կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-17 14:05
Հասարակություն

Տրոլեյբուսի մշտական ուղևորը

Տրոլեյբուսի մշտական ուղևորը

79-ամյա Ռոզա Համբարձումյանին ձմռան երեք ամիսներին կարելի է տեսնել ցանկացած համարի տրոլեյբուսում: «Հենց ձմեռը գալիս ա, վերջ` տրոլեյբուսից տուն գնացող չկա: Տրոլեյբուսն ավելի տաք ա, քան տունը, որը չի տաքացվում»,- ասաց Ռոզա տատը` նշելով, որ ձմռանը իր բնակարանում ցրտից սառչում է, ձեռքերը ցրտահարվում են, այդ իսկ պատճառով էլ ընտրել է տրոլեյբուսով քաղաքով մեկ շրջելը:

 

Ամսական 13500 դրամ թոշակ է ստանում, չգիտի` այդ գումարով բնակարանի վարձ վճարի՞, թե՞ տունը տաքացնի. «10000 դրամ տան վարձ եմ տալիս, մնացածով էլ յոլա եմ գնում»:

 

Ինչպես Ռոզա տատն է ասում, բոլոր վարորդները իրեն ճանաչում են, ու բախտը բերել է այնքանով, որ անվճար երթևեկելու թույլտվություն ունի, որը աչքի լույսի նման պահում է: «Մեր երկրում ինձ նման միայնակ թոշակառուները կիսասոված են ապրում, օրը մեկ անգամ են սնվում` ծերերի համար նախատեսված անվճար ճաշարանում»,- ասաց տատիկը` հավելելով, որ վերջին անգամ չի էլ հիշում, թե երբ է նոր տարվա պատրաստություն տեսել. «Հարևաններս խղճալով մի կտոր իրենց սեղանից բաժին են հանում»:

 

Ըստ Ռոզա տատի` ինքը բոմժերից մի բանով է տարբերվում, որ շորերը միշտ մաքուր են. «Հարյուր տարվա ձմեռային վերարկու ունեմ, ափսոս կոշիկները երկար չեն դիմանում, բայց հողաթափերով էլ վատ չի»:

 

Աննա Մաթևոսյան