կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-14 12:02
Առանց Կատեգորիա

Ձեզ էս կյանքից տրակտորը մնաց, մեզ` ջարդոնը

Ձեզ էս կյանքից տրակտորը մնաց, մեզ` ջարդոնը

Հայաստանում գործող 8 տասնյակ կուսակցությունների ճնշող մեծամասնությունը անձ-կուսակցություններ են: Հավանաբար, բացի ավանդական երեք կուսակցություններից, մնացածը մտնում են այդ բնորոշման տակ, չնչին բացառություններով, եթե իհարկե, կլինեն այդպիսիները: Անձը ստեղծում է քաղաքական միավոր` սեփական կամ խմբակային շահերի սպասարկման համար, դառնում է այդ միավորի աստվածը, բայց իր չգոյության կամ կիսագոյության պայմաններում քաղաքական միավորը դառնում է օգտագործմանը ոչ պիտանի: Այդ միավորները սովորաբար ստեղծվում են զուտ ընտրությունների համար, դառնում են իշխանական սայլի կցորդ ու սպասում իրենց բարիքներին: Այստեղ ժողովրդի շահ, հասարակության շահ, հավաքական գիտակցում արտահայտությունները զուտ ճաշից հետո դեսերտ են, իրենց հիմնական նպատակը ինչ-որ հարցեր լուծելն է` նեղ շրջանակի համար եւ գլխավորապես` իշխանության կողքին, կամ երբ իշխանությանը հարմար է արհեստածին գաղափարներ տարածել` իշխանության կուլիսներում:

 

Գագիկ Ծառուկյանը որոշել է չառաջադրվել: Լավ է արել, եթե մարդը չի ուզում, հո չե՞ս ստիպելու: Ի վերջո, ընդամենը երկու օր առաջ աշխարհը նշում էր մարդու իրավունքների միջազգային օրը: Էդ մարդն էլ ունի իրավունքներ: Բայց հարցն այն է, որ Ծառուկյանը չի ուզում ոչ միայն իրեն, այլ իր խմբավորումից որեւէ մեկին առաջադրել: Հիշում ենք, թե ԲՀԿ-ական պատգամավորները, հատկապես` Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը ինչպես էին առանց շունչ քաշելու հայտարարում, որ ԲՀԿ-ն ունի մեծ կշիռ, որ ե'ւ իրենց, ե'ւ իրենց կուսակցության բոլոր ներկայացուցիչների ցանկությունն է` ունենալ սեփական թեկնածու, եւ այդ թեկնածուն պետք է լինի Ծառուկյանը, որովհետեւ հարիր չէ հասարակության վստահությանն արժանացած երկրորդ ուժին չունենալ թեկնածու, դա սխալ կհասկանան թե' ներսում, թե' դրսում: Ու հանկարծ խմբավորման ղեկավարն ասում է, որ չի առաջադրվում... Այ այստեղ էր, որ պետք էր խոսելուց առաջ շունչ քաշել, ասում են` չես խեղդվի:

 

ԲՀԿ քաղաքական խորհրդի ու խմբակցության համատեղ նիստի մասնակիցներից եւ ոչ մեկը համարձակություն չի ունեցել ասելու` պարո'ն Ծառուկյան, մենք էլ կարծիք ունենք: Ախր ո՞նց ասեն, բա որ ջղայնանա, իսկ ե՞րբ է նրանց կարծիքը հետաքրքրել շեֆին: Թքած, ինչո՞ւ պետք է դուք կարծիք ունենաք` որ...: Դուք ընդամենը պետք է սրտի թրթիռով սպասեք, թե երբ մի թթու խոսք կասեն շեֆին, որ ցույց տաք ձեր հայհոյելու ունակությունները, խորհուրդ տաք, թե ով իրավունք ունի խորհուրդ տալ շեֆին: Որովհետեւ եթե վաղը Ծառուկյանը որոշի չհովանավորել ԲՀԿ-ն, մյուս օրը ԲՀԿ-ում կմնա միայն հավատավոր մի քանի կուսակցական, այն էլ` շարքերում, ոչ` վերեւներում: Թեեւ շարքերն էլ շատերը համալրել են` հույս ունենալով մի քանի բան կտցել շեֆի բաժանած օգնությունից:

 

Մամուլն անդրադարձել է, թե ինչպես ԲՀԿ-ական տեղական բդեշխները գյուղին օգնություն տված տրակտորով միայն սեփական բոստանն են վարում, իսկ մնացած դեպքում գույքը պահում փակի տակ: Դա առավելագույնն է, որ կարողացել են «քերել»: Եթե վաղը շեֆը հրաժարվի կուսակցությոնից, էդ տրակտորը միակ հուշն է մնալու:

 

Բայց թողնենք տրակտորն իր վար ու ցանքն անի եւ վերադառնանք կուսակցական բոստանին: Ինչպես նշեցինք, միակ զարմանալի բանը մեզ համար այն է, որ կուսակցության ղեկավարը դեմ է, որ որեւէ այլ անդամ առաջադրվի, եւ ռիսկ չեն անում հակադարձել: Կուսակցության պատգամավորները տեսնում են, որ ԲՀԿ-ն գնում է ֆիասկոյի, այլեւս քաղաքական ինքնուրույնությունը կորցնում է, սակայն ոչինչ չեն ասում: Այսինքն` նրանց էլ հետաքրքրում են մեծ տրակտորները...

 

Անկախության տարիներին գործարանները թալանվում էին ու մասնավորեցվում, հետո ձեռնարկատերը թանկարժեք տեխնիկան, իր հերթին, որպես մետաղի ջարդոն արտահանում էր: ԲՀԿ-ն էլ Ծառուկյանի գործարանն է` բազմակի արտադրության պոտենցիալով, երբ ուզի` կարտադրի ջահել պատգամավորներ, ովքեր, քաղաքական բառապաշար չունենալով, կսկսեն աջ ու ձախ անձնական վիրավորանքներ տեղալ, երբ ուզի` կարտադրի թեկնածու, երբ ուզի` որպես ջարդոն այդ թեկնածուին կարտահանի: Բայց արդեն այս փուլում, ինչպես երեւում է, Ծառուկյանը պատրաստվում է գործարանը ջարդոնի վերածել: Կարեւորը` որ ԲՀԿ կոչվող գործարանում ջարդոն կա ` որքան ուզեք:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ