կարևոր
8884 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-05 11:38
Հասարակություն

«Չհուսահատվիք, միշտ արի ու քաջ մնացեք: Կեցցե՛ ազատ Հայաստանը...»․ Վահան Չերազի վերջին խոսքերը գնդակահարությունից առաջ

«Չհուսահատվիք, միշտ արի ու քաջ մնացեք: Կեցցե՛ ազատ Հայաստանը...»․ Վահան Չերազի վերջին խոսքերը գնդակահարությունից առաջ

Վահան Չերազը (Չերին) մինչև 1919 թ․ զինվոր էր, Հայաստանն էր պաշտպանում: Ապա մեկնեց Պոլիս: Բայց շուտով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նրան հրավիրեց հայրենիքում սկաուտական-մարզական կազմակերպություններ հիմնելու համար: Չերազը, որ նաև հայտնի մարզիկ էր, վերադարձավ Հայաստան և սկսեց կազմակերպել հայ արիների (սկաուտների) մարզական խմբեր: Բայց 1920-ի աշնանը սկսված պատերազմը նրան ստիպեց կրկին հրացան վերցնել Կարսի մարզը պաշտպանելու:

Նրա նշանաբանն էր` «Ինչպես ջրերը չխեղդեցին Մասիսը, արյունն էլ չպիտի խեղդի Հայաստանը»: Այո՛, արյունը չխեղդեց Հայաստանը, բայց․․․

Խորհրդայնացումից հետո Չերազը Գյումրի էր։ Կազաչի պոստում նրա սկաուտական ջոկատն էր։ Նրա ծրագիրն էր հայ երիտասարդներին մարզել, ազգը առողջ ու տոկուն դարձնելու համար։ Իր արիներին նա քանիցս առաջնորդել էր դեպի Արագածի գագաթը, Սևանա լիճ` լողի մրցումների: Լինելով ոտնագնդի (ֆուտբոլի) հիմնադիրը Հայաստանում` մրցումներ էր կազմակերպում պատանեկան խմբերի միջև: Որբերի պաշտամունքի առարկան էր։ Տարբեր տեղերից հայ որբեր էր հավաքում, հյուծված, հիվանդ: Բուժում էր, ապա մարզում, համալրում հայ արիների ջոկատները: Նրա կողմից փրկվածներից է եղել Մկրտիչ Հա րությունյանը, որը հետո որպես գրող հայտնի դարձավ Մկրտիչ Արմեն անունով և իր «Սկաուտ N 89» գրքում վարկաբեկիչ բաներ գրեց իր փրկիչ Չերազի մասին (Քիրազ անունով)։ Իմիջիայլոց, գրող Ն.Զարյանն էլ գրախոսեց այդ գիրքը՝ մեղադրելով Արմենին, որ սա Քիրազի

մեջ նաև դրական հատկություններ է դրել: Ինչևէ:

1924 թ. Չեկայի աշխատողները այցելում են Կազաչի պոստ: Պահակ կանգնած արին ներս չի թողնում: Նրան ծեծում են: Հայտնվում է Չերազը և ապտակում Չեկայի աշխատողին:

Չերազն աքսորվեց: 1926-ին վերադարձավ Գյումրի, արդեն մասամբ կոտրված առողջությամբ: 1927-ի վերջին կրկին ձերբակալեցին ու տարան Թիֆլիս` Մետեխի բանտը: Ահա բանտարկյալներից մեկի հուշերը. «Առավոտը մեզ մոտ եկան բանտում գտնված մյուս հայ բան տարկյալները: Դրանք Լենինականի ամերիկյան որբանոցների պաշտոնյաներ էին, որոնց մեջ առանձնապես աչքի էր ընկնում Վահան Չերազը` մի աննման, հոգատար, սրտացավ, պատվական ընկեր։ Չնայած եղած արգելքներին, ամեն օր նա մի քանի անգամ գալիս էր մեզ մոտ և ժամերով խոսում: Նա միշտ մի բան ճարում էր և բերում մեր կարիքավոր ընկերներին: Չերազի կինը եկել էր Թիֆլիս և շաբաթը երկու անգամ կերակուր էր բերում: Եվ այդ աննման մարդը միայն մի փոքր մասն էր վերցնում իրեն, մնացածը տալիս էր մեր չքավոր ընկերներին:

1928 թ. հունվարի երկրորդ կեսին էր, երբ ժամը 4-ին կանչեցին Վահան Չերազին, և բակում երևաց սև դահիճը: Բոլորս մնացինք սառած: Դուրս եկանք պատշգամբ: Վահանը` այդ ազնիվ ու ընկերասեր երիտասարդը իսկույն հասկացավ, թե բանն ինչումն էր ու բոլոր իր ունեցածը նվիրեց ընկերներին և ձևականության համար միայն վերցրեց մի դատարկ պայուսակ: Ապա դառնալով բանտարկյալներիս, ասաց. «Մնաք բարի, ընկերներ, գիտեմ ինչու կտանին զիս: Ոչինչ, թող իմ գլուխս ալ ուտեն, բայց վստահ եղեք, որ հաղթանակը մերն է: Չհուսահատվիք, միշտ արի ու քաջ մնացեք: Կեցցե՛ ազատ Հայաստանը...»

Ռաֆայել Իշխանյան