կարևոր
2524 դիտում, 11 ամիս առաջ - 2023-10-25 18:35
Հասարակություն

Արցախցիները երբեք անտուն, անհայրենիք չեն եղել, գաղթականի կարգավիճակ չեն ունեցել եւ երջանիկ ապրում էին իրենց երկրում. Գերասիմ Վարդանյան

Արցախցիները երբեք անտուն, անհայրենիք չեն եղել, գաղթականի կարգավիճակ չեն ունեցել եւ երջանիկ ապրում էին իրենց երկրում. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին ասաց. «Ինչ տեղի է ունենում արցախցիների հետ եւ ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչության դիմաց, Նիկոլի եւ նրա արբանյակների կողմից կազմակերպված հերթական պառակտման տանող գործողությունը, հայ ժողովրդի դիմադրողականությանը հերթական հարվածն է, որպեսզի որքան հնարավոր է թուլացնեն, ծնկի բերեն ժողովրդին, ինչպես Արցախի դարպասները բացեցին թշնամու առաջ, նույն վիճակին հասցնեն Հայաստանը եւ հայությանը:

Իսկ այն, որ ինչ-որ քպական պատգամավորներ ասում են, թե հիմա ավելի շատ բան են անում արցախցիների համար, արցախցիները երբեք անտուն, անհայրենիք չեն եղել, գաղթականի կարգավիճակ չեն ունեցել, որպեսզի պետությունը ինչ-որ բան ունենար անելու արցախցիների համար: Պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ստանձնել էր Արցախի անվտանգության երաշխավորի դերակատարությունը եւ այն պահպանում ու անում էր 30 տարի, մինչեւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սրանց իշխանության գալը: Արցախը հանձնելուց, արցախցիներին գաղթական դարձնելուց եւ այդ ամենին հանցակից լինելուց հետո, հիմա իբր բան են անո՞ւմ: Արցախցիները տուն, պետություն, պետականություն ունեին եւ իրենց հայրենիքում երջանիկ ապրում էին: Պետք չէր նրանց դարձնել գաղթական եւ գաղթականի համար գրոշներ արժեցող ինչ-որ բաներ անել եւ դա վաճառել արցախցիների վրա»:

Ինչ վերաբերում է իշխանությունների՝ հիմա ավելի քան միասնական լինելու հրամայականի մասին կոչերին, Գերասիմ Վարդանյանը պարզաբանեց. «Ինչո՞ւմ միասնական լինենք: Միասնական լինենք այն հարցում, երբ մեկ օր, 24 ժամ քո ժողովուրդը պաշտպանության բանակի գլխավորությամբ անհավասար պայքար է մղում, դիմադրում է թշնամուն, իսկ քո բանակը բարձր դիրքերում կանգնած հետեւում է, թե ոնց են կոտորում, բռնաբարում քո հայրենակիցներին ու մի փամփուշտ չի կրակում, այստե՞ղ միասնական լինենք ու իրենց պես կողքից անտարբեր նայե՞նք: Այդ տեսակի, այդ քաղաքական գիծը տանող ուժի հետ ո՞նց, որտե՞ղ կարող ենք միասնական լինել: Դա անհասկանալի է»: