կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2012-12-18 13:30
Իրավական

Երբ չեն հարմարվում ''քցողների'' երկրում

Երբ չեն հարմարվում ''քցողների'' երկրում

Մի ամերիկահայ գիտեի, կատակում էր. «Գնացի ԱՄՆ, մտածեցի ինձ «քցեմ» Հայաստան, էն էլ եկա էստեղ' ինձ «քցեցին»: 

 

«Քցել» բառին հարմար հոմանիշ չգտա, բացի այդ` մեր առօրյա խոսակցականում վաղուց այն իր ուրույն տեղն է գրավել և դեռ երկար ժամանակ իր «դերակատարումը» կունենա միամիտների կյանքում: Մեզնից շատերն, անշուշտ, առնչվել են այդ երեւույթին` եթե ոչ իրենց, ապա բարեկամի կամ ծանոթի օրինակով և վաղուց  ընտելացել դրան:  Սակայն դրան չեն կարողանում կամ չեն ցանկանում հարմարվել մեր սփյուռքահայ բարեկամները:

 

Գաղտնիք չէ, որ մեր երկրում սփյուռքահայ ներդրողների իրավունքները պաշտպանված չեն: Դա են վկայում  դատարաններում առկա նմանօրինակ գործերի քննությունները: Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում որոշ սփյուռքահայ ներդրողներ սկսեցին բարձրաձայնել իրենց խախտված իրավունքների մասին: Ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի եւ ոչ միայն նրա շահերի պաշտպանության համար ստեղծվեց  «Սփյուռքահայ ներդրողների պաշտպանության կենտրոն» հիմնադրամը, որի նպատակն է իր շուրջը համախմբել այն  սփյուռքահայ ներդրողներին, որոնց իրավունքները ոտնահարվել են: Որքան էլ ցավալի է, մեկ տարվա ընթացքում հիմնադրամի շահառուների թիվը անցել է 100-ից:

 

Հիմնադրամի նախաձեռնողներից ՀՀ փաստաբանների պալատի խորդրդի անդամ, «Արնի լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակի նախագահ Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` ինքն ամեն օր տասնյակից ավելի նամակներ է ստանում սփյուռքահայերից: Նա ցավով է փաստում, որ հիմնադրամի գործունեությունը պայմանավորված է  ոչ թե սփյուռքահայերի ներդրումների, այլ նրանց խախտված իրավունքների պաշտպանությամբ:

 

Համաձայն  միջազգային պայմանագրերի` օտարերկրյա ներդրողները, որոնց իրավունքները ՀՀ-ում ոտնահարվել են, կարող են հայց ներկայացնել  միջազգային  դատարաններ կամ դիմել ներդրումների պաշտպանության կենտրոն, որը գտնվում է Վաշինգտոնում: Մինչ այժմ հայտնի է միայն մեկ նման դատական գործընթաց, որը շահել է սփյուռքահայ ներդրողը: Այս գործընթացը շատ ավելի հեշտ է, քան մեր երկրի դատական ատյանների քաշքշուկները, սակայն սփյուռքահայ ներդրողները չեն դիմում այդ քայլին միայն մի բանի համար` չեն ուզում խայտառակ անել Հայաստանի անունը: Սակայն մեր երկրում առկա ամենաթողությունը կստիպի շատերին դա անել:

 

Օրինակ` գարծարար Էդմոն Խուդյանի հիմնադրած և նրա «գործընկերների» ջանքերի շնորհիվ  կանխամտածված սնանկության տարված «Արին կապիտալ» ներդրումային ընկերության վերաբերյալ ՊԵԿ-ում հարուցված քրգործն արդեն շուրջ 1 տարի 7 ամիս է` շարունակվում է, սակայն առ այսօր ո'չ տուժողներ կան, ո'չ կասկածյալներ, ո'չ էլ մեղադրյալներ: Մինչ վերջերս ամերիկահայ գործարարը ցանկանում էր մեր երկրում լուծել իր խնդիրները, սակայն «հասցրին» նրան, որ մտադրվել է գործը տեղափոխել ԱՄՆ:

 

Նման ցանկություն է հայտնել նաև կադաստրի  գրչի մեկ հարվածով սեփականազրկված գործարար Ներսես Եսփանոսյանը: «Սպիտակ ափ» ՓԲԸ-ի սեփականատեր ամերիկահայ ներդրողը լուրջ ներդրումներ է կատարել Հայաստանում՝ Սևանա լճի հարակից տարածքում, մասնավորապես՝ ձեռք է բերել և ամբողջությամբ վերակառուցել պանսիոնատի հին շինությունը, սակայն  անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումը՝ առանց կողմին տեղյակ պահելու, փոխել է հողատարածքի տիրապետման ձևը՝ սեփականությունը վերածելով վարձակալության: Այդ մասին սփյուռքահայ գործարարն իմացել է միայն դատարանում, որտեղ իրեն «անակնկալ են մատուցել»՝ պահանջելով վերակնքել վարձակալության պայմանագիրը: Կադաստրի կողմից սեփականության վկայականում կատարված «ուղղման» որոշումը անվավեր ճանաչելու հայցապահանջը Վարչական դատարանում և վերադաս ատյաններում մերժվել է, այսինքն՝ սպառվել են կադաստրի ապօրինությունները բողոքարկելու ներպետական հնարավորությունները:

 

Բնականաբար, այս «նպաստավոր» պայմաններում սփյուռքահայ ներդրողն այլևս հայրենիք չի վերադառնա, ուր մնաց` այստեղ ներդրում կատարի:

 

Իսկ ո՞րն է, ի վերջո, Սփյուռքի նախարարության դերը: Համագործակցելով «Սփյուռքահայ ներդրողների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի հետ`  նախարարությունը սփյուռքահայ  ներդրողներին իրավաբանական օգնություն է առաջարկում: Հարգելինե'րս, մենք վաղուց նման գործառույթ իրականացնող մարմին ունենք. պետությունը մեծ գումարներ է հատկացնում Հանրային պաշտպանի գրասենյակին, որպեսզի վերջինս անվճար  իրավաբանական օգնություն տրամադրի ՀՀ-ում ժամանակավոր ապաստան գտած սփյուռքահայերին: Երևի մեր նախարարության հնարավորությունն էլ այսքանն  է: Մեղադրելու չէ` մարդիկ զբաղված են հայանպաստ ծրագրերի իրականացմամբ: Օրինակ` «Արի տուն» ծրագիրը, որն այսուհետ որոշ սփյուռքահայեր անվանում են «Արի կլպեմ», հաճախորդներ է ապահովում հայաստանյան «քցողների» համար:  

 

Սակայն, վերջիվերջո  ազատ տարածքներն էլ կսպառվեն, ներդրումներն էլ: Իսկ առայժմ, հարգելի' սփյուռքահայ ներդրողներ, սովորե'ք ընտելանալ մեր երկրում առկա ամենաթողությանը: Եթե չի ստացվում` դիմեք  ձեր ներդրումների շնորհիվ կառուցված շենքերում  «բնակարաններ ստացած» բնակիչներին, գուցե նրանք հուշեն` ինչ երկրում ենք ապրում: 


Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ