կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-20 15:12
Քաղաքական

Միայն պայքարող ազգին է հաջողվում ապրել ու զարգանալ

Միայն պայքարող ազգին է հաջողվում ապրել ու զարգանալ

Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պետք է տանել երեք հիմնական սկզբունքներով` կանխարգելում, բացահայտում ու պատասխանատվություն. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

Նա, մասնավորապես, նշեց, որ հակակոռուպցիոն կամ կոռուպցիայի մասին առանձին օրենք չունենք: ՀՀ քրեական օրենսգիրքը չի քրեականացնում նաեւ այն երեւույթը, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա իր հայտարարագրած գումարների մասին հիմնավորումներ չի ներկայացնում:

 

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին ընտրակաշառք բաժանել-չբաժանելու հարցերին եւ քաղաքական համակարգի կոռուպցիոն դրսեւորումներին` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ընտրակեղծիքները կախված կլինեն նրանից, թե ընտրացուցակները ինչքանով ուռճացված կլինեն, վարչական ռեսուրսն ինչքանով է օգտագործվելու, սոցիոլոգիական հարցումներն ինչ արդյունք կարձանագրեն իշխանությունների համար իրականում:

 

«Այս ամենը կգումարվեն իրար, եւ պարզ կլինի` ընտրակաշառքներ կլինե՞ն, թե՞ ոչ, ու որքան կլինի այն»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

 

Ընտրական գործընթացներում երեւակվող կոռուպցիոն դրսեւորումներին անդրադարձավ նաեւ Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ ՀՀ մարզերից արդեն ահազանգեր կան, որ նախագահական ընտրությունների եռուզեռն արդեն սկսվել է, ու ընտրակաշառքի չափի մասին արդեն շրջանառվում են 20 հազար դրամի մասին խոսակցությունները:

 

«Բայց կոռուպցիան այլ է` համակարգն օգտագործելը, ժողովրդին պատկանող իշխանությունը ընտրակեղծիքների համար ծառայեցնելը եւ այլն»,- նշեց Սաֆարյանը եւ թվարկեց թիվ 1 ընտրատարածքում իր արձանագրած կոռուպցիոն երեւույթները:

 

Ինչ վերաբերում է ընտրակաշառք վերցնելու հանգամանքին, ապա Արծվիկ Մինասյանը զերծ մնաց այդ տեսակետից կանխատեսում անելուց` այն համարելով անշնորհակալ գործ, մանավանդ որ չկա վերլուծություն, թե որն է դրդապատճառը: Նա կարծիք հայտնեց, որ, հակակոռուպցիոն պայքարի առումով, եթե հասարակությունը չսպասի նախընտրական շրջանում կաշառքների, դա կլինի ամենամեծ ձեռքբերումը:  «Միայն պայքարող ազգին է հաջողվում ապրել ու զարգանալ»,- նշեց Մինասյանը: