Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում անձի շուրջ հինգ տարի առաջ այս նույն ժամանակ հզոր համաժողովրդական շարժում էր ձևավորվել, չի առաջադրվում ՀՀ նախագահի թեկնածու 2013 թվականի Հայաստանի նախագահական ընտրություններում. գրում է «Հայկական ժամանակը»:
Այս լուրը ամենատարբեր գնահատականների արժանացավ քաղաքացիական հասարակության, ժողովրդի, քաղաքական գործիչների շրջանում: Ոմանք պնդում էին, թե դա խիստ կանխատեսելի էր, ոմանք այս ընթացքում գործած սխալների ինվենտարիզացիա էին անում, ոմանք պարզապես հեծկլտում էին, ոմանք համարում էին, որ ճիշտ որոշում էր, ոմանք ուղիղ հակառակը, բայց բոլորը, առանց բացառության՝ բոլորը, միակարծիք էին մի հարցում առաջիկա նախագահական ընտրություններն աննախադեպ են լինելու Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Առաջին անգամ գործող նախագահը դուրս է գալու ընտրապայքարի՝ չունենալով լուրջ հակառակորդ:
Եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ հավակնում են լուրջ հակառակորդի դերակատարում ստանձնել, ապա առնվազն ժամանակը նրանց համար խոչընդոտ է. եթե ամանորյա թոհուբոհը հանենք, ապա նախագահական ընտրություններին մնացել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ: Իսկ սա շատ քիչ է Հայաստանում կայացած քրեաօլիգարխիկ համակարգին ձեռնոց նետելու համար: Ու ստացվում է այնպես, որ առաջիկա նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը գնում է իր ճանապարհը մաքրած, առանց ավելորդ բարդությունների, առանց մրցակիցների և որ ամենակարևորն է՝ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի: Սա լինելու է ոչ թե համապետական ընտրություն, այլ Հանրապետական կուսակցության ներքին ընտրություն:
Սերժ Սարգսյանի կուսակցությունը, որին նույնիսկ ամբողջական գյուղեր են պատկանում մեր երկրում, իր անդամների մեջ քվեարկություն է անցկացնելու և հայտարարելու է այդ քվեարկության արդյունքները: Ու այս իրավիճակի գիտակցությունն է, որ երեկ արդեն իրար դեմ էր հանել մտահոգ բոլոր կողմերին, հասարակության այն հատվածը, որ «չի պատկանում» Հանրապետական կուսակցությանը, չի դադարում մեղավորներ փնտրել այսօր Հայաստանում հաստատված այս իրականության համար համապետական ընտրություն առանց ընտրության հնարավորության, առանց ժողովրդի, առանց ՀՀ քաղաքացու: