կարևոր
1753 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-20 10:08
Հասարակություն

Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը

Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի  իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն արձագանքել է օրերս Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարությանը.

«Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով ինքը որևէ տեսակի պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ ինքը սովորական քաղաքացու նման կարծես «ավտոբուսի» ուղևոր է եղել, ապա այդ դեպքում, հարցի զուտ բարոյական կողմին չանդրադառնալով, նրա մեղքի կամ առնվազն իրավական պատասխանատվության մասին օբյեկտիվ հետևության հանգելու համար տուժող կողմը պահանջում է հասարակությանը և քրեական վարույթի մասնակիցներին ներկայացնել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող՝ խոսակցությունները, հանձնարարություններն ամրագրող ռադիոկապի ձայնագրությունը, որը մինչև օրս թաքցվում է»։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին կայացած ասուլիսում Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր.

«Դա իր ավտոշարասյունը չէ, դա Հայաստանի վարչապետի «ավտոբուսն է», Հայաստանի վարչապետի անվտանգությունն ապահովող ինստիտուտն է։ Դա էլ իմ հանրային տրանսպորտն է, որ ինձ հատկացված է։ Կան պրոտոկոլներ այդ շարժումն ապահովելու համար, ինչ կապ ունի դա ինձ հետ, ընդհանրապես։

Ես հլը մեքենաներից մեկին ղեկին եղած լինեի..․ հասկանամ՝ ինչ կապ ունեմ դրա հետ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ ու երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ասենք, դուք մետրոյի վերջին վագոնում նստած եք, առաջին վագոնը գնում, մարդ է վրաերթի ենթարկում, ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ»։