|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ամեն տարի հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում հասարակական դիտորդների կողմից մշտադիտարկում է իրականացվում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծված հասարակական դիտորդների խումբը գործում է որպես խորհրդակցական մարմին: Դիտորդների խմբի կազմում ընդգրկված են եղել շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ:
Մշտադիտարկման արդյունքում նախարարությանը ներկայացվել է 15 առաջարկություն:
ՀՀ ԿԳ Նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արված ուսումնասիրությունը մի շարք խնդիրներ է բացահայտել, որոնց հիմնական մասը կապված են եղել շենքերի նորոգման, ջեռուցման, երեխաների կարիքներին հարմարեցված չլինելու, տրանսպորտի եւ որակյալ մասնագետների բացակայության հետ:
«Այսօր հատուկ դպրոցներում կան երեխաներ, որոնք հայտնվել են այնտեղ` սոցիալական խնդիրներից ելնելով: Այսինքն` տվյալ երեխաները չունեն որոշակի խեղում կամ հիվանդություն, այլ հաճախում են հատուկ դպրոց, որպեսզի պետությունը հոգա այդ երեխաների ոչ միայն կրթության կարիքը, այլեւ կենցաղային խնդիրները: Ընտանիք ունեցող երեխան պետք է վերադառնա ընտանիք»,- ասաց նախարարը եւ հավելեց, թե այլ հարց է, որ պետությունը պետք է ապահովի սոցիալական նվազագույն հնարավորություններ, որպեսզի ծնողը ստիպված չլինի իր երեխայի հացը եւ գիշերակացը ապահովելու համար շաբաթվա հինգ-վեց օրը նրան հանձնել հատուկ դպրոց:
Արմեն Աշոտյանի խոսքով` հատուկ դպրոցներն ի սկզբանե վտանգավոր են այն տեսանկյունից, որ երկար տարիներ փակ են եղել հասարակության առջեւ: Սակայն, ինչպես հավաստիացնում է նախարարը, մշտադիտարկման խումբը ճեղքել է այդ պատնեշները: