է դիմադրության օջախները և դրանով փորձում է կանխել հնարավոր փողոցային պայքարը։ Զուգահեռ, իր ռեպրեսիաները, բռնաճնշումները, ապօրինի ձերբակալությունները լեգիտիմացնելու համար քաղաքական ուժերին, ընդդիմադիր գործիչներին ծանր մեղադրանք է վերագրում, օրինակ՝ ահաբեկչության նախապատրաստում։ Այսինքն՝ ընդդիմադիրներին բռնաճնշելու փորձերը լեգիտիմացնելու համար հորինել է նման մեղադրանք, որը փորձում է ընկալելի դարձնել միջազգային հանրության համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Խոսելով՝ Սյունիքով անցնող ճանապարհի, կամ «Զանգեզուրի միջանքի» վերահսկողությունը երրորդ կողմին լիազորելու կամ արտապատվիրակելու հնարավոր վտանգի մասին, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այն հայ ժողովրդի շահերի դեմ գործընթաց է, այդ թվում՝ բարեկամ երկրների, մասնավորապես՝ Իրանի։

«Արդյո՞ք դա կբերի տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը, խաղաղության հաստատմանը, միանշանակ՝ ոչ, որովհետև արտատարածաշրջանային ուժերի մուտքը մեր տարածաշրջանը դարձնելու է անկայուն, նոր խնդիրներ է ստեղծելու։ 4 տարի հերքել են, որ իրենք «միջանցքի» մասին ունեն պայմանավորվածություն, բայց փաստն այն է, որ ինքն այդ «միջանցքը» վաղուց տվել է, խնդիրն այն է, թե ով կհսկի «միջանցքը»։ Պարզվում է՝ կարող է ամերիկյան կողմը լինել, իսկ Իրանի սահմանին ամերիկյան ուժերի ներկայությունը հղի է շատ ծանր հետևանքներով և ամեն կերպ պետք է դա կանխել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը վստահ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ճանապարհի վերահսկողությունն արտապատվիրակելը երրորդ կողմ հանդիսացող երկրին հանգեցնելու է Հայաստանի շրջափակմանը և Իրանի հետ կապը դառնալու է խնդրահարույց։

«Հիմարությունը հասել է նրան, որ ասում է՝ Հյուսիս-հարավ ճանապարհն էլ ենք «միջանցք» ասում»,-Փաշինյանի խոսքը հիշեցրեց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով որ Փաշինյան-Էրդողան-Ալիև եռանկյունին վաղուց է գործում։