Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Եղցահող համայնքը, բաղկացած Եղցահող (35 ընտանիք), Կանաչ Թալա (7 ընտանիք), Տասը Վերստ (3 ընտանիք, մինչ 1988 թ.՝ Ծաղկաձոր) գյուղերից, Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի հետ կազմում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը (պատմական Բերդաձոր գավառ):
Բերդաձորի ենթաշրջանը 44-օրյայից հետո (2020 թ. դեկտեմբերի կեսերին) հայտնվել էր թշնամու թիրախում: Պատերազմի ընթացքում զավթելով Հադրութի շրջանը՝ թշնամին, ձգտելով իր վերահսկողության տակ վերցնել նաև Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող վերջին երկու գյուղերը՝ Խծաբերդն ու Հին Թաղերը, դեկտեմբերի կեսերին ամրացել էր Բերդաձորի ենթաշրջանի բարձունքներում և շրջափակել Մեծ Շենից դեպի Հին Շեն տանող ճանապարհը։ Նպատակը, ըստ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի՝ Yerkir.am-ին տված մեկնաբանության, եղել է նաև Բերդաձորի հատվածից դեպի Հադրութի նշյալ գյուղեր հայկական ուժերի մուտքը կանխելը: Արդյունքում՝ վտանգվել էր նաև Եղցահող գյուղը:
Ռուսական ուժերի միջամտությամբ և գյուղացիների անկոտրում կամքի շնորհիվ, բարեբախտաբար, Բերդաձորի ենթաշրջանը թշնամին չզավթեց. այսօր այն բեկորված Արցախի հայաշունչ անկյուններից մեկն է և ռուս խաղաղարար ուժերի հետ «հսկում է» Բերձոր-Շուշի ճանապարհահատվածը:
Եղցահողի ցուցանակը, ներքին հատուկ լուսավորությամբ, երթևեկողներին ի ցույց է դնում, որ նաև Եղցահողից է սկսվելու Արցախի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացը:
Հիշեցնենք, որ 44-օրյայի արդյունքում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի 9 բնակավայրերից բռնազավթված և այսօր թշնամու վերահսկողության տակ է գտնվում 3 բնակավայր (Քիրսավանը, Քարին տակը և շրջկենտրոնը՝ բերդաքաղաք Շուշին): Մի կողմից՝ Քիրսավանի, մյուս կողմից՝ Քաշաթաղի կազմում գտնվող նախկին խորհրդային Լաչինի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց հետո Բերդաձորի ենթաշրջանի գյուղախմբի գյուղերը, այդ թվում՝ Եղցահող համայնքը, հայտնվեցին թշնամու թիրախում: Այժմ գյուղերում ապրող հայության անվտանգությունն ապահովվում է Արցախի ուժային մարմինների և ռուս խաղաղապահների համատեղ ջանքերով:
Չնայած մարտահրավերներին ու անասելի ծանր պայմաններին՝ բռնազավթված, իսկ այլ տեսակետի համաձայն՝ դավաճանաբար հանձնված բերդաքաղաք Շուշիի «որբերը»՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, կռիվ են տալիս, ապրում՝ սպասելով պատմության նոր շրջադարձերին, երբ վերստին անվտանգ ու ապահով պայմաններում կշարունակեն կերտել Արցախի այդ հոյակերտ հատվածի պատմության նոր էջը:
Մեր այցելության պահին Եղցահող համայնքի բոլոր երեխաները Ձմեռ պապիկից ստացան վերարկուներ ու այլ նվերներ։ Ծրագիրը կյանքի էր կոչվել Անահիտ Գալստյանի և Կարեն Առաքելյանի ջանքերի շնորհիվ։
Նշենք, որ Եղցահողի դպրոցը կրում է գյուղի նվիրյալ զավակ, մեծ մանկավարժ Մայոր Պետրոսյանի անունը, որն ավելի քան 35 տարի աշխատել և 28 տարի տնօրինել է Եղցահողի դպրոցը: Դպրոցի յուրաքանչյուր դասասենյակում առկա է որևէ ազատամարտիկի կամ գործչի նվիրված հուշանկյուն:
Ստորև ներկայացնում ենք Yerkir.am-ի պատրաստած տեսանյութը և ֆոտոռեպորտաժը նախաամանորյա Եղցահողից:
Վահե Սարգսյան