կարևոր
3253 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-05 15:23
Քաղաքական

Թե Գեղարքունիքում, թե Սյունիքում, և թե Վայոց ձորում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն. նախարար

Թե Գեղարքունիքում, թե Սյունիքում, և թե Վայոց ձորում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն. նախարար

Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով  Հայաստանի որոշ հատվածներում որոշակի խնդիրներ են առաջացել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում՝ հասկանալու, թե ինչ ծրագրեր պետք է ներդրվեն այդ համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու համար. այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի տնտեսությունը որքան վնաս է կրել՝ նկատի ունենալով, որ վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն:

«Եթե խոսենք ընդհանուր թվերի մասին, ապա ընդհանուր առևտրաշրջանառությունը սեպտեմբեր ամսին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին  էր աճել: Այս պահին մեր ունեցած տվյալներն ասում են այն մասին, որ մեծ հավանականությամբ մենք սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում չենք ունենա, կլինի մոտ 19-20 տոկոսի մակարդակում»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ հստակ ցուցանիշները կհրապարակվեն միայն  հոկտեմբերի 25-ին:

Սակայն, նախարարն ընդգծեց՝ դա չի նշանակում, թե խնդիրներ չկան:

«Թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, և թե Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Ես այցելել եմ թե Վարդենիս, Սոթք, թե Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»,-ասաց Քերոբյանը:

Տնտեսական վնասը, թեև ամբողջությամբ չի հաշվարկվել, սակայն նախարարը նշեց, որ մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է: «Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, և, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»:

Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ այսպիսով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում խնդիրներ են առաջացել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներո՞ւմ, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ դրանց չափն ընդհանուրի մեջ չնչին է: