կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 13:39
Քաղաքական

Կանաչ լույս` ''քցողների'' առաջ

Կանաչ լույս` ''քցողների'' առաջ

ԱԺ-ում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ծրագրի կապակցությամբ իշխանությունների արած հայտարարություններն ու մեկնաբանությունները ստիպում են մտածել, որ այս նախագիծն ուղղակի առնչություն ունի վերջերս ծագած օֆշորային սկանդալի հետ։

 

ՀԱԿ պատգամավորը նախ ասաց, որ Ռուբեն Վարդանյանը, լինելով հեղինակավոր գործարար, ծրագիրը սկսելուց առաջ չէր կարող չուսումնասիրել Հայաստանի հարկային եւ մաքսային դաշտը։ Երկու տարի Դիլիջանի միջազգային դպրոցի վրա միլիոնավոր դոլարների աշխատանք է իրականացվել, եւ հարկային ու մաքսային արտոնություն տրամադրելը երբեք նախապայման չի եղել ծրագրի իրականացման համար։

 

«Ի՞նչն է փոխվել։ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ոմն գործարար Աշոտ Սուքիասյանը 10 մլն դոլար է գցել Ռ․Վարդանյանին պատկանող «Ամերիա» բանկին։ Ռ․Վարդանյանն ինչպես «Ամերիա» բանկի խորհրդի նախագահն է, այնպես էլ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի նախաձեռնողը։ Ուստի այս նախագիծը քննարկվում է կոռուպցիոն սկանդալի ուժով։ Իշխանություններն ամեն անգամ Ռ․Վարդանյանին հավաստիացրել են, որ վարկը կփակվի, փողը կվերադարձվի, բայց գործարարի համբերության բաժակը լցվել է մայիսի 29-ին, երբ «Հետք»-ում հրապարակվեցին հայտնի սկանդալի մանրամասները։ Դա ապացույցն է այն բանի, որ ոչ միայն գցել են բանկին, այլև հենց Ռուբեն Վարդանյանին։ «Հետքի» հրապարակումից հետո իրադարձությունները զարգանում են սուպերարագությամբ։ Հրապարակումից հետո Սերժ Սարգսյանն այցելում է Դիլիջանի միջազգային դպրոց, հանդիպում Ռուբեն Վարդանյանի հետ։ Նույն օրը կառավարությունն իր նիստում սույն օրենքի նախագիծը համարում է անհետաձգելի։ Հունիսի 10-ի ԱԺ նիստում որոշում է կայացվում օրենքի նախագիծը քննել հատուկ ընթացակարգով»,- հայտարարեց Փաշինյանը։

 

ՀԱԿ պատգամավորն ասաց, որ իր համակրանքը գործարար Ռուբեն Վարդանյանի կողմն է, բայց ինքը չի ուզում, որ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ և Նավասարդ Կճոյանի օրհնությամբ գցված փողերի համար պատասխան տա ՀՀ քաղաքացին։ Ըստ նրա` եթե Ռ․Վարդանյանին թվում է, որ այս նախագծով ինքը երաշխիքներ է ստանում, որ իրեն ավելի մեծ չափով չեն «քցի», ապա սխալվում է։ Փաշինյանը կարծում է, որ իշխանությունը փորձում է Ռ․Վարդանյանի սիրտը շահել, որովհետեւ վերջինս ունի լուրջ միջազգային հեղինակություն եւ կապեր։ «Իշխանությունը հասկացել է, որ այս հարցն արագ չլուծելու դեպքում օֆշորային սկանդալը վերածվելու է միջազգային սկանդալի: Նման օրենքի ընդունումն անթույլատրելի է, քանի որ այն ընդունելով՝ կանաչ լույս է վառվում «քցողների» առաջ»,- հայտարարեց պատգամավորը: