կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-26 11:21
Տնտեսական

Ինչու հուշագիրն իրականություն չդարձավ

Ինչու հուշագիրն իրականություն չդարձավ

Այս տարվա հուլիսի 3-ին Սերգո Կարապետյանը (ՀՀ գյուղատնտեսության նախարար) եւ Արմեն Մովսիսյանը (ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար) ուրախությամբ հայտարարեցին, ավելին` փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որ այսուհետ Հայաստանում քիմիական պարարտանյութեր են արտադրվելու: Ըստ հուշագրի` «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն տարեկան  60 հազար տոննա ազոտական եւ կալիումական պարարտանյութեր պետք է արտադրեր:

 

Գործընկեր նախարարները նաեւ հաստատակամ հայտարարեցին, որ գործարանը պետք է գործարկվի ս.թ. օգոստոս ամսին, որպեսզի ընկերությունը հասցնի գոնե մինչեւ առաջիկա գարուն պահեստավորել Հայաստանում օգտագործվող պարարտանյութի ծավալի գոնե կեսից ավելին:

 

Հայաստանում խորհրդային տարիներին օգտագործվում էր 100-120 հազար տոննա պարարտանյութ, իսկ անկախության տարիներին մեր հողերը սկսեցին սնուցել միայն  ազոտական պարարտանյութով: Վերջին տարիներին, օրինակ, տարեկան օգտագործվել է 25-30 հազար տոննա ազոտական պարարտանյութ:

 

Գյուղնախարար Կարապետյանը հուշագիրը ստորագրելուց անմիջապես հետո հավաստիացրեց, որ տեղական պարարտանյութի արտադրությունը գյուղացիական տնտեսությունների հնարավորություն կտա ավելի մատչելի գներով ձեռք բերել դրանք: Արմեն Մովսիսյանն էլ, գործընկերոջ երկրորդելով, նշեց, թե ընկերությունն արդեն ներկրել է որոշ սարքավորումներ, մի մասն էլ` պատրաստվել են տեղում, ստեղծվել է տեխնոլոգիական շղթան, որը հնարավորություն կտա պարարտանյութը պարբերաբար մատակարարել, այլ ոչ թե սեզոնից սեզոն: Այդ հայտարարություններից հետո գյուղացիներն, իհարկե,  ուրախացան, որ վերջապես հնարավորություն կունենան մատչելի գներով եւ իրենց ուզած քանակով պարարտանյութ ձեռք բերել:

 

Գարնան գյուղատնտեսական աշխատանքները սարերի հետեւում չեն, սակայն մինչ օրս «Վանաձոր-Քիմպրոմ»-ը դեռ ոչ մի գրամ պարարտանյութ չի արտադրել: Ո՞ւմ էր հարկավոր այս ֆարսը, հավանորեն գյուղատնտեսության եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների տարեվերջյան հաշվետվությունների համար` թե փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որին, ի դեպ, երրորդ կողմը` «Վանաձոր-Քիմպրոմ»-ի ներկայացուցիչը ներկա չի եղել, որ նա էլ խոստանար արտադրություն սկսել եւ լիներ իր խոստումի տերը:

 

Yerkir.am-ը մի քանի օր փորձեց կապ հաստատել «Վանաձոր-Քիմպրոմ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովի հետ, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր զանգերին: Yerkir.am-ի աղբյուրները հայտնեցին, որ նախօրեին Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հարց էր բարձրացրել նաեւ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի վերաբերյալ եւ հարցրել քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանից, թե նա տեղյա՞կ է` կարբամիդի արտադրությունը սկսե՞լ են, թե՞ ոչ, նաեւ հավելել է, որ նախարար Արմեն Մովսիսյանն իրեն հայտնել է, որ գործարանը կարբամիդ արտադրում է: «Եթե այդպես է` դա ուրախալի լուր է, բայց մի հատ տեսեք, եթե դա այդպես է` իրենք պետք է իրենց 22 մլն դրամի հարցը լուծեն, եթե չլուծեն, մենք սնանկացման կտանք»:

 

Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնից Yerkir.am-ին հայտնեցին, որ արդեն իսկ «Վանաձոր- Քիմպրոմը» վճարել է իրենց 10 մլն դրամ` որպես հողի հարկը, իսկ 12 մլն գույքահարկը դեռ չի վճարել: «Կարծում ենք, որ ամեն ինչ անում են, որպեսզի 12 մլն էլ վճարեն: Իսկ, եթե չվճարեն, այդ դեպքում հունվարից մենք այդ գործը կուղարկենք դատարան, որպեսզի դատարանի միջոցով հարցը լուծում ստանա»,- ասացին բաժնից:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` հավանականությունը մեծ է, որ 2013թ.-ին «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչվի, իսկ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, նաեւ հողօգտագործողների ուրախությունը հօդս ցնդեն: Իսկ մի քանի ներկրող կազմակերպություններ, դրանից ոգեւորված, նորից կսկսեն պարարտանյութի շուկան լցնել վրացական, իրանական պարարտանյութերով:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ