Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որքան էլ մենք սովոր լինենք անընդմեջ լսել սիրտ ու միտք ալեկոծող դեպքերի մասին, այդուհանդերձ, անհավատալի է, որ այլևս մեզ հետ չէ Վրեժ Իսրայելյանը: «Վախճանվել», «մահացել» բառերը չեն դրվում նրա անվան վրա, որքան էլ մեր լեզուն ու գրիչը ջանան դա անել:
Վրեժ Իսրայելյան նշանակում է կենդանի կյանք, թարմ մտածողություն, անհրաժեշտ, սթափ, անկաշառ հայացք ամենքի և ամեն ինչի վրա, խիզախ թռիչք մեր ժողովրդի պարտությունների ու հաղթանակների երկինքներով, նշանակում է հայոց բանակի արժանապատիվ սպայի կերպար… Սրանց հետ մահը գործ չունի: Վրեժ Իսրայելյանը գրող էր, լրագրող էր: Նա իր ողջ կյանքով, գրականությամբ, իր տենչերով ու խռովքներով անվերջ Հայաստան փնտրող մարդ էր:
Նրա իդեալը զորավար Անդրանիկն էր, շիտակության և վեհանձնության խորհրդանիշը: Վրեժ Իսրայելյանը այն բացառիկներից էր, որ Հայաստանի անկախությունը ընդունեց Ստալինյան աքսորից վերադարձող իր Սաղաթել հոր նման: Ու իրեն զգաց նրա զավակը: Սպարապետ Վ. Սարգսյանի հորդորով հագավ զինվորականի համազգեստ ու միշտ բարձր պահեց այդ համազգեստի պատիվը ամենուր` թե «Հայ զինվոր» պաշտոնաթերթը խմբագրելիս, թե գլխավորելիս ՊՆ լրատվության ու քարոզչության վարչությունը:
Վրեժ Իսրայելյանը բանակի գնդապետ էր, 1993 թվականից կանգնած էր մեր երազների մանկան` հայոց բանակի խանձարուրի մոտ մինչև 2009 թվականը, երբ անցավ վաստակած հանգստի: Սակայն հանգիստը նրա համար չէր, նա չդարձավ կյանքի ռիթմերին անհաղորդ մի թոշակառու: Վրեժ Իսրայելյանը գրեց ու հրատարակեց սքանչելի պատմվածքներ, որոնց հերոսները մեր բարդ կյանքի հակասությունների մեջ իրենց դրսևորում էին հենց իր` հեղինակի նման խիզախ և ճշմարտացի կեցվածքով` հացին հաց ասող և մղեղին` մղեղ:
Վրեժ Իսրայելյանը երիտասարդ տարիքում պատմվածքներ էր գրում ուժեղ մարդկանց մասին` լինի էրգիրը կորցրած մխացող հոգի, գյուղացի մտավորական, թե նոր աչք բացած պատանի: Հասուն տարիքում դարձյալ նրա պաշտամունքը ուժն է և ուժի բարոյականությունը: Նրա հերոսները ճիշտ են ընդվզում, ճիշտ են ապտակում, ճիշտ են տառապում: Նրանք, կարելի է ասել, երկիր պահող կերպարներ են, որոնց հետ վստահաբար կարելի է ելնել թշնամու դեմ: ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատել գնդապետ Իսրայելյանին` արժանացնելով նրան բազմաթիվ մեդալների ու մեծարումների:
Բարձր է գնահատվել նաև գրող Վրեժ Իսրայելյանի վաստակը` բերելով նրան տարբեր գրական մրցանակներ: Սակայն ամենաշողշողուն մրցանակը Վրեժ Իսրայելյանի` մարդ-գրող-զինվորականի անկրկնելի կերպարն է, որին բացառիկ թովչանք է հաղորդում սիրող ամուսնու, գթառատ հոր և կարոտյալ պապիկի նվիրական շնորհը: Վրեժ Իսրայելյանի գրական ու մարդկային տաղանդը յուրահատուկ հրապույրով ճառագում էր նրա կենդանության օրոք: Կճառագի նաև հետո նրա բարձրարվեստ գրքերից, ընկերների ու հարազատների լուսաշող հուշերից:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայություն