Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2012-12-12 11:50
Իրավական

Պետական դավաճանության գործով բողոքներ են ներկայացվել Վճռաբեկ դատարան

Պետական դավաճանության գործով բողոքներ են ներկայացվել Վճռաբեկ դատարան

Մեկ ընդհանուր գործի շրջանակներում պետական դավաճանության մեջ մեղադրվող ամբաստանյալներ Կարեն Մեհրաբյանը, Ռոմիկ Մաթևոսյանը, Կարեն Պետրոսյանը և Աշոտ Չտրկյանը դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարան: Գործը վարույթ ընդունել կամ չընդունելու որոշում չի կայացվել:

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանություն, ներկայացված մեղադրանքում և դատապարտել 14 տարվա ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ:

 

Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը նույնպես մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը մեղավոր էր ճանաչվել պետական դավաճանությանը օժանդակելու մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալներ Կարեն Պետրոսյանն ու Արթուր Ավետիքյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հանցագործության մասին չհայտնելը, և դատապարտվել մեկուկես տարվա ազատազրկման։

 

Ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը նույնպես մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։

 

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել էր անփոփոխ և մերժել վերաքննիչ բողոքները: Դրանցում ամբաստանյալները միջնորդում էին բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը՝ կարճել գործի վարույթը կամ ամբողջությամբ բեկանել դատական ակտը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության' սահմանելով նոր քննության ծավալ:

 

Ամբաստանյալներից Աշոտ Չտրկյանը բազմիցս նշել է, որ ինքն անմեղ է: Օրեր առաջ նախագահական նստավայրի առջև նստացույց իրականացնող նրա մայրը` Անահիտ Չտրկյանը ՀՀ նախագահին, վարչապետին և գլխավոր դատախազին ուղղված նամակներում խնդրել է վերանայել որդու գործը և ճանաչել նրա անմեղությունը: