կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-07 11:26
Առանց Կատեգորիա

Ռուսական մուրճի և ամերիկյան սալի ''եվրասիական'' տխուր հեռանկարը

Ռուսական մուրճի և ամերիկյան սալի ''եվրասիական'' տխուր հեռանկարը

Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցից անմիջապես հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռուսաստանի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե Ռուսաստանն ուրախությամբ կընդունի Մաքսային միությանն անդամակցելու Թուրքիայի հնարավոր ցանկությունը:

 

Դժվար է ասել` Անկարայում Պուտինն Էրդողանին արե՞լ է նման առաջարկություն, թե՞ դա զուտ Կրեմլի ցանկության արտահայտություն էր: Բայց ինքնին այդ հարցը շրջանառության մեջ դնելն արդեն պատահական չէր: Թուրքիայի միանալը միանգամից կբարձրացներ Մաքսային միության քաղաքական ու տնտեսական կշիռը: Այն զուտ հետխորհդային տարածքի ինտեգրացիոն տնտեսական պրոյեկտից կվերածվեր եվրասիականի մասշտաբի տնտեսաքաղաքական գործոնի ու կորոշակիացներ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պուտինյան տեսլականի իրագործման հեռանկարը: Այն նաև հնարավորություն կտար Եվրասիական միության գաղափարը չընկալելու որպես պուտինյան Ռուսաստանի` կայսերապաշտական նկրտումների և Խորհրդային միությունը վերկանգնելու հայեցակարգ:

 

Մոսկվան, անշուշտ, խաղում է Եվրամիության հետ Թուրքիայի ունեցած հակասությունների վրա: Նոյեմբերի 1-ին Գերմանիայում Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Եվրամիությունը կարող է կորցնել Թուրքիան, եթե մինչև 2023 թվականը ԵՄ-ին իր երկրի անդամակցության հարցը չորոշվի: Անկարային արդեն հոգնեցրել են Բրյուսելի հետ անդամակցության շուրջ ընթացող անպտուղ բանակցությունները, որոնք Եվրոպայի համար ավելի շատ Թուրքիային կապանքների մեջ պահելու նպատակ են հետապնդում: Ռուսաստանը, փաստորեն, Անկարային այլընտրանքային տարբերակ է առաջարկում` գուցե խաղադրույք կատարելով այն հնարավոր տարբերակի վրա, որ արևելյան ուղղությունը կարող է թե' քաղաքական, թե' տնտեսական և թե' էթնոմշակութային առումով Անկարայի համար ավելի գրավիչ լինել:

 

Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է իր հետ ստանձնել նոր Եվրասիական տարածաշրջանի «քարտեզագրման» գործընթացը և իր հետ կիսել դոմինանտությունը այդ նոր աշխարհաքաղաքական համակարգում: Սա իսկապես շանս է Թուրքիայի համար, բայց ոչ բուն Եվրասիական տարածաշրջանում նոր դերակատարություն ստանձնելու իմաստով, որովհետև Թուրքիան չափից դուրս հասուն է` նման եթերային ծրագրերով տարվելու համար: Անկարայի համար սա շանս է հենց ԵՄ-ին հետ հարաբերությունների վրա ազդեցության նոր գործիք ձեռք բերելու և բանակցային դիրքրերն ամրապնդելու տեսանկյունից: Գուցե դա է պատճառը, որ Անկարան դեռևս որևէ մակարդակով չի արձագանքել Կրեմլի այս առավել քան թափանցիկ առաջարկ-ակնարկին:

 

Ըստ ամենայնի, թուրքերն սպասում են դրան Արևմուտքի արձագանքին: Եվ Արևմուտքն այդ արձագանքը չուշացրեց: Երեկ Դուբլինում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտողար Հիլարի Քլինթընը հայտարարեց. «Գոյություն ունի շարժում դեպի տարածաշրջանի խորհրդայնացում: Իհարկե, գործընթացը հենց այսպես չի կոչվի: Դրա անունը կարող է լինել «Մաքսային միություն» կամ «Եվրասիական միություն» և այլն: Մոլորության մեջ չընկնենք: Մենք գիտենք ինչն է նպատակը, և մենք փորձում ենք մշակել արդյունավետ ուղիներ, թե ինչպես դանդաղեցնել կամ կանխել այս գործընթացը»:

 

Ուշագրավն այն է, որ Եվրասիական միության ստեղծման գաղափարը Պուտինը շրջանառության մեջ է դրել գրեթե 2 տարի առաջ: Այդ ընթացքում Արևմուտքի աչքի առաջ Մոսկվան խորքային կոնսուլտացիաներ է անցկացնում միության պոտենցիալ անդամ երկրների հետ: Բայց Արևմուտքից դրան անդրադառնալու անհրաժեշտություն տեսան միայն Պուտինի` Թուրքիա այցելությունից և Կրեմլից հնչած այս առաջարկությունից հետո: Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն սկսել է լուրջ վերաբերվել այս պրոյեկտը կյանքի կոչելու` Կրեմլի ջանքերին: Բայց մյուս կողմից` հստակ ուրվագծվում է, որ ի հայտ է գալիս Ռուսաստան-Արևմուտք հակամարտության նոր ճակատ, որը չի կարող Թուրքիային չանհանգստացնել: Խնդիրն այն է, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և որպես այդպիսին` կազմում է եվրոպական անվտանգության համակարգի մի մասը: Նրա կողմից Եվրասիական միության գաղափարով տարվելը հենց այս նոր առճակատման համատեքստում չի կարող չազդել այդ երկրի նկատմամբ նրա արևմտյան գործընկերների վերաբերմունքի վրա: Եվ Անկարան պարզ է` զգույշ է լինելու:

 

Մինչդեռ Քլինթոնի հայտարարությունը պետք է շատ ավելի անհանգստացնի Հայաստանին: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը փորձում է ցանկացած գնով Հայաստանին մղել դեպի վիրտուալ Եվրասիական միություն: Անգամ Անկարային Միությանը միանալու առաջակով նա ուղղակի թե անուղղակի այս ուղղությամբ ճնշում է գործադրում Երևանի վրա: Վերջինս ամեն կերպ փորձում է խուսանավել այդ միությանը միանալու կամ հրաժարվելու` Մոսկվայի կողմից դրվող հստակ երկընտրանքից` կառչելով թույլ ու հեղհեղուկ այն գաղափարից, որը «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բանաձևեց հետևյալ կերպ. «Մենք հանդես ենք գալիս ոչ թե ինտեգրացիոն գործընթացները հակադրելու, այլ դրանք ներդաշնակեցնելու օգտին»:

 

Սա ժամանակավոր փրկօղակ է, որովհետև այն ակնհայտորեն չի բավարարում Մոսկվային և վերջինս շարունակում է սեղմել օղակը: Բայց Երևանի որոշակի համառությունը ցույց է տալիս, որ մանևրելու քիչ թե շատ տարածք Երևանը դեռ ունի: Բայց եթե ԱՄՆ-ն իսկապես որդեգրի այդ միության ստեղծումը տապալելուն ուղղված քաղաքականություն, Երևանը կարող է կորցնել այդ «տարածքը»: Որովհետև եթե մինչև հիմա ճնշումները գալիս էին միայն Մոսկվայից, ապա այդ դեպքում դրանք սկսելու են գալ նաև Բրյուսելից ու ԱՄՆ-ից: Եվ Հայաստանը հայտնվելու է ոչ թե մեկ, այլ միանգամից երկու հակադիր բևեռներին իր կողմնորոշումը հստակեցնելու պարտադրանքի առջև: Եվ հարց է առաջանում` արդյոք իշխանությունները տեսնում են այդ հեռանկարը և պատրաստ են նման մարտահրավերին: Դրա նախաշաններն առայժմ այնքան էլ տեսանելի չեն:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ